Նոր հետազոտության տվյալներով՝ շատ մոտ ապագայում մարտկոցներով աշխատող մեքենաներ ձեռք բերելը շատ ավելի մատչելի կլինի, քան ավանդական մեքենա գնելը։ Bloomberg.com-ը գրում է, որ դա վարորդներին խնայելու հնարավորություն կտա։ Ավտոմեքենա արտադրող ընկերությունները՝ սկսած Renault-ից մինչև Tesla, բավական երկար ժամանակ է, ինչ գովազդում են էլեկտրական մեքենաների համար օգտագործվող վառելիքի և դրանց վրա կատարվող ծախսերի մատչելիությունը:
Bloomberg-ի կողմից իրականացված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարտկոցների գների անկումը նաև կնշանակի, որ մեքենա գնելն ավելի մատչելի կդառնա ԱՄՆ-ում և Եվրոպայում մինչև 2025թ.։ Այժմ մարտկոցների արժեքը կազմում է էլեկտրական մեքենաների արժեքի մոտավորապես կեսը, և 2016-2030թթ. դրանց գինը կնվազի մոտավորապես 77 տոկոսով։ Այս մասին ասել է Լոնդոնում բնակվող հետազոտող Քոլին Մըք Քերաչերը։
Գիլ Նորմանդը, ով Renault ընկերության փոխտնօրենն է, նշել է, որ ըստ ընկերության կանխատեսումների՝ 2020թ. էլեկտրական մեքենաների ծախսերը կհավասարվեն ներքին այրման շարժիչների ծախսերին։ Ինչպես հայտնի է, այս ընկերությունը հեղինակել է Zoe էլեկտրական մեքենան։ Ավելի վաղ Նորմանդն իր հարցազրույցներից մեկում նշել էր. «Իրավիճակը բնորոշող երկու հանգամանք կա։ Մեկն այն է, որ էլեկտրական մեքենաների տեխնոլոգիաների ծախսերը կնվազեն, քանի որ տեխնոլոգիայի ոլորտում բազմաթիվ նորարարություններ կան։ Ներքին այրման շարժիչների ծախսերը կմեծանան՝ առավել խիստ կարգավորումների հետևանքով»։
Նյութը հրապարակման պատրաստեց 168am-ը