Մեծ էզոթերիկ Գյուրջիևը հայոց լեզվի և ռուսերենի մասին
Advertisement 1000 x 90

Մեծ էզոթերիկ Գյուրջիևը հայոց լեզվի և ռուսերենի մասին

Գյուրջիևը ռուսերենի մասին

Թեև ռուսերենով սկսեցի, սակայն, ինչպես կասեր իմաստնագույն Խոջա Նասրեդինը, այդ լեզվով շատ հեռու չես գնա:

Ռուսերենը, չի կարելի ժխտել, շատ լավ լեզու է : Այն նույնիսկ ինձ դուր է գալիս , բայց… միայն այնքանով, որ դրանով կարելի է լավ անեկդոտներ փոխանակել կամ դրանից օգտվել, երբ հարկ է լինում ինչ-որ մեկի ազգուտակին «հիշել»:

Ռուսերենը նման է անգլերենին , որը նույնպես շատ լավ լեզու է, բայց միայն այն բանի համար, որ «ծխարաններում» կամ բազմոցին նստած մի ոտդ մյուսի վրա գցես ու զրուցես ավստրալական սառեցրած մսի կամ  հնդկական հարցի շուրջ:

Այդ երկու լեզուները նման են մի կերակրատեսակի, որին Մոսկվայում «սոլյոնկա» են անվանում և դրա մեջ լցնում ինձնից ու ձեզանից բացի ամեն ինչ, որի մեջ կարող եք ներառել, ըստ էության, ամեն բան, ինչ մտքներովդ կանցնի, նույնիսկ Շեհերեզադեի «հետճաշյան չադրան»:

Ռուսերենով հնարավոր չէ արտահայտել փիլիսոփայական հարցերի, այսպես կոչված, «նրբությունները», ինչպիսիք ես մտադիր եմ բավականին լիարժեք կերպով արծարծել իմ գրվածքներում:

Գյուրջիևը հայերենի մասին 

Թեև  հայերենով այդ բանը հնարավոր է անել, սակայն, ի դժբախտություն ժամանակակից հայերենի, ժամանակակից հասկացությունների կիրառությունն այդ լեզվում արդեն դարձել է լիովին անիրագործելի խնդիր:

Որպեսզի մեղմեմ ներքին վհատության առաջ բերած դառնությունը, պետք է ասեմ, որ վաղ  պատանեկության շրջանում, երբ ես հետաքրքրված ու շատ կլանված էի բանասիրական հարցերով, հայերենը գերադասում էի իմ իմացած բոլոր լեզուներից, նույնիսկ իմ մայրենի լեզվից:

Ես այն ժամանակ սիրում էի հայերենը գլխավորապես այն պատճառով, որ այն ինքնատիպ էր և ոչ մի ընդհանուր բան չուներ հարևան ու  ազգակից լեզուների հետ:

Ինչպես ասում են գիտուն բանասերները, այդ լեզվի բոլոր «տոնայնությունները» հատուկ են միայն իրեն, և նույնիսկ, ըստ իմ այն ժամանակվա հասկացության, այն լիովին համապատասխանում է հայազգի մարդկանց հոգեկառույցին:

* * *

Առայժմ կգրեմ մասամբ ռուսերեն և մասամբ էլ հայերեն , առավել ևս մշտապես «իմ շուրջը պտտվող» մարդկանց մեջ կան մի քանիսը, որոնք քիչ թե շատ «գլուխ հանում են» այդ երկու լեզվից, ուստիև ես առայժմ հույս եմ փայփայում, որ նրանք բավականին լավ կարտագրեն և կթարգմանեն այդ լեզուներով գրածներս:

Աղբյուրը՝ Գեորգի Գյուրջիև «Ամենն ամենայնիվ», գիրք Ա

Թարգմանիչ՝ Խաչիկ Մանասելյան

«Նահապետ» հրատարակչություն, 2012

arenanews.am