ՀՀ կառավարությունը թեթևացրեց փոքր և միջին բիզնեսի պետական գնումների համակարգին մասնակցելու պայմանները: Մասնավորապես` մինչև 5 մլն դրամի չափով գնումների կատարման ժամանակ չեն սահմանվում որակավորման որևէ չափանիշ, ի տարբերություն նախորդ օրենսդրության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչությանպետ Սերգեյ Շահնազարյանը:
«Նախկինում նոր ստեղծվող կամ փոքր, միջին բիզնեսը պետգնման ընթացակարգերին մասնակցելու համար պետք է ունենար համապատասխան որակավորում: Մասնավորապես` փորձառություն, ֆինանսական և տեխնիկական ռեսուրսներ, աշխատակիցներ: Նոր օրենսդրությամբ այն հանված է և մինչև 5 մլն գնումների դեպքում ազատ է թողնված դաշտը: Այն հնարավորություն է տալիս փոքր և միջին բիզնեսին սկսել պետական գնումների օրենքով նախատեսված պատվիրատուների հետ աշխատել»,- ասաց Շահնազարյանը:
Նրա խոսքով` գնման ընթացակարգին մասնակցելու պայմաններում գնումների մասին ՀՀ նոր օրենսդրությամբ կատարված փոփոխությունների արդյունքում թեթևացվել է ժամկետանց հարկային պարտքեր ունենալու պայմաններում մրցույթներին մասնակցելու խնդիրը:
«Եթե նախկին օրենսդրությամբ տնտեսավարող սուբյեկտն առանց գումարային սահմանափակման ժամկետանց հարկային պարտավորություն ունենալու դեպքում չէ ր մասնակցում գնման գործընթացին, ապա նոր օրենսդրությամբ այն փոխվել է, և նախատեսվել է, որ եթե տնտեսավարող սուբյեկտի ժամկետանց հարկային պարտքն ավելին չէ, քան իր ներկայացրած գնային առաջարկի 1 տոկոսը, բայց ոչ ավելի քան 50 հազար դրամը, ապա սուբյեկտը հնարավորություն է ստանում մասնակցելու գնման գործընթացներին: Սա ահագին կփոխի վիճակը, քանի որ իրականում կան տեխնիկական խնդիրներով պայմանավորված պարտավորություններ, որոնք չէին ֆիքսվում գնման գործընթացին մասնակիցների մոտ, ապա այժմ այդ գործընթացը, կարծես թե, վերացել է»,- ասաց Ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետը: