Խորովածաբույր եկեղեցին, ինքնահռչակ «մայրաքաղաք»-ն ու խցանված քաղաքը
Advertisement 1000 x 90

Խորովածաբույր եկեղեցին, ինքնահռչակ «մայրաքաղաք»-ն ու խցանված քաղաքը

Խոսակցություններն այդպես էլ օդում մնացին, ու Ախթալայի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին այս տարի նույնպես արդեն 9-րդ անգամ իր հարկի տակ հյուրընկալեց խորովածի փառատոնը:

Նախորդ տարիների նման՝ գրեթե նույն բովանդակությամբ, տրամաբանությամբ, ձևով ու ոգով է անցել նաև այս տարվա փառատոնը: (Հրապարկված նկարներից, տեսանյութերից ու այնտեղ ներկա մարդկանցից կարծիք հայտնելուց, համենայնդեպս, այդպես կարելի է ենթադրել):

Կարելի է ենթադրել նաև, որ նախորդ տարիների նման այս տարի նույնպես վանական համալիրի տարածքում ավանդական կերուխում է եղել «Coca-cola»-ի խաս-կարմիր անձրևանոցների ներքո, ամենատարբեր ռեստորաններ, սրճարաններ ու սննդի օբյեկտներ այստեղ իրենց խոհարարական հմտություններ են ցույց տվել, 2 կտոր խորովածը 1000 դրամով վաճառել ու առևտրով զբաղվել:

Այնուհետ ժյուրին որոշել է, թե փառատոնին մասնակցող որ կազմակերպությունը ինչ անվանակարգում է հաղթող ճանաչվել ու նրանց է բաշխել նվերները՝ «Խորովածի համաշխարհային մայրաքաղաք Ախթալա 2017» գրությամբ բացիկներով: Համաձայնեք՝ բավական հետաքրքիր է, երբ «խորովածի մայրաքաղաք»-ը ասոցացվում է Ախթալայի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հետո: Առավել հետաքրքիր է սակայն, որ Ախթալան հռչակվել է խորովածի համաշխարհային մայրաքաղաք, իսկ թե ով, երբ ու ինչպես է ծննդավայրս «մայրաքաղաք» հռչակել, դա հայտնի չէ ոչ ոքի:

Ավելին՝ պարզվում է, որ Հայաստանում նաև խորովածի միջազգային միության կա, որը նախագահ ունի: Եթե Խորովածի միջազգային միություն կա, ապա այն, ըստ տրամաբանության, վարչություններ էլ ունի: Օրինակ՝ «Մանղալի», «Խորոված անելիս քամի փչելու», «Խորովածի որակի տեսության և պրակտիկայի», «Խորովածի կրակի փայտագիտության», «Մսի և այլ խորովվող մթերքների» ու էլի ուրիշ վարչություններ:

Առհասարակ, ինչ որ վայր համշախարհային նշանակության տեղանք են համարում այն դեպքում, երբ աշխարհի բոլորը երկրները համաձայնում են այդ եղելութան մեջ: Մշակութային փառատոնների, տվյալ դեպքում՝ ուտեստների ու դրանց համաշխարհային կամ միայն տվյալ ազգին բնորոշ լինել-չլինելու հարցերով զբաղվում է  ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Սա որպես ի գիտություն՝ հետագայում փառատոնի կազմակերպման համար:

Փառատոնի կազմակերպման համար մեկ փաստ ևս արձանագրեմ, որը, գուցե, հաշվի առնվի հաջորդ տարիներին: Երեկ Ախթալայի Բարիտ թաղամասից դեպի Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհը փակ էր, ինչը կաթվածահար էր արել ամբողջ քաղաքի երթևեկությունն ու շոկի մեջ գցել քաղաքի բնակիչներին, որոնց համար խստագույնս խորթ երևույթ է ժամանոց խցանումը: Ինքս անձամբ երկու ժամ անընդմեջ սպասել եմ եկեղեցուց իջնող տրանսպորտային հոսքի ավարտին, որ կարողանամ Ախթալայի Սարահարթ թաղամաս բարձրանալ: Եվ դա միայն այն պատճառով, որ ճանապարհի երկու՝ աջ ու ձախ կողմերում, կայանված էին փառատոնի եկած մարդկանց տրանսպորտային միջոցները, ինչն էլ խոչընդոտում էր երթևեկության ընթացքին: Բարեբախտաբար խցանման ընթացքում մարդկանց ինքնազգացողությունը չվատացավ, բայց փոխարենը վերջիններիս նյարդերը տեղի տվեցին ու սկսեցին դժգոհել փառատոնի անկազմակերպ լինելուց:

Հ.Գ. Երեկվանից սկսած՝ Ախթալայում մարդիկ նորից խոսակցություններ են շրջանառում, թե հաջորդ տարի արդեն այս փառատոնն անց է կացվելու Ախթալայի մարզադաշտում, այն վայրում, որտեղ պետք է անցկացվեր նաև այս տարի: Թե ինչ կլինի հաջորդ տարի, թողնենք առանց մեկնաբանության՝ սպասելով խորովածի համաշխարհային միության, Ախթալայի քաղաքապետարանի ու Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի համապատասխան որոշմանը:

Սևակ Վարդումյան

haymedia.am