մաս 1-ին
Այս տարի մայիսի 17-28-ը Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կազմակերպված կինոշուկային մասնակցեց նաև ՀՀ պաշտոնական պատվիրակությունը: Առաջին անգամ Հայաստանը տաղավար էր վարձակալել Village International, Pantiero հատվածում, որտեղ աշխարհի տարբեր երկրներ ներկայանում են պետական դրոշի ներքո: Village International-ը կինոշուկայի բանուկ և, հետևաբար, թանկարժեք հատվածում է: Մշակույթի նախարարությունն այդ շռայլությանը գնացել էր իր հիմնավորումներով և հավակնություններով: Որքանո՞վ արդարացան դրանք: Պահվում է հույժ գաղտնի:
Նախարարության ռեվերս տրամաբանությունը
Կաննի կինոշուկայում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը ապահովելու համար Մշակույթի նախարարությունը Հայաստանի Ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ին հատկացրել է 13 մլն 325 հազար դրամ: Գումարը հատկացվել է Նախարարության ենթակա կառույց Ազգային կինոկենտրոնի գանձանակից` ֆինանսա-տեխնիկական պատճառով: Այս տարի Կաննի կինոշուկայում Հայաստանը ներկայացնող կառույցը Ազգային կինոկենտրոնը չի եղել, ինչպես նախորդ տարիներին էր: Մշակույթի նախարարի անհատական որոշմամբ, հայաստանյան կինոարտադրանքի ներկայացման ու վաճառքի կազմակերպումը հանձնվել է ՍԻՆԵՄԱ կենտրոնին, ավելի ճիշտ՝ կենտրոնի ղեկավար, «Պարալլելս ֆիլմ պրոդաքշն» ընկերության հիմնադիր-տնօրեն, ռեժիսոր Հովհաննես Գալստյանին: Նա «Առավոտ»-ին տված հարցազրույցում հավաստիացնում է,որ համոզել է նախարարին վարձակալել մեծ, պաշտոնական տաղավար, այնտեղ տանել մրցույթում հաղթած նախագծեր, ֆիլմեր, ինչպես նաև իր անհատական կինոնախագծերը:
Եթե հաշվի առնենք, որ Կաննի կինոշուկան պարզապես շուկա է, որտեղ վաճառքի գործակալներին կարելի է առաջարկել ցանկացած կինոարտադրանք, և եթե հաշվի առնենք, որ մեր երկրի կինոարտադրանքը Կաննում ներկայացնելու և վաճառքը կազմակերպելու տեսական հնարավորություն և իրավունք ուներ ցանկացած կազմակերպություն, ապա Մշակույթի նախարարը գործել է հակառակ տրամաբանությամբ. ըստ էության` պետք է մրցույթ-տենդեր հայտարարվեր Կաննի կինոշուկայում Հայաստանի մասնակցությունը կազմակերպելու համար, և հակառակը՝ մրցույթում հաղթած կազմակերպությունը պետք է շուկա տաներ բոլոր ֆիլմերն ու նախագծերը, որոնց պրոդյուսերները հավակնություն կարող էին ունենալ վաճառել դրանք:
Իսկ ի՞նչ ստացվեց: Նախ՝ հայտարաված մրցույթում հաղթեց ընդամենը երեք կինոնախագիծ, որևէ ֆիլմ չհաղթեց: Մրցույթի պայմանները սահմանափակել էին կինոնախագծերի և ֆիլմերի՝ դիմելու հնարավորությունը օբյեկտիվ պատճառներով: Եվ որ ամենակարևորն է, գործել էր սուբյեկտիվ հանգամանք՝ ֆիլմերի պրոդյուսերները չէին վստահել արտոնություն ստացած մասնավոր կազմակերպությանը կամ դրա ղեկավարին հանձնել իրենց արտադրանքը՝ վստահ չլինելով դաշտում իրենց մրցակից համարվող կինոարտադրողի անաչառության վրա: Մշակույթի նախարարությունը արդյունքում կանգնեց տխուր փաստի առջև: Պաշտոնական պատվիրակությունը (Հովհաննես Գալստյան, Արսեն Բաղդասարյան, Լիլի Վարդանյան) յոթ օրով մեկնեց Կանն՝ ունենալով ընդամենը երեք կինոնախագիծ` «Բարս մեդիա» կինոստուդիայի «Արշալույսի լուսաբացը», Սերգո Ուստյանի «Փոխանակումը» և Արթուր Սուքիասյանի «Վիրավոր քաղաքը»:
Գթության քույրը ՀՀ պաշտոնական տաղավարում
Հայկական պատվիրակությունը` պաշտոնական պատվիրակության երեք անդամները և հաղթած նախագծերի երեք հեղինակները Կանն մեկնեցին մայիսի 18-ին: Նախագծերի պրեզենտացիան տեղի ունեցավ մայիսի 21-ին: Բարեբախտաբար նշանակված էր այդ օրը: Նախորդ երկու օրը Հայաստանի տաղավարը, կահույքի և տեխնիկական սարքավորումների բացակայության պատճառով, չի աշխատել: Չի աշխատել նաև վերջին օրը: Տաղավարի յոթնօրյա վարձակալության երեք օրվա ծախսը, փաստորեն, ջուրն է լցվել: Տաղավարի վարձակալության համար Մշակույթի նախարարությունը վճարել էր 5 միլիոն 686 հազար դրամ, իսկ տեխնիկայի վարձակալության և տաղավարի ձևավորման համար՝ 4 մլն 203 հազար դրամ: Ստացվում է, որ տաղավարի եռօրյա պարապուրդի համար բյուջեից վատնվել է 4 մլն 238 հազար դրամ: Իսկ տաղավարի հաջորդ օրերի գործարկման համար մենք բոլորս շնորհակալ պիտի լինենք, բարեբախտաբար, Կաննի աշխատակազմում հայտնված մի հայրենակցուհու, ում ջանքերով տաղավարը վերջապես կահավորվել է, ջուր, առաջնահերթ պարագաներ ու նույնիսկ պետական դրոշ է ձեռք բերվել:
Hi, Hovhannes
Միջազգային կինոշուկաներին և կինոփառատոններին մասնակցելու համար ՀՀ պետբյուջեով նախատեսված է ընդամենը 19 մլն դրամ` տարվա կտրվածքով: Դրա մեծագույն մասը, փաստորեն, 13 մլն 325 հազար դրամը ծախսվել է Կաննի կինոշուկայում ՀՀ մասնակցության համար: Ակնհայտ է, որ 5 միլիոն 685 հազար դրամով Հայաստանը չի կարող մասնակցել այս տարի սպասվող, ոչ պակաս կարևոր՝ Լոկարնոյի (LF), Վենետիկի (VIFF), Տալլինի (PÖFF), Սալոնիկի (TIFF), Մոնրեալի(MWFF), Բուսանի (BIFF) փառատոններին, կից գործող շուկաներին և առանձին կինոշուկաներին( Asian Film Market, Montreal International Film Market, American Film Market, Film Bazaar, IDFA):
Դա արդարացված կլիներ մեկ դեպքում, երբ Կաննի կինոշուկային Հայաստանի մասնակցությունը բերեր աննախադեպ արդյունք: Սակայն հայկական կինոյի ինչպես հին, այնպես էլ նոր ռազմավարությունը պարտադրում է բավարարվել միայն Կաննի կինոշուկայով:
Ամբողջությամբ՝ hetq.am