Լինելով բավականին երիտասարդ՝ այս լուսանկարիչը իր փորձապնակում ունի նկարահանված 500-ից ավելի հարսանիք, նրան իրենց կյանքի ամենակարևոր օրը անմահացնելու մեծ պատասխանատվությունն են վստահել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Սիրուշոն, Լուսինան, հայտնի քաղաքական գործիչներ և այլք:
Գեղամ Գրիգորյան, ահա Wedding.am-ի այսօրվա հերոսը, ով թեև դեռևս 24 տարեկան է, սակայն ունի արդեն հայտնի և բազմափորձ լուսանկարչի մեծ համբավ, և ում հետ այսօր կբացահայտենք հարսանեկան լուսանկարչության բոլոր առանձնահատկությունները:
Լուսանկարչական աշխատանքի սկիզբ
Դեռևս մանկուց տեսնելով հոր աշխատանքը (Գեղամը Հայաստանում մեծ հայտնիություն և պահանջարկ ունեցող Ալիսա ստուդիոյի հիմնադիր Հակոբ Գրիգորյանի որդին է)՝ նրա մոտ էլ է սեր և հետաքրքրություն առաջանում լուսանկարչական արվեստի նկատմամբ, և արդեն 8-րդ դասարանում նա ստանում է իր առաջին լուրջ պատվերը՝ ինքնուրույն լուսանկարելու մի ամբողջ հարսանիք:
«Ծնվածս օրվանից միշտ տեսել եմ այս գործը, սիրել եմ ու միշտ հետաքրքիր է եղել այս գործով զբաղվելը: Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, բայց այս գործն ինձ ավելի հոգեհարազատ է»,- նշում է Գեղամ Գրիգորյանը:
Գեղեցիկ լուսանկարներ ստեղծելու գաղտնիքները
Հարսանիքը այն իրադարձություններից է, երբ կադր կրկնելու կամ կրկին «խաղալու» հնարավորություն չի ստեղծվում, և հարսանեկան լուսանկարչի պրոֆեսիոնալիզմը պետք է լինի հենց այդ անցնող ու ամենակարևոր պահը ֆիքսելը:
Գեղամի խոսքով՝ բարձրակարգ տեխնիկայով աշխատելը դեռևս բավական չէ որակյալ կադր ստանալու համար:
«Լավ լուսանկար ստանալու ամենակարևոր պայմաններից մեկը կադրը ֆիքսելն է, ճիշտ կադրը տեսնելը: Կարող է դու շատ լավ նկարող լինես, իմանաս տեսախցիկի հետ ճիշտ աշխատելու ձևը, բայց աչքդ չտեսնի կոնկրետ կադրը, այդ դեպքում աշխատանքը կձախողվի»:
Լուսանկարիչը գեղեցիկ և հաջողված կադրեր ստանալու համար բոլոր նորապսակներին խորհուրդ է տալիս հնարավորինս շատ ականջալուր լինել լուսանկարչի խորհուրդներին, հետևել նրա կողմնորոշումներին, քանի որ հակառակ պարագայում նույնիսկ ամենապրոֆեսիոնալ լուսանկարիչը չի կարող ապահովել այն կադրը, որը լիարժեք կարտահայտի ձեր օրվա գեղեցկությունն ու անկրկնելիությունը:
«Եղել է, երբ անհամաձայնության պատճառով իմ աշխատանքը ինձ չգոհացնի, բայց քանի որ մենք ձգտում ենք առավելագույնս գեղեցիկ հուշեր պարգևել մեր հաճախորդներին, այնուամենայնիվ, լուսանկարները գեղեցիկ և ճիշտ վերամշակումից հետո, դուր են եկել նրանց»:
Ըստ լուսանկարչի՝ հարսանեկան լուսանկարչության առանձահատկություններից մեկն էլ այն է, որ նկարները լուսանկարվում են արդեն որպես պատրաստի կադր. «Մշակման գործընթաց, իհարկե, անցնում են, կարգևորվում են գույները և այլն»:
Ինչ չափանիշներով ընտրել հարսանեկան լուսանկարչին
Լուսանկարիչը այն մարդն է, ում հետ ամբողջ հարսանիքի ընթացքում պետք է աշխատեն ոչ միայն հարսնուփեսան, այլև՝ բոլոր հյուրերը: Ըստ Գեղամ Գրիգորյանի՝ բացի նրա պրոֆեսիոնալ կարողություններից, ընտրություն անելիս պետք է ուշադրություն դարձնել նրա մարդկային հատկանիշներին:
«Լուսանկարչի ընտրության ժամանակ պետք է մեծ ուշադրություն դարձնել նրա՝ մարդկանց հետ շփվելու կարողության վրա: Հնարավոր է լուսանկարիչը լինի պրոֆեսիոնալ, բայց ալարկոտ, և ամբողջ հարսանիքից 200 նկար էլ տրամադրի: Հնարավոր լուսանկարիչը մի քանի հաջողված կադր ունենա հարսուփեսայի հետ, սակայն այդպես էլ նրանց հարսանեկան ֆոտոալբոմում չլինեն ընտանեկան լուսանկարներ, այսինքն ուշադրություն պետք է դարձվի լուսանկարչի կատարած ընդանուր աշխատանքին, ոչ թե առանձին լուսանկարներին»:
Իսկ ինչու պատվիրատուն պետք է ընտրի հենց Գեղամ Գրիգորյանին
