10-11-րդ դարերում Աղջկաբերդը համարվել է Հայաստանի նշանակալի ամրոցներից մեկը։ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն անձամբ եղել է Աղջկաբերդում կամ Կայենի բերդում։ Պատմում է` այն լուրջ ուսումնասիրությունների կարիք ունի։
«Կայեն անունով մի բերդ էլ է եղել, այն Հաղպատ գյուղի մոտ է, Դեբեդ գետի հովտում, ուստի պատմիչների հիշատակումները փոքր-ինչ շփոթմունք են առաջացնում։ Առանձին ուսումնասիրության թեմա է այն հարցը, թե տեղեկություններից որը որ բերդին է վերաբերում, երկու բերդերն աշխարհագրական դիրքով էլ միմյանցից շատ հեռու չեն»,- Sputnik Արմենիային ասաց Կարապետյանը` խոստանալով զբաղվել այս հարցով։
Նրա տեղեկացմամբ` ամրոցի տարածքում գտնվող եկեղեցին կառուցվածքով հայ առաքելական եկեղեցի է հիշեցնում։
«Բերդամիջում կային տարբեր շինությունների մնացորդներ, ամենաակնառուն խաչաձև, քառախորան հորինվածքով, 10-11-րդ դարի կիսավեր եկեղեցին էր։ Կար նաև զորանոցի նշանակության մի երկար շինություն, տնտեսական նշանակության այլ սենյակներ, բնակելի շինություններ»,- պատմեց նա։
Աղջկաբերդը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Իջևան քաղաքից մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք, անտառապատ սարի գագաթին, որը բոլոր կողմերից եզերված է բարձր ժայռերով ու պաշտպանված է արհեստական, բրգավոր պարիսպներով։
Ժողովուրդն ավանդազրույց է հորինել ամրոցի ստեղծման ու անվան որոշման վերաբերյալ։
Ավանդազրույցներից մեկի համաձայն` Լենկ Թեմուրը տեղեկանում է, որ Տավուշի մարզի այս ամրոցում մի գեղեցիկ աղջիկ է ապրում։ Հրամայում է զինվորներին իր մոտ բերել նրան։ Երեք զինվոր առևանգում են աղջկան։ Մի հովիվ սկսում է հետևել նրանց։ Գիշերը, երբ զինվորները քնած են լինում, հովիվը սպանում է նրանց և աղջկան հետ բերում։ Բարկացած Լենկ Թեմուրը հարձակվում է բերդում ամրացած հայերի վրա։ Մի պառավի մատնությամբ նա կտրում է բերդի ջուրը և միայն այդ ժամանակ հաղթում հայերին։ Աղջիկը պարսպից գետն է նետում իրեն, ու դրանից հետո բերդի անունը դնում են Աղջկաբերդ: