Քանդակագործ Աշոտ Հարությունյանն իր աշխատանքների միջոցով խոսում է ապրելու մասին: Լրագրողների հետ զրույցում արվեստագետն ասաց, որ օգոստոսի 15-ին Երևանի Կարապի լճում բացված ցուցահանդեսում առկա աշխատանքները 8-9 տարվա ընտրանի են: «Իմ քանդակները չունեն վերնագիր, չունեն հստակ բնորոշում, նման չեն որևէ բանի. սրանք վերացական ստեղծագործություններ են»,- նշեց Աշոտ Հարությունյանը:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, բնութագրելով քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները, նշեց, որ դրանք շատ նման են այսօրվա աշխարհի քաղաքացուն և Երևանում ապրող մարդուն: «Նրա ստեղծագործություններն ավելի շոշափելի են դարձնում մեր երազներն ու երևակայությունը», – ասաց նախարարը:
Ցուցահանդեսը Կարապի լճում տեղակայելու վերաբերյալ Արմեն Ամիրյանն ասաց, որ այդ գաղափարը միշտ եղել է իրենց պատկերացումներում:
«Երբ հեղինակի առաջարկը եղավ` ստեղծելու այս հրաշալի ցուցահանդեսը, ինձ համար մեծ ոգևորություն էր: Ժամանակակից արվեստով մենք կարող ենք շատ գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար և՛ մեր մայրաքաղաքը, և՛ ներկայացնել մեր ժամանակակից արվեստը: Կարծում եմ լավ և գեղեցիկ նախաձեռնություն է: Մեր քաղաքին նոր գույն, շնչառություն, ինչպես նաև նոր հոգեվիճակ է բերելու այս ցուցահանդեսը»,- վստահեցրեց նախարարը:
Հաջորդ տարի արդեն մշակույթի նախարարությունը ծրագրում է ցուցադրել մի քանի հեղինակների աշխատանքներ, բայց ավելի երկար ժամանակահատվածով: «Կարծում եմ, որ այս ծրագիրը կարող է զարգանալ, իսկ Կարապի լիճը` դառնալ Երևան քաղաքի ժամանակակից արվեստի ցուցադրության կենտրոններից մեկը: Մենք ունենք գաղափարներ այլ վայրերում նմանատիպ ցուցադրություններ իրականացնելու համար, բայց դեռ փակագծերը չենք ցանկանում բացել»,- նշեց նախարար Ամիրյանը:
Իր ձևի մեջ Հայաստանում աննախադեպ և յուրօրինակ այս ցուցահանդեսը Կարապի լճում կգործի մինչև սեպտեմբերի 3-ը: