Հայ-հնդկական անուրջներ. champord.am
Advertisement 1000 x 90

Հայ-հնդկական անուրջներ. champord.am

Իննսունականներից մնացած այսպիսի կատակ-հիշողություն կա. մարզերից մեկում առատ տեղումներով ուղեկցված չափազանց ուժգին փոթորիկ էր եղել, ծառեր, տանիքներ էին պոկվել ու տեղահան եղել, մեքենաներ էին ջախջախվել, սակայն որևէ մեկը, բարեբախտաբար, տարերքից չէր տուժել: Տեղանքի համար անսովոր աղետը բնակիչներից որևէ մեկին դրսում չէր «բռնացրել», չնայած երեկոյան յոթի կողմերն էր, տարվա եղանակն էլ՝ գարուն: Հետո հասկացան, թե ինչպես էր հաջողվել զերծ մնալ զոհերից ու տուժածներից: Ուղղակի սերիալի ժամ էր, ժողովուրդը մեծով ու փոքրով էկրանների դիմաց շունչը պահած հետևում էր «Պարզապես Մարիա»-ին: Հովհարային անջատման տարիներին շրջանառվող կատակի համաձայն՝ ծնողներն իրենց համառող, այս կամ այն պատրվակով ամուսնությունից խուսափող տղային խորհուրդ են տալիս պսակվել Մարիսաբելի՝ իրենց «աչքի առաջ մեծացած» սերիալային անբիծ հերոսուհու հետ: Հանրայինի լրատվականի աշխատակիցներից մեկն էլ պատմում է, որ ստուդիայում ամենօրյա ռեժիմով զանգեր էին ստանում հեռուստադիտողներից, որոնք խնդրում էին պատմել, թե իրենց լույս չունեցած ժամանակ ինչ եղան Լաուրն ու Խուանը, կամ ասենք՝ «ուր ջհանդամվեց Իգնասիոն», ով բռնացրեց Անտոնիոյին ու Մեգիին: Ստիպված պարբերաբար ռեպորտաժի տեսքով սերիալների բովանդակությունն էին ներկայացնում, որ բավարարեին հանրային քաղցը: Ցավոք, այսօր էլ շատ բան չի փոխվել, ավելի ճիշտ՝ սերիալային «կերակրացանկը» փոխվել ու առավել բազմազան է դարձել:

Մինուճար բրազիլականի ու խեղճ Մարիայի փոխարեն մեր իրականություն ներխուժեցին տարբեր սերիալներ, հետո սկսեցին նաև տեղականները նկարահանվել, որոնք գանգստերային ու մաֆիոզ բազուկներով տղերքից ու բամբասկոտ- ինտրիգան կանանցից այն կողմ՝ էկրանի դիմաց համբերությամբ սպասող տատիկ-պապիկներին ու տնային տնտեսուհիներին (սերիալ նայող հիմնական թիրախային խմբին) այդպես էլ ոչինչ չառաջարկեցին: Լավագույն դեպքում հայկական սերիալները տափակ-դոնդողային՝ հումորային դարձան: Եկանք հասանք մեր օրերին, իսկ այսօր ինտերնետի դարդից մեր խաղաղված, ավելի ճիշտ ճահճացած էկրաններին նիրվանա է իջել, իսկական հնդկական նիրվանա:

Ճիշտ և ճիշտ հայկական բիզնեսի դրսևորման պես (երբ մի դեղատան կողքին երկրորդը, երրորդը և տասներոդն է ավելանում, նույնը՝ վարսավիրանոցների ու մյուսների պարագայում) արագորեն սկսեցին տարածվել հնդկական սերիալները: Հայկական ալիքներն իրար հերթ չտալով սկսեցին այդ սերիալների տիրաժավորմամբ զբաղվել: Պարզվեց, որ վերջիններս ՝ ռեյտինգ են բերում, այն էլ ինչպիսի: Մի քանի դրվագն էլ բավարար է, հասկանալու համար, թե ինչ են առաջարկում հնդկական սերիալները հայ հեռուստադիտողին. հանդարտ, ճահճացած,տեղ-տեղ ստրկամիտ կենցաղային պրիմիտիվ հարաբերութուններ, որոնք նվազագույն կենսապայմաններով ապրող մարդկանց կարողանում են երկար ժամանակով կտրել իրենց առտնին հոգսերից (Կրիշնան էլ բեթարից ազատի):

Հնդկական սերիալներն այնքան ընդունվեցին, որ Երևանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղում՝ նորածին աղջկան Իչա անվանեցին, Ռամին օգնական կարգեցին, որոշ տեղերում էլ հորթուկներին ու գառնուկներին հնդկական սիրելի հերոսների անուններ տվեցին:

Մի խոսքով, պարզվեց, որ դեգրադացիան ամենակուլ մոլախոտի նման ակնհայտորեն ավելի կենսունակ է, քան առողջ ծիլն ու գաղափարը: Սակայն կրթվելու, ինքնակրթվելու թեման մեկ այլ երկար զրույցի համար է: Ինչքան էլ քննադատություններ հնչեցին սերիալային նոր ասպատակության դեմ, մեկ է՝ բիզնես-սեփականատերերը մնալով անդրդվելի, սկսեցին բացատրել, որ եթե նայում են, ուրեմն հենց դա են ուզում և ոչ թե նայելու այլ բան ուղղակի չունեն: Օրեր առաջ հայ-հնդկական անուրջներն ընդհատվեցին անսպասելի շրջադարձով. եթերում առաջինը հնդկական սերիալ ցուցադրած հեռուստաընկերությունը «մեծահոգաբար» հայտարարեց, որ քաջ գիտենալով հանդերձ, որ ռեյտինգ ու հեռուստադիտող կկորցնեն, «թարգում» են սերիալի հեռարձակումը: Նրանք անգամ սպառնում են հայկական սերիալ նկարել ու հեռարձակել:

Դե ինչ, հայ հեռուստադիտողին մնում է հուսալ, որ գուցե այս անգամ նրանց այնպիսի կինո կմատուցեն, որն առնվազն չի վիրավորի մարդկանց ինքնասիրությունը, կլինի աշխատած, բարեկիրթ, դերասանական՝ գոնե բավարարին մոտ խաղով, մաքուր հայերենով ֆիլմ, զերծ անճաշակությունից, հայհոյանքներից ու բարոյազուրկ ինտրիգներից: Ժամանակին մեր տներ խուժած ռուսական հայտնի «Բրիգադա» սերիալը մարդիկ սիրեցին: Ֆիլմում գույները միայն սև-սպիտակ չէին. հանցագործը նաև մարդ էր, դրական մարդ, որը նաև իր թուլություններն ուներ, անկեղծ սերը ստվեր էլ ուներ, մի խոսքով, այն կյանքին ավելի մոտ էր ու իրավամբ երկար մնաց: Իրականում հայկական սերիալները կարող են լավը լինել, հիշենք թեկուզ՝ հայկական մասնակցությամբ ռուսական, ապա նաև մեր էկրաններին հայտնված Մագիկյանների թեթև- սիրուն պատմությունը: Պարզապես մեր արտադրողները պատրաստ պիտի լինեն բյուջետային ֆիլմերին մի քիչ էլ հոգի ու որակ հաղորդել ու ասենք՝ տասը սերիայի փոխարեն երեք ուտվողը նկարել: Հետո բնավորություն ու պահանջ կդառնա, սկիզբն է դժվար:

Սյունե Սևադա

champord.am