Ուղիղ 102 տարի առաջ այս օրը, 1915 թվականի սեպտեմբերի 12-ին, հաղթանակով ավարտվեց Մուսա լեռան 40-օրյա հերոսամարտը:
1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իշխող երիտթուրքերի կառավարության կողմից ծրագրված և իրականացված հայ ազգաբնակչության տեղահանությունների զոհ դարձան անգամ երկրի ամենահեռավոր անկյուններում գտնվող հայկական բնակավայրերի խաղաղ բնակիչները: Այդ մեծ ոճրագործության դեմ հայ ժողովրդի մղված հերոսամարտերի շարքում առանձնանում է Միջերկրական ծովի ափամերձ տարածքում գտնվող Սուեդիայի շրջանի 6 հայկական գյուղերի բնակիչների ազատամարտը:
Բարձրանալով Մուսա լեռ և այնտեղ կազմակերպելով ինքնապաշտպանությունը` մուսալեռցիները 40 օր շարունակ կարողացան հաջողությամբ ետ մղել թուրքական կանոնավոր բանակի հարձակումները և փրկվել վերահաս կոտորածից: Մարտերի վճռական օրերին, հույս ունենալով ստանալ դաշնակիցների օգնությունը ծովից, լեռան ծովահայաց կողմում մուսալեռցիները բարձրացրել էին սավաններից պատրաստված երկու մեծ պաստառներ: Մեկը՝ ասեղնագործված կարմիր խաչով դրոշն էր, մյուսը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են» անգլերեն գրությամբ պաստառը: Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար նրանց շուրջը գիշերները խարույկներ էին վառվում:
Մուսա լեռան ազատամարտի մասնակիցները՝ հաղթական դրոշի հետ
Բացի դրանից, ծովափին մշտապես պատրաստ հերթապահում էին հատուկ ընտրված մուսալեռցի ժամապահ-լողորդները, որոնք, մարտանավ նկատելու դեպքում, թիթեղյա տուփի մեջ կաղապարված և անգլերեն գրված օգնության կոչով խնդրագիր-դիմումը պետք է արագ լողալով նավ հասցնեին: Սակայն երկար ժամանակ հորիզոնում ռազմանավ չէր հայտնվում, իսկ թուրքերը պարբերաբար դիմում էին հայերին՝ անձնատուր լինելու վերջնագրով:
Վերջապես, սեպտեմբերի 5-ի առավոտյան, հորիզոնում երևում է ֆրանսիական «Գիշեն» հածանավը, որը հետախուզական նավարկություն էր իրականացնում այդ տեղանքում, և որի հերթապահ նավաստին հեռադիտակից պատահաբար նկատել էր սարի վրա տեղադրված կարմիր խաչով դրոշը: Անմիջապես ծով են նետվում և նավին ընդառաջ սկսում են լողալ հայ ժամապահ-լողորդները: Նավից մակույկ է ուղարկվում, որը վերցնում է լողորդներին: Կարդալով խնդրագիր-դիմումը և տեղեկանալով իրավիճակին՝ ֆրանսիացիները հածանավից նախազգուշական հրետակոծություն են իրականացնում թուրքական դիրքերի ուղղությամբ: Այդ օրը երեկոյան ռազմանավը հեռանում է՝ մոտակա օրերին օգնության հասցնելու հաստատուն խոստումով:
Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարը, տեսնելով իրավիճակի ողջ լրջությունը, մուսալեռցիներից պահանջում է անձնատուր լինել, իսկ չենթարկվելու դեպքում սպառնում է անցնել հարձակման և ոչ մեկին չխնայել: Այդ ճակատագրական իրավիճակում մուսալեռցիները ընտրում են թերևս միակ ճիշտ մարտավարությունը. իրենց բարձրադիր դիրքերից նրանք անցնում են անսպասելի և սրընթաց հակահարձակման ու ջախջախիչ հարված հասցնում ավելի ցածրում գտնվող թուրքական առաջապահ դիրքերին, որից հետո թուրքական զինվորները, մեծ կորուստներ տալով, խուճապահար նահանջում են:
Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ու բնակիչներին օգնության հասած «Ժաննա դ՛Արկ» ֆրանսիական զրահապատ հածանավը
Սեպտեմբերի 10-ին Մուսա լեռան ծովափին է մոտենում «Ժաննա դ՛Արկ» ֆրանսիական զրահապատ հածանավը՝ մեկ այլ ռազմանավի ուղեկցությամբ: Ողջ օրվա ընթացքում «Ժաննա դ՛Արկը» իր հեռահար հրանոթներից հզոր գնդակոծության է ենթարկում թուրքական դիրքերը և զինանոցները: Հայկական ինքնապաշտպանության ջոկատների ղեկավարությանը տեղեկացվում է, որ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է նրանց տեղափոխել Պորտ Սայիդ:
Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձան
Սեպտեմբերի 12-ին Մուսա լեռան բոլոր պաշտպանները իջնում են դիրքերից դեպի ծովափ: Հաջորդ երեք օրերի ընթացքում հերոս մուսալեռցիներին՝ շուրջ չորս հազար մարդ, ֆրանսիական և անգլիական ռազմանավերի էսկադրան փոխադրում է Պորտ Սայիդ: Մուսալեռցիներն իրենց հետ են տանում նաև ազատամարտի կարմիր խաչով Փրկիչ դրոշը, որն այժմ որպես սրբազան մասունք պահվում է Այնճարի (Լիբանան) ազգագրական թանգարանում: