Մոսկվայում հասարակության ճնշման ներքո փակել են Ջոք Սթերջեսի ցուցահանդեսը
Advertisement 1000 x 90

Մոսկվայում հասարակության ճնշման ներքո փակել են Ջոք Սթերջեսի ցուցահանդեսը

Մոսկվայում հասարակության ճնշման ներքո փակել են սկանդալային հայտնի լուսանկարիչ Ջոք Սթերջեսի «Ջոք Սթերջես. առանց շփոթության» ցուցահանդեսը: Լուսանկարիչը ren.tv-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «զարմացած է և միաժամանակ վշտացած» կազմակերպիչների որոշումից:

«Տխուր եմ, քանի որ ուզում էի հրաշալի շոու կազմակերպել: Նման բան երբեք չի եղել իմ աշխատանքում՝ աշխարհում որտեղ էլ այն լիներ: Իմ աշխատանքները ցուցադրվում են ողջ աշխարհում: Մարդիկ, որոնք համաձայնվում են մասնակցել իմ ֆոտոշարքերին, դա անում են, որովհետև իրենք են դա ցանկանում»,- ասել է լուսանկարիչը:

Սթերջեսի խոսքով՝ իր աշխատանքներում պոռնոգրաֆիա չկա, և ոչ մի պատկերասրահում դա չեն տեսել:

«Ես չէի ցանկանա, որ ոչ ադեկվատ մարդկանց պատճառով, որոնք ինձ սպառնալիքներ էին ուղարկում, Կենտրոնի մոտ խնդիրներ առաջանային, մենք ուզում ենք աշխատել և նոր ցուցահանդեսներ բացել»,- հավելել է ցուցահանդեսի հսկիչ Նատալյա Գրիգորևա-Լիտվինսկայան:

Ավելի վաղ ՌԴ սենատոր Ելենա Միզուլինան հայտնի լուսանկարչի աշխատանքները համարել է մանկական պոռնոգրաֆիա: Ավելի ուշ Հանրային պալատի անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անտոն Ցվետկովը ցուցահանդեսն անվանել է «մանկապղծության մաքուր քարոզ»:

Կիրակի «Ռուսաստանի սպաներ» կազմակերպության ներկայացուցիչներն արգելափակել են ցուցահանդեսի մուտքը, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ կազմակերպիչները որոշել են փակել այն՝ «հանրային կարծիքը չխռովելու համար»: