Պատմության արխիվ. Մեղրիի «փոխանակման» հարցը 1918 թվականին. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պատմության արխիվ. Մեղրիի «փոխանակման» հարցը 1918 թվականին. armeniasputnik.am

Մեղրին Հայաստանի հարավային դարպասն է, որն ապահովում է ուղիղ հաղորդակցություն մեր հարավային հարևանի՝ բարեկամական Իրանի հետ: Անբեկանելի փաստ է, որ Մեղրիի դիրքը մեր երկրի անվտանգության համար բացառիկ ստրատեգիական կարևորություն ունի: Բոլորս քաջատեղյակ ենք, թե ինչպես էին 2000-ականների սկզբին Մեղրիի շրջանի կարգավիճակի վերաբերյալ տարաբնույթ կասկածելի առաջարկներ արվում, որոնք, իհարկե, միանշանակ անընդունելի և մերժողական էին Հայաստանի համար: Այդ առումով ներկայացնենք համարյա մեկդարյա վաղեմության ուշագրավ մի փաստ, որից պարզ է դառնում, որ այն ժամանակ նույնպես բարձրացվել է Մեղրիի, այսպես կոչված, «փոխանակման» հարցը:

1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի անկախության հռչակումից և Օսմանյան Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչումից հետո տեղի ունեցած հայ-թուրքական պաշտոնական երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվում էին նաև Հայաստանի սահմանների ճշգրտման հարցերը: Բացարձակ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի վիճակն այդ պահին շատ ծանր էր. երկիրը լցված էր Արևմտյան Հայաստանից գաղթած հարյուր հազարավոր փախստականներով, որոնց պետք էր ապաստան տալ, ապահովել սնունդով և դեղորայքով:

Տարածաշրջանում տիրող բարդ և անկանխատեսելի իրավիճակը, երբ թուրքական բանակի կողմից օկուպացված էր Հայաստանի զգալի մասը և բառացիորեն դրված էր հայ ժողովրդի գոյատևման խնդիրը, նորանկախ երկրի ղեկավարներից պահանջում էր վարել զգույշ և իրատեսական արտաքին քաղաքականություն, անգամ գնալ ուղիղ բանակցությունների իր թշնամիների հետ: Արդեն 1918 թվականի հունիսին թուրքերի հետ բանակցելու նպատակով Օսմանյան Թուրքիայի մայրաքաղաք Պոլիս է մեկնում նորանկախ Հայաստանի պաշտոնական մի պատվիրակություն: Նույն թվականի օգոստոսի վերջին պաշտոնական այցով Երևան է ժամանում Կովկասյան ճակատի թուրքական զորքերի գլխավոր հրամանատար Խալիլ փաշան՝ բանակցություններ վարելու Հայաստանի ղեկավարների հետ, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի, որի հետ ծանոթ էր դեռևս Վանի դեպքերից:

Առաջին Հանրապետության պետական գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը իր հուշերում հետևյալ դրվագն է ներկայացնում այդ բանակցություններից. «Արամը (Արամ Մանուկյան), իր նախկին ընկեր`հաղթական Խալիլ փաշայից, որը եկել էր Երևան, պահանջում էր սահմանների ընդարձակում և ապրելու հնարավորություն: Խալիլ փաշան սկզբունքորեն չէր մերժում Հայաստանի հողերի ընդարձակման պահանջը: Նա կանխավ առաջարկում էր, որ հայերը դատարկեն Զանգեզուրի Մեղրիի գավառակը, որպեսզի իրենք անմիջապես կապվեն Բաքվի հետ: Դրա փոխարեն պատրաստ էր Ադրբեջանի հաշվին ընդարձակել Հայաստանի սահմանները դեպի Ջևանշիր ու Վարանդա: Նա առաջարկում էր նաև զինվորական դաշինք կնքել Դաշնակիցների (Անտանտի երկրներ) դեմ: Այս խոսակցությունները ոչինչ չտվեցին»:

Նշենք, որ այդ ժամանակ դեռ ընթանում էր 1-ին համաշխարհային պատերազմը և Թուրքիայում իշխող երիտթուրքերի կառավարությունը չէր հրաժարվում Մեծ Թուրանի ստեղծման իր ազգայնական գաղափարից: Վրաստանում Հայաստանի դեսպան Արշակ Ջամալյանը, որը նույնպես մասնակցել էր 1918-ի օգոստոսին Երևանում կայացած հայ-թուրքական բանակցություններին, նկարագրում է այդ հանդիպման ընթացքում Խալիլ փաշայի արված խոստովանությունը:

«Մենք` թուրքերս, չենք մտածում որևէ ժողովրդի ստրկացնելու մասին, սակայն մենք մի կարևոր իդեա ունենք և ուզում ենք այդ իդեան իրագործել: Մենք ցանկանում ենք վերականգնել կապը մեր հին հայրենիքի`Թուրանի հետ և դրա համար ուզում ենք, որ մեր երկու հայրենիքները իրար միացնող ճանապարհները ուրիշների տիրապետության տակ չլինեն»,- ասել էր Խալիլ փաշան:

Հայաստանի համար այդ բարդ իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ 1918 թվականի հոկտեմբերի 30-ին Անտանտի հաղթանակած կոալիցիայի և Օսմանյան Թուրքիայի միջև կնքվեց Մուդրոսի զինադադարը: Թուրքիան ստիպված էր պաշտոնապես ընդունել իր պարտությունը 1-ին աշխարհամարտում, որից հետո սկսվեց Անդրկովկասից թուրքական զորքերի դուրսբերման գործընթացը և Հայաստանը վերջապես իր սահմաններն ընդլայնելու իրական հնարավորություն ստացավ:

armeniasputnik.am