Այս հարցին պատասխանելուց առաջ՝ Գեղամը երկար մտածեց (հավանաբար պրոֆեսիոնալ լինելու համեստությունը թույլ չտվեց իր հասցեին գովեստի խոսքեր ասել), ապա նշեց իր աշխատանքի առանձնահատկությունները:
«Լուսանկարչի ամենակարևոր հատկանիշը աշխատասիրությունն է, նա պետք է հարսանիքի սկզբից մինչև վերջ աշխատի: Լուսանկարիչը պետք է մարդկանց հետ նրբանկատ հաղորդակցվող լինի, մոտեցում ունենա, որպեսզի կարողանաս պատվիրատուին ճիշտ ուղորդել: Աշխատելիս, բնականաբար, ուշադրության կենտրոնում պետք է լինեն հարսանիքի բոլոր անդամները, սակայն ավելի շատ հարսուփեսան: Այսքան ժամանակ չի եղել դեպք, երբ պատվիրատուն դժգոհ մնա, քանի որ ոչ մի կարևոր և արժանահիշատակ կադր բաց չի թողնվել»:
Աշխատանք ԱՄՆ-ում
Գեղամ Գրիգորյանը արդեն մոտ մեկ տարի է, ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, և այս ժամանակահատվածում հասցրել է ներկա գտնվել մի շարք հարսանիքների:
Գեղամը լիահույս է, որ շուտով ԱՄՆ-ում էլ ձեռք կբերի այն ճանաչումը, որը այսօր վայելում է Հայաստանում, քանի որ իր աշխատանքով փորձում է հնարավորինս գոհացնել պատվիրատուին:
«Ես այնտեղ էլ կփորձեմ իմ աշխատանքում ներդնել իմ ունեցած բոլոր հմտություններն ու փորձը՝ պրոֆեսիոնալ աշխատանքով իմ պատվիրատուների շրջանակում համբավ և հայտնիություն ձեռք բերելու համար»:
Հայտնի հարսիկներ
Ինչպես հարցազրույցի սկզբում նշեցինք՝ Գեղամ Գրիգորյանի տեսախցիկը «հյուր է եղել» շատ հայտնի և սիրված հարսիկների և փեսաների, որոնցից հանրության համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես Սիրուշոն և Լուսինան: Գեղամի խոսքով՝ տարբերություն չկա, թե ով է հարսը կամ փեսան, դու պարզապես ձգտում ես հնարավորինս պրոֆեսիոնալ կատարել քո աշխատանքը, միակ առանձնահատկությունն այն է, որ հատկապես շոուբիզնեսի ներկայացուցիչները առավել հմուտ են տեսախցիկի հետ աշխատելիս, և շնորհիվ իրենց այդ կարողության, լուսանկարչին օգնում են աշխատանքն առավել արդյունավետ կատարել:
«Աշխատել եմ Սիրուշոյի, Լուսինայի, ՀՀ նախագահի դստեր և շատ այլ հայտնի անձանց հետ: Բոլորի հետ աշխատելու սկզբունքը նույնն է, դա զուտ մարդուց է կախված: Պետք է ասել, որ ինձ բավականին հեշտ է եղել նրանց հետ աշխատելը, քանի որ ճանաչել են, վստահել են: Շոուբիզնեսի ներկայացուցիչների հետ բավականին հեշտ է աշխատելը այն առումով, քանի որ տիրապետում են լուսանկարվելու տեխնիկային, կարողանում են դիրքավորվել տեսախցիկի առջև: Օրինակ, լինում են հարսիկներ, որոնք կարծես առաջին անգամ տեսնեն տեսախցիկը: Ինչպես նկարում ես, ինքը կաշկանդված կանգնած է, որ դժվարացնում է ոչ միայն աշխատանքը, այլև դարձնում է գրեթե անհնարին»:
Խորհուրդներ նորահայտ լուսանկարիչներին
Ըստ Գեղամ Գրիգորյանի՝ յուրաքանչյուր մասնագիտության մեջ փորձառությունից և տաղանդից բացի, անհրաժեշտ է ունենալ անընդհատ կատարելագործվելու և սովորելու ձգտում.
«Յուրաքանչյուր գործ նոր փորձ է, ամեն գործից սովորում ես, եթե մի օր ասես՝ վերջ, ես պրոֆեսիոնալ եմ, այլևս սովորելու տեղ չունեմ, ուրեմն դու այլևս չպետք է աշխատես, քանի որ պետք է գնահատել բոլորի աշխատանքը»:
Չիրականացված նպատակներ
Չնայած իրականացված բազմաթիվ աշխատանքներին, ձեռքբերած հայտնիությանը և վստահությանը՝ Գեղամ Գրիգորյանը դեռ շարունակում է կատարելագործվելու և ավելի մեծ պրոֆեսիոնալիզմ ձեռքբերելու աշխատանքները: Եվ կատարված ամեն մի քայլի հետ՝ նա իր առջև դնում է նոր նպատակներ, որոնք վստահաբար իրականություն են դառնալու:
«Ցանկություն ունեմ աշխատելու Հոլիվուդում և այդ ուղղությամբ աշխատանքներ եմ տանում: Բացի այդ, միշտ միտք ունեցել եմ ցուցահանդես կազմակերպելու, առաջարկներ եղել են, սակայն դեռևս չի հաջողվում, թեև այդ ուղղությամբ նույնպես տարվում են աշխատանքներ»:
wedding.am