Ավելորդ քաշից ազատվելն ու առողջ սնվելը, թերևս, շատերին է մտահոգում, բայց միշտ չէ, որ հաջողվում է: Tert.am Life–ի հետ զրույցում երգչուհի Լայանան պատմեց, թե ինչպես է հղիությունից հետո նիհարել 27 կգ։ Հիմա 69 կգ է կշռում։
«Հղիությունից հետո դժվարությամբ, բայց կարողացա հետ բերել իմ առաջվա քաշը։ Ես գիրանալու հակում ունեմ։ Շատ արագ գիրանում եմ, շատ արագ էլ նիհարում։ Եթե մարդն ունի այդ խնդիրը, պետք է, անպայման, հետևի իր սննդակարգին։ Հատկապես բեմի մարդիկ պետք է միշտ հետևեն իրենց կազմվածքին։ Օրինակ` ես սիրում եմ հագնել կարճ զգեստներ և միշտ ուշադիր եմ կազմվածքիս, որպեսզի ինձ լավ զգամ և մարդիկ չասեն` ինչ է հագել»,– ասաց Լայանան։
Երգչուհին նշեց, որ այդքան էլ շատակեր չէ։ «Սիրում եմ համեղ ուտեստներ և քաղցրավենիք համտեսել։ Շոկոլադ, թխվածքներ շատ եմ սիրում, բայց երբեք չեմ չարաշահում։ Պարզապես իմ օրգանիզմից է, որ արագ եմ գիրանում, դա ամոթ չէ։ Դա խնդիր է, որը ստիպում է փոխել կենսակերպդ։ Շատ ուշադիր եմ սննդակարգիս»,– նշեց նա։
Նիհարել ցանկացողներին Լայանան խորհուրդ տվեց, որ առաջին հերթին կամքի ուժ ունենան։ «Մարդը պետք է ցանկություն և կամքի ուժ ունենա նիհարելու համար։ Ճիշտ է, դիետաներից հետո որոշ ժամանակ թուլություն ես զգում, բայց պետք է հաղթահարես դա։ Քիչ–քիչ ուտել, արագ սնունդ չօգտագործել, խաղող, բանան շատ չուտել, օսլա պարունակող բաներ չուտել, ջուր շատ խմել, բայց ոչ ուտելուց հետո։ Նաև պետք չէ սովամահ լինել։ Փորձը ցույց է տվել, որ նորմալ սնվելով կարող ես անգամ նիհարել։ Ամեն ինչ կարելի է ուտել, բայց փոքր չափաբաժնով։ Նախընտրելի են շոգեխաշած ուտեստները, տապակած ուտեստներից պետք է հրաժարվել։ Յուղ կամ ձեթ պետք է քիչ քանակությամբ օգտագործել։ Խմորեղեն ևս թույլատրելի է, բայց ճիշտ ժամի։ Ամենակարևորը պետք է նիհարել աստիճանաբար։ Նախագծերից մեկի ժամանակ մեկ ամսում նիհարել եմ 10 կգ, ինչը վնասակար է օրգանիզմի համար։ Ավելի լավ է մեկ ամսում նիհարել 3–4 կգ»,– հավելեց Լայանան։
Երգչուհու խոսքով` որքան էլ դժվար է, արդյունքը հիանալի է լինում։ «Վերջերս ծովափ էիք գնացել, և ես չէի ամաչում կառուցվածքիցս, ինձ լավ էի զգում։ Բայց անկեղծ կլինեմ և կխոստովանեմ, որ այնտեղ չարաշահել եմ սնունդն և ամեն ինչից փորձել։ Կարծում եմ` կկարողանամ վերականգնել քաշս»,– ասաց նա։
Լայանան նշեց, որ երկրորդ անգամ մայրանալու ցանկություն ունի։ «Երբ երկրորդ անգամ մայրանամ, կհետևեմ սննդակարգիս, որ նորից չգիրանամ»,– եզրափակեց երգչուհին:
Ամբողջությամբ՝ life.tert.am