ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել հեռուստատեսային գովազդի միջոցով վաճառվող ապրանքների շուկայում գործող «Տելեմարկետ» ընկերության գործունեության վերաբերյալ: Նույն շուկայում գործող երկու այլ ընկերություններ՝ «ԹիՎի Տոն» (Eurotvmarket ապրանքանիշ) և «Արմաբա» (TVtrade ապրանքանիշ) դժգոհում են «Տելեմարկետ»-ի վարքագծից՝ տեղեկացնելով, որ շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերությունը խոչընդոտում է իրենց գործունեությանը: Ըստ բողոքի, «ԹիՎի Տոն» և «Արմաբա» ընկերությունների կողմից ցանկացած ապրանք սպառողներին առաջարկելուց ժամեր անց «Տելեմարկետը» գովազդում է նույն ապրանքները՝ 50-70 տոկոս զեղչված արժեքով: Սակայն, երբ պատվիրատուները զանգահարում են, պարզվում է, որ տվյալ ապրանքը առկա չէ և հայտնի չէ, թե երբ առկա կլինի: Այսինքն, ակնհայտ է, որ, չունենալով գովազդվող տեսականին, «Տելեմարկետը» փորձում է պարզապես խոչընդոտել մյուս ընկերությունների գործունեությանը՝ ցույց տալով իբրև թե նրանց կողմից վաճառվող ապրանքներն իրականում հնարավոր է ձեռք բերել շատ ավելի ցածր գնով:
«ԹիՎի Տոն» ընկերության ներկայացուցիչ Մելանյա Սամսոնյանը նշեց, որ իրենց ընկերությունը պատրաստվում է գումարի բռնագանձման եւ պատճառված վնասի փոխհատուցման հայցով դիմել դատական պաշտպանության:
«Արմաբա» ընկերության ներկայացուցիչ Ռոբերտ Հայրապետյանի խոսքով էլ` «Տելեմարկետ»-ի նման գործունեությունը հաճախորդների մոտ զայրույթի ալիք է բարձրացրել: «Շատերը հետ են վերադարձրել գնված ապրանքը: Պետք է նշեմ, որ հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի ընթացքում «Տելեմարկետ» ընկերությունը նույն ոճով շարունակել է ֆեյսբուքյան էջում գովազդել մեր ապրանքները կես գնով»,- ասաց նա:
ՏՄՊՊՀ կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ նմանատիպ օրինակները բազմաթիվ են, երբ, չունենալով տվյալ ապրանքը, «Տելեմարկետը» չհիմնավորված ցածր գներով գովազդում է այն: Արդյունքում, որոշ գնորդներ գայթակղվելով, պատվեր են կատարում «Տելեմարկետ» ընկերությունից, իսկ որոշ ժամանակ անց ձգձգվող ժամկետների և անորոշության պատճառով հրաժարվում են՝ անվստահություն ձևավորելով հեռուստագովազդի միջոցով վաճառվող ապրանքների հանդեպ: ՏՄՊՊՀ դիտարկմամբ, բնականաբար, նույն գործունեությունն իրականացնող ընկերությունները իրավասու են վաճառելու միևնույն տեսականին, սակայն պարտավոր են աշխատել բարեխիղճ մրցակցության պայմաններում:
Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում, «Տելեմարկետ» ընկերության կողմից որևէ կերպ չի հիմնավորվել այն հանգամանքը, որ իրենք սպառողներին մշտապես տրամադրում են բացառապես հավաստի տեղեկատվություն՝ գների, կիրառվող զեղչերի, առաքման ժամկետների և այլ պայմանների վերաբերյալ:
Մրցակցային օրենսդրության խախտման, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար, «Տելեմարկետ» ընկերությունը ենթարկվեց պատասխանատվության՝ ստանալով նախազգուշացում: