Ինչպե՞ս կարող է տղամարդը 45 տարեկանից հետո պահպանել երիտասարդությունն ու սեռական առողջությունը
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս կարող է տղամարդը 45 տարեկանից հետո պահպանել երիտասարդությունն ու սեռական առողջությունը

35 տարեկանից հետո տղամարդկանց մոտ աստիճանաբար կրճատվում է արական սեռական հորմոնների արտադրությունը, որոնք պատասխանատու են լիբիդոյի, ակտիվ նյութափոխանակության և օրգանիզմում տեղի ունեցող մի շարք այլ կարևոր գործընթացների համար: Ինչպե՞ս կարող է տղամարդը պահպանել երիտասարդությունն ու սեռական առողջությունը: Մի քանի խորհուրդ են ներկայացնում ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն ու սեքսոլոգ Արա Չարչյանը:

Առողջ ապրելակերպ

Առողջ ապրելակերպը տղամարդուն օգնում է պահպանել հորմոնալ համակարգը, մինչդեռ վնասակար սովորույթները, հակառակը, արագացնում է ծերացման գործընթացն ու բացասական ազդում լիբիդոյի վրա: Եթե ուզում եք ուժեղ և առնական մնալ 45 տարեկանից հետո, պետք է շատ շարժվեք, վերահսկեք քաշը (ավելորդ քաշն ու ճարպակալումը տեստոստերոնի թշնամին են), չծխել, ալկոհոլը չափավոր քանակությամբ օգտագործել:

Կանոնավոր սեռական կյանք

Արա Չարչյանի խոսքով՝ կանոնավոր սեռական կյանքը լուրջ նշանակություն ունի տղամարդու սեռական առողջության համար: Եթե տղամարդը կանոնավոր, թեկուզ ոչ հաճախ, սեքսով է զբաղվում, ավելի մեծ հնարավորություններ ունի մինչև ծերություն պահպանել սեռական գործառույթները:

Սթրես

Ցանկացած սթրես՝ ինչպես բացասական, այնպես էլ դրական, բացասաբար է ազդում տղամարդու առողջության վրա, այդ պատճառով ցանկալի է խուսափել սթրեսերից: Քանի որ դա դժվար է, նույնիսկ՝ անհնար, ցանկալի է սթրեսը կառավարելու միջոց գտնել: Այդ հարցում կարող է օգնել սպորտը, որը նվազեցնում է սթրեսի մակարդակը:

Հորմոններ

Որոշ տղամարդիկ 50 տարեկանից հետո կարող են հորմոններին փոխարինող թերապիա նշանակել, որը կօգնի նորմալ վիճակում պահել լիբիդոն, ինքնազգացողությունը և առողջական վիճակն ընդհանրապես: Սակայն նման թերապիա կարելի է անցկացնել միայն փորձառու բժշկի հսկողության ներքո և միայն մասնագետի նշանակմամբ:

med.news.am