Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների մեծ մասը բավականին հաջողությամբ են բուժվում: Սակայն եթե չբուժվեն, կարող են առողջությանը ծանր վնաս պատճառել: Գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանը և ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ներկայացրեցին այն հիմնական խնդիրները, որոնք կարող են տղամարդկանց և կանանց մոտ առաջանալ չբուժված սեռավարակների հետևանքով:
Մասնագետների խոսքով՝ եթե խլամիդիոզի նման սեռավարակներն առանց անհրաժեշտ ուշադրության են մնում, կարող են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց անպտղություն առաջացնել:
Հայաստանում այս կամ այն սեռավարակների տարածվածության վերաբերյալ, ցավոք, վիճակագրական տվյալներ չկան, սակայն աշխարհում այսօրվա դրությամբ առավել տարածված են համարվում խլամիդիոզը, սուսանակը, տրիխոմոնիազը և հերպեսը:
Խլամիդիոզը բակտերիալ ինֆեկցիա է, որով կարելի է վարակվել սեռական բոլոր ձևերի շփումների ժամանակ: Համարվում է, որ չբուժված խլամիդիոզը կարող է բորբոքային պրոցեսներ առաջացնել կանանց փոքր կոնքի օրգաններում և տղամարդկանց միզուղիներում ու մակամորձիներում: Այս բոլոր բորբոքումներն, իրենց հերթին, կարող են բերել անպտղության և արտարգանդային հղիության:
Սուսանակը նույնպես բակտերիալ հիվանդություն է, որի հարուցիչ Neisseria gonorrhoeae-ն փոխանցվում է սեռական բոլոր ձևերի ակտերի ժամանակ: Տղամարդկանց մոտ հիվանդությունն ուղեկցվում է առնանդամից թարախային արտադրությամբ, միզելիս ցավերով և այրոցով, կարող են նաև աղիների դատարկման խնդիրներ լինել: Կանանց մոտ կարող են ցավեր և արյունահոսություն լինել հեշտոցային սեքսի ժամանակ, միզելիս ցավ ու այրոց և այլ խնդիրներ:
Տրիխոմոնիազը ևս մեկ տարածված ինֆեկցիա է, որի հարուցիչը միաբջիջ մակաբույծ Trichomonas vaginalis-ն է, որով կարելի է վարակվել չպաշտպանված սեքսի ժամանակ: Հիվանդությունը հաճախ ուղեկցվում է սեռական ուղիներից թանձր դեղնականաչավուն արտադրությամբ, քորով, սեռական ակտի ժամանակ ցավով և միզաթողության դժվարությամբ:
Սեռական օրգանների հերպեսը, ի տարբերություն խլամիդիոզի, սուսանակի և տրիխոմոնիազի, վիրուսային հիվանդություն է: Մեկ անգամ օրգանիզմում հայտնվելով՝ հերպեսի վիրուսն այնտեղ է մնում ամբողջ կյանքի ընթացքում, նույնիսկ եթե ախտանիշներն ամբողջությամբ վերանում են: Հերպեսը հատկապես վտանգավոր է հղիության ժամանակ, քանի որ կարող է երեխային փոխանցվել ծննդաբերելիս, նաև կուրություն, ուղեղի ախտահարում, իսկ երբեմն էլ նաև երեխայի մահը հարուցել:
Լուրջ վտանգ է ներկայացնում նաև մարդու պապիլոմայի վիրուսը, որի մի քանի շտամներ քաղցկեղածին են. օրգանիզմ ընկնելով՝ դրանք կարող են քաղցկեղային ուռուցքների աճ առաջացնել: