Լուսանկարիչ Գերման Ավագյանը Facebook-յան իր էջում հրապարակել է լուսահոգի Արտաշես Հովսեփյանի լուսանկարը, մեջբերելով Վլադիմիր Վիսոցկուն՝
«Убиенных щадят, отпевают и балуют раем,-
Не скажу про живых, а покойников мы бережем.
В.С. Высоцкий»:
Իսկ գեղանկարիչ Սամվել Սևադան իր էջում գրել է.
ՄԻԱՅՆ ԱՆՄԱՀՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ…!
( Շ Տ Ա Պ )
Ովքեր չգիտեն` թող իմանան:
Ովքեր գիտեն` թող միանան!
Կարճ եմ գրում, որովհետև ժամանակը քիչ է:
Ամեն րոպեն թանկ է:
Մահացել է բոլոր ժամանակների հայ հանճարեղ արվեստագետներից մեկը, ՀՀ Ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանը:
Ըստ մեզ հասած լուրերի երկրի կառավարությունը նախատեսել է նրա աճյունը հուղարկավորել քաղաքային պանթեոնում, որը մեծ անարդարություն կլինի:
Նրան անհրաժեշտ է հուղարկավորել միայն Կոմիտասի պանթեոնում, Անմահների կողքին, հաշվի առնելով նրա վաստակը Հայ և համաշխարհային արվեստի զարգացման գործում:
Խնդրում եմ միանալ բոլոր նրանց, ովքեր գիտեն ու քաջ գիտակցում են Մեծ Վարպետի վաստակը:
Բոլոր նրանց` ովքեր քիչ գիտեն, բայց վստահում են արվեստագետների խմբին ու կհաստատեն, նաև կտարածեն այս խնդիր-առաջարկ-պահանջը:
Արտաշես Հովսեփյանի ստեղծագործության ու վաստակի մասին երկար չեմ գրի, քանի որ ժամանակը սուղ է:
Բայց այսօր կարդացի մեր անվանի ու տաղանդավոր ճարտարապետներից մեկի, Արտակ Ղուլյանի էսսեն Մեծ Վարպետի մասին, որը և տեղադրում եմ այստեղ, առանց հեղինակից թույլտվություն խնդրելու, ուղղակի համոզված եմ, որ Արտակը դեմ չի լինի:
…
“Արտաշես Հովսեփյանը վաղուց մեզ հետ չէր… Նա մեկուսի իր զրույցն էր շարունակում մեր մեծերի ու մեծամեծ հերոսների հետ… Սյունյաց ժայռածերպերում ծվարած մենաստան կերտող քարգործ վարպետ էր ասես՝ իր ժայռապինդ կեցվածքով, ժայառաշունչ ասելիքով ու ժայառահունչ լեզվով… Մերթ վիպասաց էր, մերթ՝ հեքիաթասաց, մերթ կոթողայնորեն ամեհի էր, մերթ՝ մանրանկարչորեն նուրբ, մերթ նախնյաց աստվածների հետ խնջույքի նստած հսկա էր, մերթ վահագնաբոց մորուքով հրահեր մանուկ, մերթ առյուծաձև Մհեր էր, մերթ Տիրամորը երկրպագող հրեշտակաթև պատանի, մերթ ինքնանկարված ճարտարապետ էր, մերթ՝ երգեցիկ մատներով երգահան… Մեր վերջին ոսկեդարի վերջին նահապետն էր՝ ուսերին առած մեր նախորդ ոսկեդարերի փառահեղ բեռն ու կատարելության դրոշմը, հեզության ու համեստության աստվածային շնորհն ու ժողովրդականության ծիրանին…
Քարի կախարդ էր ու քարի բանաստեղծ, քարի արքա էր ու քարի ծառա… Մարգարեի պես իմաստուն էր ու մանուկի պես շիտակ… Այսպիսին ենք տեսել Նրան շատերս՝ ճգնակեցության իր միշտ դռնաբաց հարկի տակ, չոր հացի ու գինու ընկերակցությամբ անձանձրույթ զրույցներում…
Նա մեզ թողեց մի աշխարհ, որ դեռ երկար պիտի վայելենք, իսկ մեր վայելքների աշխարհը իրենը չէր այևս…
Հեռացավ Վարպետը՝ մեզ թողնելով այդ աշխարհները հաշտեցնելու ծանրագույն բեռը…”
Կարծում եմ ավելի լավ հնարավոր չէր գրել Վարպետի մասին:
Խնդրում եմ միացրեք ձեր ձայնը, Արտաշես Հովսեփյանի աճյունը Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորելու համար:
Տարածեք խնդրեմ այս նամակը:
Շնորհակալություն…!
Աստված ողորմի մեծ Վարպետին:
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի