Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում են տեղական և համաշխարհային արվեստի ավելի քան 25 հազար նմուշներ: Գեղանկարների հավաքածուն ներառում է Հակոբ Հովնաթանյանի, Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու, Իլյա Ռեպինի, Տինտորետտիի, Ռուբենսի (ընդօրինակություն), Վան Գոյենի աշխատանքները: Մասնագետները պնդում են, որ այս նկարների մեծ մասը, որոնք հարյուրամյակների պատմություն ունեն, վտանգված են, քանի որ սրահներում չեն պահպանվում անհրաժեշտ ջերմաստիճանն ու խոնավությունը, նկարները ենթարկվում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ու փոշու ազդեցությանը: Պատկերասրահի տնօրինությունն ու մշակույթի նախարարությունը համաձայն են, բայց անորոշ են ոչ միայն պլանները, այլև պատկերասրահի ճակատագիրն ընդհանրապես:
Ամռանը Հայաստանի պատկերասրահում օդի ջերմաստիճանը կարող է անցնել 35℃-ը, երբ թանգարանների համաշխարհային պրակտիկայում առավելագույն անվտանգ ցուցանիշ է համարվում 24 աստիճանը: Գեղանկարիչ Էդգար Ամրոյանը, ով հաճախ է այցելում եվրոպական թանգարաններ, ասում է, որ այս ցուցանիշը կարող է տատանվել մինչև 1.5 աստիճան:
«Այսինքն անգամ եթե տատանումով հաշվենք 25.5 աստիճան, 10-12 աստիճան անցնում է թույլատրելի սահմանը, ու նկարները ուղղակի որ կպնեք ամռանը, ոնց որ եռման թեյնիկ [լինեն] ու ճտճտոցը լսվում է. էդ աստիճանի սարսափելի վիճակ ա»,- ասում է գեղանկարիչը:
Ջերմաստիճանն ու հարաբերական խոնավությունն այն միջավայրային գործոններից են, որոնք կարող են նպաստել արժեքավոր հավաքածուների վատթարացմանը: Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) համաձայն` շատ բարձր կամ շատ ցածր ջերմաստիճանի ու հարաբերական խոնավության հնարավոր հետևանքներից են ֆիզիկական վնասը (օրինակ` աղավաղումը, ճաքը, կտավի ու ներկի շերտի առանձնացումը), քիմիական վատթարացումը, ինչպես նաև միջատների ու բորբոսի ակտիվացումը: Ջերմաստիճանն ու խոնավությունը փոխկապակցված են, բայց միայն ջերմաստիճանի բարձրացումը բավական է քիմիական պրոցեսներն արագացնելու համար: 30 աստիճանում որոշ քայքայիչ ռեակցիաներ կարող են կրկնակի արագ գործել, քան 20 աստիճանում:
Թանգարանների միջազգային խորհուրդը սահմանում է, որ ցուցասրահներում (ինչպես նաև պահոցներում) ջերմաստիճանը պետք է լինի հաստատուն և պահվի 18-22℃-ի սահմաններում: Այլ աղբյուրներում ցանկալի է համարվում 19-24℃-ը: Հարաբերական խոնավությունը պետք է լինի 45-55%-ի միջակայքում:
Հայաստանի ազգային պատկերասրահում (ՀԱՊ) ջերմաստիճանն ու խոնավությունը այս ցանկալի միջակայքում հազվադեպ են լինում: Մշակույթի նախարարության տրամադրած մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ ձմռանը միջին ջերմաստիճանը հազիվ է հասնում 18℃-ի, իսկ ամռանն այն գերազանցում է 30℃-ը: Օդի հարաբերական խոնավությունը չի հասնում 35%-ի:
Նախընտրելի են վատ, բայց կայուն պայմանները
Այս տվյալներից պարզ է դառնում, որ տարվա ընթացքում միևնույն սրահում ջերմաստիճանի տատանումը կարող է հասնել 20 աստիճանի: Մինչդեռ պահման պայմանների կայունությունը ավելի կարևոր է, քան իդեալական նորմերին համապատասխանելը:
«Ավելի շահեկան է` նկարները պահվեն վատ պայմաններում, բայց ստաբիլ, քան պահվեն թվացյալ լավ պայմաններում, բայց ոչ ստաբիլ` ջերմաստիճանի և խոնավության առումով»,- ասում է գեղանկարիչ Արթուր Խաչատրյանը՝ մանրամասնելով, որ նկարները կարող են ցուցադրվել 18℃-ից ցածր կամ 22℃-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում, եթե այդ միջավայրը մնա հաստատուն ամբողջ տարվա ընթացքում՝ անկախ եղանակային պայմաններից:
Թանգարանային նմուշները խոնավության ու ջերմաստիճանի տատանումների կարող են ենթարկվել ինչպես եղանակի փոփոխության, այնպես էլ այդ նմուշների տեղափոխման (պահեստից ցուցասրահ կամ երկրից երկիր) և օդափոխության համակարգի անսարքության հետևանքով:
Օդափոխության համակարգը Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնախնդիրներից է: Պատկերասրահի ոչ բոլոր սրահներն են օդափոխվում: Տնօրենը նշում է, որ պատճառը ֆինանսական է և հավելում է, որ 57 սրահներից 28-ում կան օդափոխիչներ:
Հունիսին մեր մի այցելության ժամանակ պատկերասրահի եվրոպական, ռուսական և հայկական արվեստի 25 սրահներից օդափոխիչներ նկատեցինք միայն 4-ում, բոլորը՝ ռուսական արվեստի սրահներում: Այդտեղ ջերմաստիճանը տատանվում էր 21-25℃-ի սահմաններում: Ընդ որում, սարքերը ոչ միշտ են միացված. աշխատակիցներն ասում են, որ երբեմն անջատում են, քանի որ օդի ջերմաստիճանը կարճ ժամանակում նվազում է: Պարբերաբար համակարգն անջատելն ու միացնելը, ինչպես պնդում են մասնագետները, կարող է ավելի շատ վնասել հավաքածուները, քան օդափոխության բացակայությունն ընդհանրապես:
Եվրոպական և հայկական արվեստի սրահներում օդափոխության համակարգեր չեն գործում: Այստեղ ջերմաստիճանն անցնում է 30℃-ը: Հատկապես եվրոպական արվեստի գործերը ցուցադրող սրահներում տեղ-տեղ դրված են շարժական էլեկտրական հովհարներ, որոնք ջերմաստիճանը նվազեցնում են միայն կարճ տարածության վրա, կարճ ժամանակով:
Երկու նման սարք դրված է իտալական, ևս երկուսը` ֆլամանդական սրահներում, որտեղ ցուցադրվում են Դոնատելլոյի, Տինտորետտոյի, Մանչինիի, Բոտիչելլիի և այլոց աշխատանքները, դրանց թվում` 5-6 հարյուր տարեկան գործեր:
Ամբողջությամբ՝ hetq.am