Այս տարվա ապրիլին Հայաստանի պետական պարտքը հատեց 6 մլրդ դոլարի շեմը, որից 4.852 մլրդդոլարը արտաքին պարտքն է։
Իսկ մարտի վերջի դրությամբ՝ արտաքին պարտքը 4.827 մլրդ դոլար էր։ Ազգային վիճակագրական ծառայությունը եռամսյակային կտրվածքով ներկայացնում է արտաքին պարտքի կառուցվածքն՝ ըստ վարկատուների։ Տվյալները ստացվում են Ֆինանսների նախարարությունից։ Ամենաթարմն այս տարվա մարտի վերջին գրանցված ցուցանիշներն են։
Այսպիսով, մարտի վերջի դրությամբ՝ Հայաստանի ամենամեծ «պարտատերը» Համաշխարհային բանկն (ՀԲ) է՝ ի դեմս Զարգացման միջազգային ընկերակցության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի։ Հայաստանը ՀԲ-ին պարտք է 1.749 մլրդ դոլար, որը կազմում է մեր երկրի ընդհանուր արտաքին պարտքի 36.2%-ը։ Նշվածից մոտ 1.102 մլրդ դոլարը Զարգացման միջազգային ընկերակցությանն ունեցած պարտքն է, իսկ 647.7 մլն դոլարը՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկինն է։
Մյուս վարկատուն Ասիական զարգացման բանկն է, որին ունեցած պարտքը կազմում է 515.157 մլն ԱՄՆ դոլար։ Երրորդը Արժույթի միջազգային հիմնադրամն է, որին Հայաստանը պարտք է 410.758 մլն ԱՄՆ դոլար։
Եվրասիական զարգացման բանկը ևս Հայաստանի խոշոր վարկատուներից է։ Վերը նշվածներին Հայաստանը պարտք է բազմակողմանի վարկային ծրագրերի շրջանակներում։ Իսկ երկկողմանի վարկային ծրագրերի շրջանակներում Հայաստանի վարկատուներն են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, ՌԴ-ն, Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամն ու Չինաստանի Ներմուծման-Արտահանման Բանկը։
Մնացածը առևտրային բանկերից ստացված վարկերն են, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պարտատոմսերը, փոքր մասն էլ՝ արտաքին երաշխիքները։ Այս ցանկում ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերի կշիռը զգալի է։
2016 թվականի մարտի վերջի համեմատ՝ այս տարվա նույն ամսվա վերջի դրությամբ Համաշխարհային բանկին ունեցած պարտքն աճել է 0.5%-ով, Ասիական զարգացման բանկի պարտքը՝ 0.6%-ով, Եվրոպական ներդրումային բանկին՝ 0.8%-ով, Գերմանիային (KFW) ՝ 6.4%-ով, Ճապոնիային՝ 3%-ով, Ռուսաստանին՝ 9.2%-ով։
Արժույթի միջազգային հիմնադրամին ունեցած պարտքը կրճատվել է 0.3%-ով։ Հավելենք, որ մարտի վերջի դրությամբ՝ արտաքին պարտքից մոտ 4.31 մլրդ դոլարը կառավարության պարտքն է, իսկ 517.902 մլն դոլարը՝ կենտրոնական բանկինը։