Շատ կանանց և տղամարդկանց կողմից սիրված դիմահարդարման միջոցները բավականին հին պատմություն ունեն։ Դրանք ստեղծվել են մեր թվարկությունից առաջ` դեռևս հանրահռչակ Կլեոպատրա թագուհուց շատ դարեր առաջ։ Դիմահարդարման միջոցների հայրենիքն է համարվում Հին Արևելքը` Եգիպտոսը, Միջագետքը, Ասորեստանն ու Բաբելոնը։
Աստվածային արարմունքի արգասիքը
Հենց Արևելքում է, որ արևի կիզիչ ճառագայթներից, քամուց ու փոշուց, ինչպես նաև միջատների խայթոցներից պաշտպանվելու համար մարդ արարածի մոտ հղացավ մաշկը յուղով պատելու միտքը։ Այնուհետև սովորական յուղը «համեմեցին» տարբեր տեսակի բուրմունքներով, և, աստիճանաբար, օգտագործելով բուսական աշխարհի ընձեռած տարբեր հնարավորությունները, մարդիկ սովորեցին տարաբնույթ բույսերից ու միացություններից զանազան անուշահոտություններ ստանալ։
Արդյունքում` մեր հեռավոր նախնիները հասկացան, որ բնակլիմայական ազդեցություններից և միջատների խայթոցներից պաշտպանվելու նպատակով պատրաստված միջոցները կարող են օգտագործվել նաև օրգանիզմիկենսագործունեությունը բարձրացնելու և էրոտիկ զգացողություններն է՛լ ավելի ուժեղացնելու համար։ Հասարակ մահկանացուների կողմից այդպիսի զարմանահրաշ հատկություններ ունեցող միջոցներն ընկալվեցին որպես իրական հրաշք, իսկ քրմերը, որոնք պատրաստում էին այդ նյութերը, ի լուր աշխարհի հայտարարեցին, որ դրանք աստվածային արարմունքի արգասիքն են։ Այդ պահից սկսած՝ Հին Արևելքում բուրմունքների «արտադրությունը» համարվեց աստվածային և պատվելի գործ։ Հին աստվածություններին աղոթելիս Միջագետքի բնակիչները մրմնջում էին. «Սովյալներին հաց տուր, աղքատներին` հագուստ, իսկ թափառականներին` քսուքներ ու յուղ»։
Ինչպես տեսնում եք` «բարձրաշխարհիկ» դիմահարդարման միջոցների ի հայտ գալը պայմանավորված էր խիստ հողեղեն պատճառներով. մաշկի չորացում ևարևի ճառագայթների կործանարար ազդեցության վերացում, միջատների խայթոցի, մաշկի հողմահարման և կնճռոտման դեմ պայքար։ Անշուշտ, չպետք է մոռանալ նաև, որ հին ժամանակներում օճառ ասվածը դեռևս գոյություն չուներ, և մաշկը մաքրելու համար մարդիկ օգտագործում էին չեչաքարը կամ սոդայաջուրը։ Մաշկի մաքրման նման սուղ պայմաններում խիստ կարևորվում էր յուղերի նշանակությունը։ Դրանք օգտագործվում էին որպես «կոսմետիկ կաթ»` մաշկը մաքրելու, քրտնքահոտը վերացնելու և մեռած հյուսվածքները հեռացնելու համար։
Այսպիսով, դիմահարդարման բոլոր «գլուխգործոցների» ստեղծման համար հիմք են ծառայել ամենասովորական միջոցները. բուսական յուղեր, խոշոր եղջերավոր անասունների, ոչխարի և ընտանի թռչունների ճարպեր, մեղրամոմ և բուսական խեժ։ Դրանցից ամենատարածվածը ձիթապտղի յուղն էր։ Անտիկ պատմիչներ Ստրաբոնի և Հերոդոտեսի վկայությունների համաձայն` ամենաթանկը քնջութենու յուղն էր։ Այդ հոսուն, քաղցրահամ և անհոտ յուղն օգտագործվում էր թե՛ կերակուր և թե՛ զանազան դիմահարդարման միջոցներ պատրաստելու համար։ Մինչ օրս օծանելիք արտադրող շատ ընկերություններ տարբեր բուրմունքներ ստանալու նպատակով կիրառում են քնջութենու յուղը, քանի որ այն բնական հակաօքսիդանտ է և լավ է պահպանում բուրմունքները։
«Անուշահոտ ջուրը»
Մերձավոր Արևելքն իր բնակլիմայական գոտիներով այնքան հարուստ էր դիմահարդարման համար օգտագործվող բուսականությամբ, որ դժվար է մտաբերել բոլոր բույսերի անվանումներն ու նշանակությունը։ Դրանք մեծ քանակությամբ նույնիսկ արտահանվում էին Եգիպտոս. մրտենի, շուշան, ալոե, զանգակածաղիկ, անթառամ և այլն։ Միջագետքի բնակիչները բարձր էին գնահատում այդ բույսերի ախտահանող հատկություններն ու աննկարագրելի բույրը։ Հին Պարսկաստանն էր, որ մարդկությանը նվիրեց մինչ օրս մեծ ժողովրդականություն վայելող հինան և բասման։ Իսկ այդ բոլոր միջոցներին չքնաղ բույր ու էրոտիկ երանգ էին հաղորդում եթերային յուղերը։
Հին բաբելոնյան քաղաքներից մեկի` Ասուրեի (այժմյան Իրաք) տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված մ.թ.ա. II հազարամյակով թվագրվող սեպագիր արձանագրությունների վրա շատ մանրակրկիտ կերպով նկարագրվում է “անուշահոտ ջրի» պատրաստման տեխնոլոգիան։ Լավ լվացված և չորացված ծաղկաթերթիկները մանրացվում էին և եփվում։ Ստացված զանգվածին խառնում էին բուսական յուղեր, թողնում որ սառչի, այնուհետև կրկին եփում։ Ընդ որում, եփման գործընթացը շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև եփուկի վրա հաստ շերտով բուրումնավետ յուղի շերտ էր գոյանում։ Ի դեպ, բոլոր այն կանայք, ովքեր զբաղվում էին յուղերի և քսուքների պատրաստմամբ, մեծ հարգանք ու հեղինակություն էին վայելում։ Իրենց աշխատանքն իրականացնելու համար նրանք հատուկ տարաների և պիտույքների մի ամբողջ պահոց ունեին. մեծ շշեր, տարբեր չափսերի կաթսաներ, քամիչներ ու քաթաններ։
Ամուսնական գիշերվան նախորդող լոգանքի օր
Մերձավոր Արևելքի բնակիչներից շատերի նախընտրած բույսը ազնվազարմ մրտենին էր, որին Հերոդոտեսը «Պարսկաստանի բույր» անվանումն էր տվել։ Անտիկ ժամանակներում իր զարմանահրաշ հատկությունների համար մրտենին անվանում էին «Վեներայի բույս»։ Մեր օրերում աշխարհի շատ երկրներում մրտենին համարվում է ամուսնության խորհրդանիշ. մտաբերեք «Ծղոտե գլխարկը» ֆիլմի անմոռանալի մրտենու ծառը։
Ի դեպ, հարսանիքների մասին խոսելիս տեղին կլինի հիշեցնել, որ հնում Արևելքում գոյություն ուներ ամուսնական գիշերվան նախորդող «լոգանքի օր» կազմակերպելու սովորույթ։ Ու չնայած այն հանգամանքին, որ Ասորեստանի և Բաբելոնի հարուստների տներում դեռևս մ.թ.ա. I հազարամյակում լոգանք ընդունելն ամենօրյա կյանքի սովորական զբաղմունքներից մեկն էր համարվում, նորապսակների և հարսանեկան հյուրերի համար հատուկ լոգանք ընդունելը խիստ կարևոր նշանակություն ունեցող ծես էր։ Լոգանքի օրվան ձոնված տողեր կային նույնիսկ օրհներգերում։ Ահա թե ինչպես են նկարագրում գեղեցկուհի Իաննայի մինչամուսնական լոգանքը.
