Կանոնավոր սեքսը, շաբաթական մեկ անգամից ոչ պակաս, կնոջ օրգանիզմում ծերացման պրոցեսները դանդաղեցնում է, նույնիսկ եթե կինը սեքսից հաճույք չի ստանում: Այս մասին հայտնում են Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները:
Նրանց հետազոտությամբ պարզվել է, որ կանոնավոր սեքսը տելոմերները երկարեցնում է. քրոմոսոմների ծայրամասերի հատվածներ, որոնք ծերացմանը զուգահեռ կարճանում են: Դրանց երկարությունը օրգանիզմի իսկական տարիքի հուսալի ցուցանիշ է:
Հայտնի է, որ տելոմերները երկարեցնում է հատկապես սեքսը` ինտիմ կյանքից բավարարվածության աստիճանը էական դերակատարում չունի: Գիտնականների խոսքով` սեքսը ճնշում է սթրեսը, որը կարճացնում է տելոմերները, և ակտիվացնում իմունիտետը: Փորձագետները վերլուծել են երկարատև հարաբերությունների մեջ գտնվող 129 մայրերի անձնական կյանքը, զուգընկերոջ աջակցության աստիճանը, հարաբերություններում վեճերի առկայությունը, հարաբերություններով բավարարվածության և սթրեսի մակարդակը: Նաև արյուն է վերցվել տելոմերների երկարության անալիզի համար:
Եզրակացությունները միանշանակ են` շաբաթվա ընթացքում նվազագույնը սեռական մեկ հարաբերություն ունեցած կանանց տելոմերներն ավելի երկար են եղել: Մնացած գործոնները տելոմերների երկարության վրա չեն ազդել: Ինչպես գիտնականներն են ընդգծում, կանոնավորապես սեքսով զբաղվող կանայք ոչ միայն դանդաղ են ծերանում, այլև պաշտպանված են քրոնիկական դեգեներատիվ հիվանդություններից, վաղաժամ մահվանից: