Ucom ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում «Ազիզյանները» սիթքոմի երկրորդ եթերաշրջանը շուտով կավարտվի: Այն սիրվեց հեռուստադիտողի կողմից, այդ մասին են փաստում արձագանքերը: Սիթքոմի դերասանները՝ Ստեփանը, Մարին և Բորիսը նորություն էին հայ հանդիսատեսի համար և շատերը սիրեցին նրանց մարմնավորած կերպարները:
Նրանց ճանաչում են, սիրում են, բայց քչերը գիտեն՝ ինչ նախասիրություններ ունեն, ինչով են սիրում զբաղվել, երբ օրինակ նկարահանման տաղավարում չեն: BlogNews.am-ը լուսանկարել է նրանց և մի քանի բացահայտում արել:
Լևոն՝ նույն ինքը Ստեփան Հովհաննիսյան
Ես «Ազիզյանները» սիթքոմում այնպիսին են, ինչպիսին կյանքում եմ, դրա համար ինձ հեշտ է խաղալ: Սիթքոմին շատ հեշտ ընտելացա: Մարիի, Բորիսի հետ նկարահանումների ժամանակ եմ ծանոթացել, հիմա արդեն լավ ընկերներ ենք: Միասին հաճախ ենք գնում պաղպաղակ ուտելու, սիրում ենք նաև քաղաքում զբոսնել: Մեզ երբ իրար հետ տեսնում են, նկարվում են, ասում են՝ ինչ լավն եք դուք: Ինձ էլ ասում են՝ շատ լավն է կերպարդ: Հիմա կամաց-կամաց սովորում եմ, որ ինձ ճանաչում են: Խմբակիս ղեկավարն ասում է` պետք է արդեն լուրջ լինես, փողոցում քեզ ավելի լուրջ պահես:
Եթե օրինակ «Ազիզյանները» գիշերը լավ չեմ նայել, օրվա ընթացքում մի հատ էլ եմ նայում:Երբ առաջին անգամ նայում ես լրիվ այլ տպավորություն է, իսկ երկրորդ անգամ լրիվ ուրիշ ձև ես հասկանում: Ես սիրում են նաև ֆիլմեր նայել, օրինակ երբ կլանված ինչ-որ ֆիլմ եմ նայում և կանչում են բակ խաղալու՝ չեմ գնում:
Բակային խաղերից շատ սիրում եմ ֆուտբոլ: Համակարգչային խաղեր էլ եմ սիրում, բայց երբ ձեռք բերեցի հեռախոսս, հիմա ամեն ինչ հեռախոսով եմ խաղում:
Նախասիրություններ: Ռելա Մադրիդ ակումբի երկրպագու եմ, սիրում եմ Ռոնալդուին, Մեսիին: Ինձ համար Մեսին ծնված օրվանից տաղանդ է, իսկ Ռոնալդուն իր աշխատասիրության հաշվին է հասել այդ աստիճանի: Ես ֆուտբոլ ավելի շատ եմ նայում, քան խաղում:
Մարի՝ նույն ինքը Մարի Պետրոսյան
Երբ իմ կերպարի համար հայտարարվել էր քասթինգ, իմ գնալը շատ պահատական ստացվեց: Քասթինգի մասին վերջին օրն եմ իմացել, միայն գիտեի, որ կերպարիս անունը Մարի է, ինչը ինձ ուրախացրեց: Առաջին փորձից հետո կրկին հրավիրեցին, բայց ես չգիտեի` ինչ նախագիծ է ինձ սպասվում, ում հետ եմ խաղալու: Մի քանի օր անց իմացա, որ խաղալու էի Հայկ Մարությանի հետ, իսկ երբ իմ դասախոսից՝ Աբել Աբելյանից զանգ ստացա, իմացա, որ անցել եմ: Չեմ կարող նկարագրել ուրախությանս չափը:
Երբ, օրինակ դիտում եմ սիթքոմը, մոռանում եմ, որ ես եմ խաղում: Ինձ դուր է գալիս մեր սիթքոմը, երբ անջատում եմ, և նորից եմ նայում, սկսում եմ զայրանալ, քանի որ կան բաներ, որոնք ես կարող էի այլ ձևով անել: Շատ քննադատ եմ և հաճախ զայրանում եմ ինձ վրա: Ինձ շատ հետաքրքիր է սիթքոմի զարգանումները, սիրում եմ նաև հետևել իմ մյուս ընկերների խաղին:
Ես տեսակով հանգիստ և ուրախ մարդ եմ: Սիրում եմ մենակ մնալ, կամ ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, ասեմ, որ նաև փոփոխական եմ: Ի դեպ արդեն հոգնել եմ ինձանից, թե որքան փոփոխական կարող եմ լինել: Երբ օրինակ ոգեշնչվում եմ, սկսում եմ պարել: Հիմա պատրաստվում եմ կավագործության և նկարչության գնալ: Երբ հոգնած և հանգիստ եմ, սիրում եմ բնության գրկում լինել:
Ազատ՝ նույն ինքը Բորիս Բաղդասարով
«Ազիզյանները» սիթքոմում ամեն ինչ շատ պատահական եղավ: Ինձ երեկոյան զանգեցին և ասացին, որ նման նախագիծ կա, ուղարկում ենք տեքստը՝ սովորի: Ես անգամ հնարավորություն չունեցա ասել՝ կարող եմ արդյոք գնալ, թե ոչ, քանի որ անջատեցին հեռախոսը: Ես մտածեցի՝ ինչ-որ էպիզոդիկ դեր է, այնինչ՝ գլխավոր դերակատարներից մեկի կերպարն էր վստահված ինձ: Անկեղծ ասած, որ գնում էի անգամ չգիտեի, թե ուր եմ եկել, երբ դուրս եկա ինձ ասացին, որ սա մշտական դեր է: Երկու օրից ինձ զանգահարեցին և ասացին, որ երկրորդ քասթինգ կա: Այս ժամանակ ես ավելի պատրաստված գնացի:
Ամբողջությամբ՝ blognews.am