«Իմ տիրուհին իր նուրբ իրանն ու ազդրերը լվանում է ջրով, նա լոգանք է ընդունում թագավորին հաճո լինելու համար։ Մաքրամաքուր Իաննան սրբում է իր աստվածային մարմինը, ցողում այն մայրու բուրումնավետ յուղով։ Թագավորը հպարտորեն նրա ննջարանն է մտնում և տիրանում անմեղ գեղեցկուհուն…»։
Աշխարհիկ գեղեցկուհիներն ամուսնական գիշերվանից առաջ նույնպես օգտագործում էին բուրումնավետ յուղեր։ Որպես կանոն, դրանք պատրաստվում էին հապալասից, մայրուց և մրտենուց, որոնց հաճախ ավելացվում էին նաևայլ թանկարժեք բույրեր, որոնք երբեմն նույնիսկ այլ երկրներից էին բերել տալիս։ Աչքերն ավելի արտահայտիչ դարձնելու համար գեղեցկուհիները թարթիչներին ու հոնքերին առատորեն սուրմա էին քսում։ Դիմահարդարման կարմիր և դեղնավուն երանգների սնգուրներն ու քսուքներն է’լ ավելի հմայիչ էին դարձնում կանանց։ Ահա թե ինչու դիմահարդարման միջոցները պատրաստվում էին շատ մեծ քանակությամբ և պահպանվում որպես թանկարժեք իրեր։
Հնագույն բաղադրատոմսեր
Դիմահարդարմանը հատկապես մեծ նշանակություն էին տալիս հարեմներում ապրող կանայք, և դրանում որևէ արտառոց բան չկա. չէ՞ որ նրանց օգտագործած օծանելիքներով էր երբեմն պայմանավորվում իրենց ճակատագիրը։ Ահա թե ինչ է պատմում «Էսթերի գիրքը» պարսից թագավորների կողմից կին ընտրելու մասին.
«Տասներկու ամիս շարունակ երիտասարդ գեղեցկուհիներն ընդունում էին այն ամենն, ինչ անհրաժեշտ էր կին դառնալու համար. վեց ամիս նրանց մարմինը շփում էին մրտենու յուղով, այնուհետև ևս վեց ամիս այլ բուրումնավետ յուղերով և քսուքներով։ Միայն այդ ամենից հետո գեղեցկուհին իրավունք ուներ թագավորի ննջարան մտնելու։ Երեկոյան նա գալիս էր ննջարան, իսկ առավոտ կանուխ վերադառնում էր կանանց համար նախատեսված կացարան։ Ողջ օրվա ընթացքում նորաթուխ կինը գտնվում էր պալատական պահակների հսկողության ներքո։ Իսկ եթե առաջին գիշերը նա թագավորի վրա լավ տպավորություն չէր կարողանում թողնել, ապա այլևս արքայական ննջարան մտնելու իրավունք չէր ունենում…»։
Միջնադարում մեծն Ավիցենան իր «Բժշկական գիտությունների կանոնագրքում» տալիս է դիմահարդարման բազմաթիվ միջոցների բաղադրատոմսերը։ Նա հանգամանորեն խոսում է նաև օծանելիքներ պատրաստելու համար օգտագործվող բույսերի մասին` սեխ, ալոե, խաղող, նուռ, դդում, կտավատ, կիտրոն, անանուխ, սոխ, ընկույզ, դեղձ, մաղադանոս, խավարծիլ, ծովաբողկ, վարդ, բազուկ և նույնիսկ սխտոր։
Միջնադարյան Եվրոպայի կանայք չէին էլ պատկերացնում, թե ինչ հարուստ դիմահարդարման միջոցներ էին օգտագործում իրենց ժամանակակից ասիացի կանայք, մինչև որ խաչակիրները Եվրոպա ներմուծեցին արևելյան անուշահոտությունները և վարդաջրի պատրաստման բաղադրատոմսը, որը մինչ օրս լայնորեն կիառվում է դիմահարդարման բնագավառում։