Որքան էլ շրջագայում եմ, կարոտում եմ Հայաստանը, որովհետև այստեղ է իմ կյանքը. Կարինե Բադալյան. wnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որքան էլ շրջագայում եմ, կարոտում եմ Հայաստանը, որովհետև այստեղ է իմ կյանքը. Կարինե Բադալյան. wnews.am

Էլ ինչը կարող է մարդուն երջանկացնել, նոր զգացողություններ, դրական լիցքեր  ու տպավորություններ հաղորդել, եթե ոչ ճանապարհորդությունը։

Wnews.amը սկսում է հարցազրույցների շարք՝ ճանապարհորդել սիրող կանանց հետ։ Այս անգամ ճանապարհորդություններից ստացած իր տպավորությունների մասին Wnews.am-ին պատմել է  «Սմակ» խանութ-սրճարանի սեփականատեր Կարինե Բադալյանը։

Կպատմե՞ք Ձեր կյանքի առաջին ճանապարհորդության մասին, ի՞նչն է տպավորվել։

-Իմ կյանքի առաջին ճանապարհորդությունը տեղի է ունեցել 1972թ., երբ ես 13 տարեկան էի և ուղևորվեցի Կամբոջա, որովհետև ծնողներս աշխատում էին այդ երկրի դեսպանատանը։  Խորհրդային միության տարիներին մի երկրից մյուսը հասնելու համար երկար ժամանակ էր պահանջվում. առաջին թռիչքը Մոսկվայից Տաշկենտն էր, հետո Տաշկենտից Հնդկաստան, Հնդկաստանից Ցեյլոն, Ցեյլոնից Բիրմա, Բիրմայից Թաիլանդ, Թաիլանդից Կամբոջա. ընդհանուր ուղևորությունը 28 ժամ էր, որի ընթացքում 6 անգամ մեր ինքնաթիռը վայրէջք  կատարեց։ Այդ ճանապարհորդությունից իմ մեջ շատ բան է տպավորվել. ասես տեղափոխվել էի այլ աշխարհ, այլ մշակույթ։ Մինչև 1976թ. հայրս աշխատեց այդ երկրում և ինձ փորձում էր ցույց տալ մաքսիմալը. միասին եղանք Լաոսում, Վիետնամում,  Թաիլանդում, Սինգապուրում։ Իմ մանկական տպավորությունները կապված են այդ երկրներիի, մշակույթի, պատմության հետ։ Անցել է 45 տարի և այդ հիշողություններն ու տպավորությունները մինչև օրս իմ մեջ  թարմ են մնացել։ Շատ կցանկանայի  զավակներիս և եղբորս հետ նորից ուղևորվել Կամբոջա։

Տեղյակ եմ, որ Ձեր սիրած երկրներից է Բելգիան։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

-1976թ. ծնողներս աշխատանքի անցան Բելգիայում և այդպիսով սկսվեց իմ ծանոթությունն այդ երկրի հետ։ Հավանաբար դա է բնութագրել և որոշել մինչև օրս իմ սպեցիֆիկ սերն այդ երկրի հանդեպ։ Հենց այդ տարիներին էլ ամբողջությամբ ծանոթացա Եվրոպայի հետ.  հետաքրքիրն այն է, որ ես երբևէ որևէ երկրում զբոսաշրջիկի կարգավիճակում չեմ եղել. միշտ ինքսերս՝ առանց գիդ ուղեկցորդի ենք ծրագիր կազմել ու որոշել՝ որ վայրերն ենք ցանկանում տեսնել։

Իսկ ճանապարհորդելիս ո՞ր վայրերն եք սիրում այցելել։

-Որևէ երկիր ուղևորվելիս ինձ համար շոփինքը վերջին տեղում է։ Սիրում եմ այցելել թանգարաններ,  հետաքրքիր օպերային համերգներ, քաղաքի կոլորիտը բնութագրող վայրեր։ Չեմ սիրում բնակվել քաղաքի տրադիցիոն վայրերում տեղակայված հյուրանոցներում. նախընտրում եմ բնակվել այդ քաղաքի կոլորիտային փողոցներում գտնվող հյուրանոցում, որպեսզի տեսնեմ իրական քաղաքը, զգամ դրա շունչը։ Ցանկանում եմ ամբողջությամբ «կուլ տալ» այդ քաղաքը։ Ինքս որևէ քաղաքում նկարվել չեմ սիրում, այլ նկարում եմ քաղաքներից հետաքրքիր շինություններ ու փողոցներ։

Թանգարան այցելելու համար մի ամբողջ օր ենք հատկացնում։  Քանի որ դուստր արվեստագետ է, եվրոպացի շատ արվեստագետ ընկերներ ունի, որոնց հաճախ ենք հյուրընկալում։ Շատ եմ սիրում շփվել նրանց հետ, որովհետև այդպիսով պոկվում եմ տուրիստի կարգավիճակից, մտնում տեղացի ընտանիքի մեջ և մի երեկոյի ընթացքում ավելի շատ բան իմանում, ծանոթանում մշակույթին։

Կա՞ն քաղաքներ, որտեղ ուզում եք կրկին վերադառնալ։

-Այո, ինձ համար առաջինը Անտվերպենն է, Գենտը, Բրյուսելը, Բարսելոնան, Վիեննան, Միլանը, քանի որ այդ քաղաքներ վերադառնալով՝ անընդհատ նոր ու դրական լիցքեր եմ ստանում։

Գուելի այգի, Բարսելոնա

Ու՞մ հետ եք վերջին տարիներին ճանապարհորդում։

-Վերջին տարիներին ճանապարհորդում եմ մորս և դստերս հետ։ Դուստրս պրոֆեսիոնալ ձևով է մոտենում մեր ճանապարհորդությանը, հատուկ ծրագիր է կազմում։ Քանի որ արվեստի մարդ է, շատ լավ գիտի՝ ինչպես հետաքրքիր և վարպետորեն կազմակերպել ուղևորությունը։ Նրա օգնությամբ յուրաքանչյուր քաղաք յուրովի եմ բացահայտում, եթե անգամ այնտեղ մի քանի անգամ եղել եմ, միևնույնն է, տպավորություն է, թե առաջին անգամ եմ։

Գրաֆիկայի եւ դիզայնի մասին գիրք, որում առանձին հրապարակում կա Կարինե Բադալյանի դստեր՝ Արմինա Ղազարյանի մասին

Ի՞նչ է Ձեզ տալիս ճանապարհորդությունը։

-Յուրաքանչյուր քաղաք ինձ նոր լիցք, ուժ, ժպիտներ է հաղորդում։ Ես ժպտերես մարդ եմ և դժվար թե ինձ մի օր հանդիպեք առանց ժպտալու. աչքերս միշտ ժպտում են։ Մարդու աչքերը միշտ պետք է ժպտան՝ անկախ նրանից՝ կյանքում խնդիրներ կան, թե ոչ, որովհետև նրա խնդիրների մեջ բացի իրենից ոչ ոք մեղավոր չէ, ոչ ոքի չի կարելի մեղադրել և վատ տրամադրությունը փոխանցել մյուսներին։ Դա իմ համոզմունքն է, որն  օգնում է ապրել,  բոլորին դրական ընդունել, ճանաչել մարդկանց և մեծ հիասթափություններ չապրել։

 

Գուելի այգի, Բարսելոնա

 Գուելի զբոսայգի, Բարսելոնա

Լեուվեն, Բելգիա

Ամբողջությամբ՝ wnews.am