Այսօր Vesti.am-ը տեսանյութ և լուսանկարներ էր ստացել, որն արվել է սեպտեմբերի 1-ին՝ Ախուրյանի ջրամբարում: Տեսանյութի հեղինակի կարծիքով՝ ջրամբարից մեծ քանակությամբ ջուր է բացթողնվել, որի հետևանքով ձկների մոտ թթվածնային քաղց է առաջացել և դրանք բարձրացել են ջրի երես, նրանց սատկելու վտանգը մեծ է:
Vesti.am-ի հետ զրույցում կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանն ասաց, որ դեպքի մասին իմացել է սեպտեմբերի 1-ի երեկոյան, տարբեր կարծիքներ է լսել, սակայն անձնապես նշված վայրում չի եղել և չի ուսումնասիրել:
«Ամենայն հավանականությամբ երկու պատճառ կա: Տեսանյութից երևում է, որ ձկները բարձրացել են ջրի երես, իսկ դա հնարավոր է երկու դեպքում՝ առաջինը, երբ ջրի հետ այլ նյութեր են գալիս, օրինակ, կավ, կիր և այլն:
Երկրորդ, երբ ջրամբարում ջրի մակարդակն այնքան է պակասում, ջրի ներհոսքն էլ այնքան է պակասում, որ ջրի մեջ առկա թթվածինը չի բավարարում այնտեղ ապրող ձկների շնչառությանը,- նշեց կենսաբանը՝ հավելելով, որ դեպքի մանրամասները պարզ կդառնան լրացուցիչ ուսումնասիրություններից հետո:
Նա նշեց, որ ամենահավանական պատճառը երկուսի մեկտեղումն է, այսինքն ջրի քիչ քանակությունը և աղտոտվածությունը: Սակայն դժվարացավ ասել, թե որքան է ջրամբարից ջրի բացթողնման թույլատրելի քանակը:
Պիպոյանը տեղեկացրեց, որ Բնապահպանության նախարարությանը զգուշացրել են և մասնագետները, կարծես, փորձում են զբաղվել խնդրով:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի մասին տեղյակ չէ:
«Դժվար ջրի քանակի պակասից թթվածնային քաղց լիներ, որ ձկներն էլ սատկեին: Այդքան խտության ձուկ այնտեղ չկա: Պետք է գնալ տեղում, ջրի, ձկան քիմիական անալիզ անել, որպեսզի պատճառները ճշտենք»,- նկատեց նա:
Կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար Գաբրիելյանը նշեց, որ իրենց կենտրոնը պետք է պաշտոնական դիմում ստանա:
«Դրանով առաջինը պետք է Բնապահպանության նախարարությունը զբաղվի, այնտեղից փորձանյութ բերեն, ուսումնասիրվի, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվել: Հո՞ վարկածներով չէ, մենք գիտնականներ ենք»,- հավելեց նա:
Մեր այն հարցին, թե ջրամբարում ինչ արժեքավոր ձկնատեսակներ կան, որոնք կարող են վնասվել, Գաբրիելյանը պատասխանեց. «Այնտեղ շատ ձկնատեսակներ կան՝ բեղլու, կողակ, խաշամ և այլն, բայց որոնք են սատկել, չեմ կարող ասել»: