«Գրականությունը խմբային ոչ մի շահեր չպիտի պաշտպանի, այն ունի կոնկրետ գեղագիտական հիմք: Գրականությունը կամ կա, կամ չկա, կամ լավն է, կամ ժամանակի ընթացքում էլ չի լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ լեզուն և գրականությունն անմիջապես փոխկապակցված են, գրականությունը պետք է լինի մեր ավանդույթի շարունակությունը: Ըստ նրա՝ այսօր բավականին խայտաբղետ դաշտ է ստեղծվել արդի գրականության դաշտում, և կարելի է ասել՝ տարբեր մեկնություններ, տարբեր գնահատականներ են լինում, բայց գրականությունը «չպետք է լվացքի փոշու նման գնահատել»՝ ասելով՝ ահա՛, մենք արտադրում ենք այս գրականությունը, և մեր արտադրած գրականությունն ավելի լավն է, քան ուրիշ գրականությունը:
Արմեն Ավանեսյանը բոլորովին դեմ չէ գովազդին, ավելին, նրա խոսքով՝ գրականությունը և մշակույթը ևս գովազդի կարիք ունեն, բայց այդ գովազդը չպետք է լինի միակողմանի, սեփական բիզնես շահերից բխող:
«Բնական եմ համարում, երբ բիզնեսմենն է անում գովազդը, բայց երբ մտավորականն է անում, չեմ ընդունում»,- նշեց բանախոսը:
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն էլ խոսելով մտավորականների մասին՝ նշեց.
«Ես ջարդված, կոտրված եմ տեսնում իմ երկրի մտավորականներին: Ես շատ կարևոր եմ համարում հատկապես՝ գրի մարդկանց, քանի որ հենց գրի միջոցով է պատկերվում իրականությունը, նրանք պարտավոր են խիզախել, եթե ոչ, ուրեմն թող ձայները կտրած մի կողմ քաշվեն, լռեն. վախկոտի ներկայությունը միշտ վտանգավոր է բոլոր ոլորտներում»:
Նրա խոսքով՝ մտավորականը պիտի իր արժանապատիվ կեցվածքն ունենա, պիտի իր դերում ու իր տեղում լինի, որպեսզի իր ասած խոսքն արժեք ունենա, հակառակ դեպքում, ըստ նրա՝ «փալասությունը, որքան էլ ուզում ես՝ դրոշ սարքի, կգցեն ոտքի տակ, վրայով կանցնեն: Երբեք փալասները դրոշ չեն դառնում»:
Անի Թորոսյան