Ինչ է թաքնված ծիծաղի ետեւում
Advertisement 1000 x 90

Ինչ է թաքնված ծիծաղի ետեւում

Ասում են, ֆրանսիական էկրանի կատակերգու Լուի դը Ֆյունեսը միշտ երազել է դրամատիկ դերերի մասին: Բայց հանդիսատեսը դաժան է. երբ ընտելանում է դերասանի կերպարին, չի ուզում տեսնել նրան այլ դերերում՝ կարծես միշտ պահանջելով՝ ծիծաղեցրու ինձ: Միգուցե դա է պատճառը, որ պրոդյուսերներից ոչ ոք դը Ֆյունեսին այդ հնարավորությունը չտվեց: Արդյո՞ք դերասանները, որոնց մենք սովոր ենք տեսնել մշտապես ուրախ, անհոգ ու զվարճալի, իրականում համապատասխանում են իրենց կերպարներին: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ դերասանն Արթուր Հակոբյանից…

Նրան շատերը ճանաչում են որպես Արբի քեռի, իրականում ամենևին էլ Արբի չէ: Ասում է՝ ընտանիքում բոլորն էլ արվեստը սիրել են, բայց հայրը դեմ է եղել դերասան դառնալու իր որոշմանը: «Մինչև հիմա էլ դեմ է, ասում է՝ դու ի՞նչ դերասան, դերասան կոչվելու իրավունք ունեն Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ֆրունզե Մկրտչյանը…»… Ասել է և իր խոսքի տերն է եղել. ոչ մի անգամ չի գնացել որդուն բեմում տեսնելու: Մայրը շատ է պայքարել ամուսնու դեմ, որ որդին դառնա դերասան, բայց՝ անօգուտ… Հետագայում Արթուրի մայրը սկսել է աշխատել թատրոնում, և նա մտել է թատրոն՝ որպես բեմի բանվոր, որովհետև, ինչպես ինքն է ասում. «Թատրոնն ինձ օդի պես պետք էր»…

 

– Կա՞ մի դերասան, որի խաղով հիացած՝ որոշեցիք դառնալ դերասան:

– Ինձ համար Մհեր Մկրտչյանից՝ Ֆրունզից այն կողմ դերասան չկա: Նրան հավասարազոր է միայն Չապլինի պես մեծությունը: Եթե ասեմ, թե 4 տարեկանից հասկացել եմ, որ ուզում եմ դառնալ դերասան, սուտ կլինի: Չեմ կարող ասել, թե ինչն ազդեց դերասան դառնալու իմ որոշման վրա, բայց, որ առանց թատրոնի չէի կարողանում շնչել՝ փաստ է: Ես համաձայն էի բեմի բանվոր աշխատել, միայն թե զգայի թատրոնի հոտը: Այդպես էլ արեցի: Այն ժամանակ շատ դժվար էր թատրոն մտնելը, իսկ ես սկզբունքորեն չէի ուզում ընդունվել Թատերական ինստիտուտ, որովհետև մինչև հիմա ինձ ոչ ոք չի կարող համոզել, թե դերասանին դերասան է դարձնում ինստիտուտը, դիպլոմը: Ինստիտուտը կիրթ մարդ դառնալու հնարավորություն է տալիս, բայց դերասանին տաղանդ է պետք, ոչ թե դիպլոմ: Հետո, իհարկե, ընդունվեցի ինստիտուտ՝ միայն այն պատճառով, որ ինձ ոչ ոք չասի՝ դիպլոմ չունես: Այսօր այդ նույն կարգավիճակում տղաս է, որքան էլ չուզեմ՝ չի փոխելու դերասան դառնալու իր որոշումը: Նա մորն ասել է. «Թատրոնն առանձին հոտ ունի: Մա, դու չես պատկերացնում՝ դա ինչ բան է»:

– Ի՞նչ է նշանակում՝ որքան էլ չուզեմ, որ տղաս դերասան դառնա:

– Որովհետև դժվար է դերասանի կյանքը… Դուք տեսնում եք միայն պատրաստի արդյունքը՝ լինի դա ներկայացում թե ֆիլմ: Բացի աշխատանքի բարդությունից, այսօր դերասանի համար կա մի մեծ բայց: Ինչո՞ւ չապրել լավ, ինչո՞ւ չապրել ավելի լավ: Կյանքը մի անգամ է տրվում, և պետք է այն շատ լավ ապրել: Չեմ ասում՝ տղաս չդառնա դերասան, բայց դառնա արժեքավորված, իր քրտինքի դիմաց գնահատված դերասան: Որ բեմից դուրս գալուց հետո չնստի քիչ առաջ իրեն ծափահարած հանդիսատեսի հետ նույն երթուղայինը: Չէ՞ որ քիչ առաջ այդ նույն հանդիսատեսը համոզված էր, որ իր առաջ Լիր արքան է, Օթելլոն, Համլետը: Եվ հանկարծ մի վայրկյանում ամեն ինչ փլվում է: Դրա համար այնքան պիտի վճարեն դերասանին, որ նա և՛ տուն ունենա, և՛ մեքենա, և ոչ մի կենցաղային խնդիր չունենա, միայն մտածի իր գործի մասին: Ես այստեղ տուն չունեմ, որ ընտանիքս բերեմ Գյումրիից: Ամեն վայրկյան մտածում եմ՝ ինչ են անում տղաս, աղջիկս, կինս: Նրանց շաբաթվա մեջ մեկ օր կտեսնեմ կամ ոչ: Չեմ ուզում, որ տղաս էլ նույն ապրումներն ունենա: Եթե Աստված ինձ երկար կյանք տա, ես անպայման կօգնեմ նրան, իսկ ինձ օգնող չի եղել: Սխալ կարծիք կա, թե արվեստը աղքատության մեջ է ստեղծվում: Ի՞նչ է, լավ ապրելուց լավ արվեստ չի՞ ծնվում: Արվեստը կուշտ ժողովրդի երևույթ է: Սոված մարդուն արվեստը պետք չի: Ես գիտեմ, որ և՛ քաղաքական գործիչները, և՛ մեծահարուստները նայում են «Վերվարածները», բայց նրանցից մեկի մտքով չի անցնում՝ լավ, այս դերասանը նկարահանումից հետո ո՞ւր է գնում, գլխի վրա տանիք ունի՞, թե՞ ոչ: Բայց, այսքանով հանդերձ, քեզ զարմանալի բան կասեմ, եթե 1000 անգամ ծնվեի, 1000 անգամ էլ դերասան կդառնայի:

– Էկրանին ուրախ, զվարթ, անհոգ մարդ եք, իսկ կյանքո՞ւմ:

– Կասես, որ շատ տխուր նայեց ինձ այդ հարցից հետո: Կինս ասում է. «Քեզ պիտի թաքնված տեսախցիկով նկարենք, որ բոլորը տեսնեն՝ դրսում ինչպիսին ես, տանն՝ ինչպիսին»: Ախր կյանքում ես հեչ ուրախ մարդ չեմ: Չեմ ուզում լացկանի տպավորություն թողնել, բայց դժվարություններս շատ-շատ են:

– Կատակերգուի Ձեր ամպլուան չի՞ խանգարել լուրջ, դրամատիկ դերեր կատարելիս:

– Ես երևի այն երջանիկ դերասաններից եմ, որ դրամա, ողբերգություն խաղալիս դահլիճում ոչ մի «հի-հի-հի» չի եղել: Իսկ բեմից դուրս շատ է խանգարել: Շատ դաժան օրինակ կարող եմ բերել: Երբ իմացա, որ ընկերներիցս մեկի երեխային դժբախտ դեպք էր պատահել, այնքան էի ցնորվել, որ մեքենաս բակում կանգնած՝ ես տաքսի էի փնտրում, որ շուտ հասնեմ ընկերոջս: Այդ պահին երկու հոգի ինձ սկսեցին համոզել, որ տանեն պատիվ տան: Ես շատ կիրթ ձևով փորձեցի բացատրել, որ հիմա այդ հոգեվիճակը չի, բայց տեսնելով, որ չեն ուզում հասկանալ, իրենց հասկանալի լեզվով բացատրեցի, որ ռադները քաշեն: Մարդիկ չեն ուզում հասկանալ, որ ես էլ եմ տխրում, ինձ հետ էլ է դժբախտություն պատահում, ես էլ մենակ մնալու կարիք ունեմ: Շատերին թվում է, թե ես միայն ծիծաղելու ու ծիծաղեցնելու իրավունք ունեմ:

– Ճանաչված լինելը Ձեզ դուր չի՞ գալիս…

– Դա ինձ երբեմն խանգարում է, բայց մյուս կողմից՝ շատ հաճելի է: Չկա մեկը, ով ինձ հետ ցանկանա նկարվել կամ ինքնագիր վերցնել՝ ես մերժեմ: Եթե որևէ դերասան ասի, թե ինքը չի ուզում ճանաչված լինել, նա պարզապես խաբում է: Այլապես իմաստ չունի այս գործով զբաղվել: Չե՞ս ուզում ճանաչված լինել՝ գնա պատ շարի, հաց թխի: Հայտնիություն տալիս է միայն կինոն և հեռուստատեսությունը: Քանի որ ինձ կինո դեռ չեն հրավիրել, ինձ պետք է հեռուստատեսությունը: Ես էլ հեռուստատեսությանն եմ պետք:

– Հեռուստատեսությո՞ւնն է Ձեզ ավելի հոգեհարազատ, թե՞ թատրոնը…

– Ցանկացած նորմալ դերասան ասում է, որ թատրոնն իր աղոթքի վայրն է: Այն իմ եկեղեցին է: Թատրոնը, կենդանի մարդու հետ շփումը, 700 հոգու շնչառություն լսելն ու նրանց աչքի առաջ խաղալը լրիվ ուրիշ բան է: Մի փոքր շեղում, և՝ վերջ: Թատրոնում այսօր ես, ցավոք, չկամ, որովհետև չեմ հասցնում: Բայց միշտ հպարտությամբ ասում եմ, որ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան եմ: Երբ հասցնում եմ, գնում եմ ներկայացում նայելու: Շատ անգամ դահլիճում նստած ինքս ինձ ասում եմ՝ ի՞նչ ես երջանիկ հայացքով նստել այստեղ, դու պետք է բեմում լինեիր: Դա իմ ցավոտ կողմն է: Տարբեր թատրոններից հրավերներ եմ ստանում, բայց ժամանակ չունեմ: Առավոտյան 10-ին տանից դուրս եմ գալիս, գիշերը 2-ից հետո նոր տուն մտնում: Հեռուստացույցը միացնում եմ, երկու րոպե հետո «չկամ»:

– Ասում են՝ կա 3 տեսակի ծափահարություն. առաջինը կոչվում է. «Հերիք է, գնա», երկրորդը՝ ծափահարում են, քանի որ բոլորն են ծափահարում, և երրորդը՝ երբ դահլիճը թնդում է հուզված հանդիսատեսի ծափերից և ասում դերասանին՝ դու կայացար:

– Առաջին երկուսից, փառք Աստծո, չեմ ունեցել: Երրորդից շատ եմ ունեցել, որովհետև ամեն անգամ հանուն այդ ծափերի եմ բեմ բարձրացել և անմնացորդ տրվել բեմին ու հանդիսատեսին… «Իրկուտսկյան պատմություն» ներկայացման պրեմիերայի օրը ճանճի տզզոց չկար: Ներկայացումը ես և Անահիտ Հարությունյանը պետք է ավարտեինք, սակայն այնքան էինք վերապրել հերոսներին, որ չկարողացանք ավարտել տեսարանը` արցունքները խեղդում էին երկուսիս: Վարագույրը փակեցին, և հանդիսատեսի համար ամեն ինչ պարզ էր, իսկ կուլիսների ետևում 15 րոպե չէին կարողանում մեզ հանգստացնել… Պիտի ախմախ լինես, որ ասես՝ կայացած դերասան ես: Ի՞նչ գիտես՝ կայացա՞ծ ես, թե՞ ոչ: Եթե այսօր հաղթեցիր, դեռ չի նշանակում, որ վաղն էլ կհաղթես: Տրագեդիան ինձ ավելի հոգեհարազատ է, բայց ես հասկանում եմ, որ հեռուստադիտողն իմ մեջ միայն կատակերգուի է տեսնում: «Վերվարածներում» մի տեսարան կար, երբ տեսնում եմ, թե ինչպես է Համեստն ինձ դավաճանում: Եվ ծիծաղելի Արբին բոլորովին ուրիշ մարդ է դառնում այդ փոքրիկ տեսարանում: Այդ սերիայի ավարտից հետո հեռախոսս մի վայրկյան չի լռել: Սցենարիստը` Հարություն Ղուկասյանը, զանգել ասում է. «Կինս հուզմունքից լալիս է: Ես գիտեի, որ կարող ես յուրաքանչյուր հոգեվիճակ վերապրել, բայց որ այդ աստիճան համոզիչ, չէի պատկերացնում»: Բոլորը զարմացած էին, որ ես կարող եմ դրամա խաղալ:

– Դա Ձեզ չվիրավորե՞ց՝ որպես դերասանի:

– Իհարկե վիրավորեց, որ ինձ միայն որպես կատակերգակ են ընդունում, բայց դրա մեղավորը ես եմ: Շատ քչերն են տեսել ինձ բեմում դրամա խաղալիս: Դրա «մեղավորն», իհարկե, նաև հեռուստատեսությունն է: 400 սերիա նկարել ենք: Շշմած եմ մեր սցենարիստի մտքի վրա, ֆանտաստիկա է: Շշմած եմ բեմադրող ռեժիսորի, մեր բոլոր երեխեքի վրա: Խոնարհվում եմ բոլորի առաջ:

– Գիտեմ, որ շատ եք սիրում կարդալ դերասանների կենսագրությունները: Կա՞ մի կենսագրություն, որին կուզեիք նմանվել:

– Երբ կարդում էի Հրաչյա Ներսիսյանի կենսագրականը, ասում է՝ այնքան ամաչկոտ է եղել, որ երբ գնացել են նրա համար աղջիկ ուզելու, Ավետին են տարել ներկայացրել: Կյանքում չէի ցանկանա Ֆրունզի կենսագրությունն ունենալ: Կուզեի Ֆրունզի տաղանդը, հանճարը, բայց ոչ կենսագրությունը: Որքան էլ որ նախանձելի կենսագրություն լինի, ցանկանալ, որ այն քոնը լինի, նման է, որ ես ուզենամ հիմա Ձեր շորը հագնեմ:

– Ի՞նչ եք կարծում՝ որևէ գրողի կհետաքրքրի՞ ձեր կենսագրությունը:

– Ես կարդում եմ գիգանտ դերասանների կենսագրությունները, որոնցից յուրաքանչյուրը կարող է ֆիլմի սցենար դառնալ: Ես այդպիսին չեմ, և իմ կյանքն էլ առանձնապես հետաքրքրություն չի ներկայացնում: Բայց իմ կյանքում եղել են պահեր, որոնք ֆիլմի դրվագների պես հիշում եմ: Կա մի տեսարան իմ կյանքում, որը չեմ կարող հիշել, որովհետև դեռ 20 օրական եմ եղել: Երբ ծնվել եմ՝ 1կգ 200 գրամ քաշով, մորս ասել են՝ չի ապրի: Մայրս ասել է՝ որքան արյուն ունեմ, քաշեք, տվեք որդուս: Առաջին օրվանից խեղճ մորիցս 200 գրամ արյուն եմ խլել: 20 օր հիվանդանոցում եմ եղել՝ մորս հետ, իսկ հայրս այդ 20 օրը քեֆ էր անում ընկերների հետ. տղա է ունեցել: 20 օր հետո ընկերներն ասել են. «20 օր է՝ նշում ենք, բայց տղայիդ չտեսանք: Կարո՞ղ է՝ սուտ է»: Եվ հայրս՝ ընկերների հետ, հիվանդանոցի 2-րդ հարկից ինձ ու մորս գողանում է պատուհանից՝ «կռանով»: Մանկապարտեզ ընդամենը 3 օր եմ գնացել: Անընդհատ լալիս էի, լռում էի միայն շոկոլադ ուտելիս: Այդ երեք օրվա մեջ այնքան շոկոլադ կերա ու լաց եղա, որ ինձ ասացին՝ գնա, տղա ջան, զահլա չկա: Դպրոցում ահավոր չէի, բայց ինչ էլ որ փչանար, ջարդվեր, մեր դասարանի 6 տղաներիս տանում էին պատժելու, միայն մեզ էին կասկածում: Մայրս, քույրս, կարդալով բանակիս նամակները, մտածում էին՝ Սոչիի սանատորիայում էի ծառայում, երբ իրականում ամեն օրը հավիտենություն էր թվում: Բայց այդ օրերից յուրաքանչյուրն իմն էր՝ իր բարդություններով հանդերձ: Ինչո՞ւ ընտանիքս իմանա, որ ես վատ եմ, դա իմ խնդիրն է միայն: Ես իմ ցավը ոչ ոքի չեմ պատմի:

Քրիստինե Հակոբյան

«3 Միլիոն»

 



Նման նյութեր