Art Fest 2017-ի շրջանակներում երեկ` հունիսի 16–ին, կայացավ նորաձևության ցուցադրություն։ Ցուցադրությանը մասնակցում էին մինչև 30 տարեկան մոդելավորողներ։ Փառատոնին մասնակցել են նախընտրական փուլը հաղթահարած 31 մոդելավորողներ, Մրցանակակիրները կհայտարարվեն միջոցառումների շարքի ավարտին` հունիսի 19–ին։ Ժյուրի անդամ մոդելավորող Լիլիթ Մելիքյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ մի քանի հավաքածուներ է առանձնացրել։
«Մեծ առումով ուրախ եմ, որ այսքան մասնակիցներ կան, քանի որ ավելի լավ է ինչ–որ բան անել, քան ոչինչ չանել։ Լավ բաներ կային, բայց շատ չէին։ Նրանք դեռ աճելու տեղ ունեն։ Ցուցադրությանը նոր միտք չտեսա։ Ներկայացնում էին այն, ինչ արդեն եղել է։ Կուզեմ, որ չսահմանափակվեն իրենց գիտելիքներով և շարունակեն սովորել և ամենակարևորը նոր մտքերով ներկայանան։ Ցուցադրությանը նկատեցի, որ շատ դիզայներներ, երբ իրենց հավաքածուներից հետո բարձրանում էին բեմ, շատ ինքնավստահ էին։ Կուզեմ, որ ինքնավստահությունը չխանգարի իրենց և չմեծամտանան։ Նման փառատոնները պետք է օգնեն նրանց առաջ գնալ։ Սա իրենց համար առաջին քայլն էր։ Դեռ աշխատելու շատ բան ունեն։ Խորհուրդ կտամ, որ հաճախ չներկայանան իրենց աշխատանքներով։ Թող ստվերում մնան, բայց հետո ներկայանան որակով և նոր մտքով»,– ասաց Լիլիթը։
Վերջինս նշեց, որ չի ցանկանում բացասական գնահատական տալ որևէ մեկին։ «Շատերի համար սա առաջին քայլն էր։ Չեմ ցանկանա նրանց ոգևորությունը կոտրել։ Դրա համար, հնարավոր է, մի քանի անվանակարգեր էլ ավելացնենք։ «Լավագույն կանացի հավաքածուից», «Լավագույն տղամարդու հավաքածուից» և «Լավագույն ազգային հավաքածուից» բացի, հնարավոր է, այլ անվանակարգեր էլ լինեն»,– եզրափակեց Լիլիթը։
Ամբողջությամբ՝ life.tert.am