86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Yves Saint Laurent բրենդի համահիմնադիր և մեկենաս Պիեռ Բերժեն: Այդ մասին հայտնել է Le Figaro թերթը:
Բերժեն մահացել է քնած ժամանակ Ֆրանսիայի հարավի Սեն Ռեմի դե Պրովանսում գտնվող սեփական կալվածքում:
Բերժեն ծնվել է 1930 թվականին Ֆրանսիայի Օլերոն կղզում: 18 տարեկանում մեկնել է Փարիզ՝ հույս ունենալով դառնալ հայտնի գրող կամ լրագրող, սակայն արդյունքում իր կյանքի առավել մեծ մասը նվիրեց նորաձևությանը:
1958 թվականին նա ծանոթացել է Իվ Սեն Լորանի հետ: Շուրջ ութ տարի նրանց կապել են ռոմանտիկ հարաբերությունները: 1961 թվականին Բերժեն և Սեն Լորանը բացեցին Yves Saint Laurent նորաձևության տունը: Նույնիսկ բաժանվելուց հետո նրանք մնացին բարեկամներ և բիզնես գործընկերներ:
Բերժեն Yves Saint Laurent-ի գլխավոր տնօրենի պաշտոնն զբաղեցրել է մինչև 2002 թվականը:
Մոդելագործ Իվ Սեն Լորանը 71 տարեկան հասակում 2008 թվականի հունիսին վախճանվել է Փարիզում: