Բեմադրիչ Նորա Գրիգորյանը երեք ամսում ազատվել է ավելորդ 30 կիլոգրամից, իսկ հաջողության գաղտնիքով կիսվել է Life.panorama.am-ի հետ:
«Ինչպես բոլորը՝ ես էլ ունեմ իմ իդեալական քաշը, որին գումարվեց ուղիղ 37 կիլոգրամ, որից 30-ը՝ միայն հղիության ընթացքում: Իմ իդեալական քաշը 50 կգ-ն է, բայց ես դարձել էի 87 կգ, ինչն ինձ համար պարզապես շոկ էր: Ընդհանուր առմամբ՝ ուտել շատ եմ սիրում, իսկ համեղ ուտել՝ էլ ավելի, սակայն կամքի ուժ դրսևորեցի և որոշեցի՝ ես պետք է նիհարեմ»,- պատմեց Նորան՝ հավելելով.
«Պետք է հիշել՝ գեր լինելը ոչ միայն գեղեցիկ չէ, այլև՝ վնասակար է առողջությանը: Ինքս էլ ժամանկի ընթացքում հասկանում էր, որ կարող եմ առողջական լուրջ խնդիրների առաջ կանգնել, եթե չնիհարեմ»:
Նորա Գրիոգրյանը խոստովանեց, որ այն կանանցից չէ, ով իրեն սիրում է յուրաքանչյուր կազմվածքում.
«Ես ատում էի ինձ գեր ժամանակ: Նիհարելու համար պատրաստ էի անգամ հաբեր խմել, միայն թե ազատվեմ ավելորդ քաշից, սակայն, ուրախ եմ, որ հարազատներս արգելեցին գնալ այդ քայլին, քանի որ այդ միջոցները վնասակար են առողջությանը: Իրականում երեխա ունենալուց հետո մինչև վեց ամիս կնոջ օրգանիզմում փոփոխություններ են տեղի ունենում, վեց ամիս անց ավելի հեշտ է նիհարելը: Ես կոչ չեմ անի կանանց սիրել իրենց այնպիսին, ինչպիսին կան, քանի որ ավելորդ քաշը ազդում է առողջության, ինքնագնահատականի և հոգեկան աշխարհի վրա: Ինձ մոտ այդ հարցը շատ խիստ էր դրված, ես ամաչում էի բեմ բարձրանալ, զգում էի, որ ծանրացած եմ քայլում, շնչառությունս ևս այն չէր: Կինը պետք է կշռի այնքան, որ իրեն թեթև զգա»,- ընդգծեց բեմադրիչը:
Խոսելով նիհարելու միջոցներից՝ Նորա Գրիգորյանը պատմեց, որ շատ տարբերակներ է փորձել.
«Իմ փորձով եմ ասում՝ առհասարկ չուտել չի կարելի: Այն պահից, երբ որոշեցի նիհարել, իմ օրակարգում ջուրը դարձել է գլխավոր բաղադրիչներից մեկը: Օրական խմում եմ մոտ 3 լիտր ջուր, ինչը մաքրում է օրգանիզմը. այն առողջ կյանքի և մարմնի բանաձևն է: Եթե ուզում եմ քաղցր ուտել, ապա մինչև ժամը 12:00-ն եմ այն ուտում, կամ դրա փոխարեն մեկ հավկիթ եմ ուտում: Դե իսկ ժամը 17:00-ին էլ լոլիկով ու վարունգով աղցան եմ ուտում և դրանով սահմանափակում օրվա սննդակարգս: Մնացած ժամերին միայն ջուր եմ խմում: Իրականում ես շատ դիետաներ եմ փորձել: Ամենասկզբում սպիտակուցային դիետա փորձեցի պահել, հետո հղիության ընթացքում առաջացած առողջական խնդիրների պատճառով հասկացա, որ դա ինձ վնասում է: Այնուհետև սկսեցի հաշվել օգտագործածս սնունդի կալորիաները, բայց եթե սովորաբար նիհարում են՝ չանցնելով 1500 կալորիաների սահմանը, ապա ես չէի անցնում 1000 կալորիայի սահմանը: Սակայն հիմա արդեն կալորիաներ չեմ հաշվում, պարզապես ուտելու ցանկությունս խիստ նվազել է: Արդեն անգամ մոռանում եմ ուտելու մասին: Հիմա աշխատում եմ խմորային ոչինչ չուտել, քաղցրի ցանկությունն էլ հագեցնել միայն սև շոկոլոադով և ինչպես նշեցի՝ մինչև ժամը 12:00-ը: Հյութեր չեմ խմում, մրգերից էլ ուտում եմ միայն խնձոր, մեկ-մեկ էլ՝ ելակ»,- պատմեց նա:
Դիետային զուգահեռ՝ Նորան դեռևս չի մարզվում.
«Մինչև բժշկի թույլտվությունը չունենամ՝ մարզվելն ինձ արգելվում է մեջքիս խնդրի պատճառով: Սակայն որոշել եմ, երբ ազատվեմ վերջին 7 կգ-ից և հասնեմ 50 կգ-ի, անպայման կայցելեմ բժշկի և իր ցուցումով կհաճախեմ մարզասրահ»,- նկատեց մեր զրուցակիցը:
Զրույցի վերջում Նորա Գրիգորյանը վստահեցրեց.
«Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է կամքի ուժ ու ավելի գեղեցիկ և առողջ լինելու ցանկություն: Ես ինձ ավելի լիարժեք ու ինքնավստահ եմ զգում, երբ գիտակցում եմ, որ հիմա ոչ միայն ավելի գեղեցիկ ու առողջ եմ, այլև կարողացա իմ մեջ գտնել այդ մեծ ուժն ու հրաժարվել ավելորդ քաշից»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am