Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Պալյանների գերդաստանը:
Հենվելով հայկական և բյուզանդական ճարտարապետական ավանդույթների վրա՝ փաստորեն, հայազգի մյուս մեծահամբավ ճարտարապետից՝ Սինանից հետո Պալյանները նոր շունչ հաղորդեցին և արդիականացրին թուրքական ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը:
Տոհմի առաջին ներկայացուցիչը Կայսերի քաղաքում բնակվող հայազգի Պալի Քալֆան էր, ով ,,Բնիյե-ի Հասսա,, ճարտարապետական ընկերության կողմից հրավիրվեց Կոստանդնուպոլիս՝ աշխատելու ընկերությունում: Մինչ այդ, վարպետ Պալին, ով ճարտարապետական կրթություն չուներ, Կայսերիում հայտնի էր որպես հմուտ քարագործ, ով գեղեցիկ շինություններ էր կառուցում: Քալֆա բառը թուրքերենում նշանակում է ինքնուս վարպետ:
Վարպետ Պալին երեք որդի ուներ՝ Գրիգորը, Սենեքերիմը և Պետրոսը: Նրանք փառավորեցին իրենց և Պալյանների տոհմի անունը՝ կառուցելով բազում հիասքանչ շինություններ մայրաքաղաքում:
Գրիգոր Պալյանը ծնվել է 1764 թվականին: Նա Սելիմ Գ սուլթանի կողմից նշանակվեց Պոլսի կառուցապատման պատասխանատու ,,Հասսա,, ճարտարապետական ընկերության գլխավոր ճարտարապետ: Նա միաժամանակ սուլթանի խորհրդականն էր: Գրիգոր Պալյանը կառուցեց Դավութ փաշայի պալատը, Ռամի պալատը, Սելիմյե և Թաքսիմի զորանոցները, Նյուսրեթիյե մզկիթը: Առանց չափազանցնելու, այս կառույցներից մանավանդ Դավութ փաշայի և Ռամի պալատները, Պոլսի այցեքարտերից են համարվում: Գրիգոր Պալյանը մահացել է 1831 թվականին: Նա կառուցել է նաև Բեշիկթաշի թագավորական և այլ պալատներ, նաև՝ Քասր-ը-Ջեդիդը, Թերսանեի դղյակը, Թոփխանեի մզկիթը, Գում Գափուի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Բախչեքյոյի Վալիդե ամբարտակը, եկեղեցի՝ Կեսարիայում, և այլն:
Գրիգոր Պալյանի կրտսեր եղբայրն է Սենեքերիմ Պալյանը, ով ծնվել է 1768 թվականին, մահացել՝ 1833 թվականին: Նա Պոլսում կառուցել է 85 մետր բարձրությամբ Բեյազետի աշտարակը:
Առավել աչքի ընկավ Գրիգոր Պալյանի որդին՝ Կարապետը (1800-1866): Նրա ստեղծագործությունների պսակն է Դոլմաբախչեի պալատը: Այն Թուրքիայի ամենաընդարձակ պալատն է: Ունի 285 սենյակ, 43 սրահ, 43 զարդասենյակ, 6 թուրքական բաղնիք: Դոլմաբախչեի պալատը Օսմանյան սուլթանների վերջին նստավայրն էր: Կարապետ Պալյանն այն կառուցեց Աբդուլ Մեջիդ Ա սուլթանի պատվերով:
Այն անվանի է նաև նրանով, որ Դոլմաբախչեն 1921 թվականին դարձավ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նստավայը, ուր էլ նա մահացավ 1938 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 09-05-ին: Դոլմամախչեի պալատն այժմ թանգարան է, ուր բոլոր ժամացույցները կանգնեցված են և ազդարարում են Աթաթուրքի մահվան ժամը:
Դոլմաբախչեի պալատում պահպանվում և ցուցադրվում է հայ անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարների ամենամեծ հավաքածուն:
Կարապետ Պալյանն իր գործունեությունից առաջ երկար շրջագայեց Անիում՝ ուսումնասիրելով հայկական միջնադարյան ճարտարպետությունը՝ արդիականեցնելով և կիրռելով այն նորովի:
Կարապետ Պալյանի գործերից են նաև Չիֆթե սարայլարը (Զույգ պալատ), Չրաղանի հին պալատը, Իզմիթի իշխանական դղյակը, Ելդըզի հին ապարանքը, Եդիքուլեի «Սուրբ Փրկիչ» հայոց հիվանդանոցը, կից՝ Սուրբ Հակոբ, Բեշիկթաշի Սուրբ Աստվածածին, Քուրուչեշմեի Երևման Սուրբ Խաչ, Գալաթասարայի Սուրբ Երրորդություն եկեղեցիները, Դոլմաբախչեի մզկիթը, նաև ամբարտակներ, գործարաններ և այլն: Գործունեության ընթացքում նա ընդհանուր առմամբ կառուցել է 7 պալատ, 4 գործարան, մզկիթ, զորանոցներ, 4 եկեղեցի, 2 հիվանդանոց, 3 դպրոց և այլ շինություններ:
Կարապետ Պալյանը ակտիվ մասնակցում էր հայության հասարակական կյանքին: Նա հայոց ազգային, հոգևոր ժողովների անդամ էր: Հոգացել է Սկյուտարում իր կառուցած ճեմարանի ծախսերը, նյութապես օժանդակել «Սուրբ Փրկիչ» հայոց հիվանդանոցի շինարարությանը, որին կից հիմնել է գյուղատնտեսական ուսումնարան: Պարգևատրվել է թուրքական կառավարության «Պատվո նշան» շքանշանով:
Իսկ Կարապետ Պալյանի որդին՝ Նիկողայոսը (1826-1858), շարունակեց հոր գործը՝ զարդարելով Դոլմաբախչեի պալատի ճակատային մասը: Նիկողայոս Պալյանը 1845 թվականին ավարտել է Փարիզի Սեն Բարբ բարձրագույն վարժարանի ճարտարապետության բաժինը: Նա մասնավոր արվեստանոց բացեց Պոլսում, ուր սովորեցնում էր հայ որմնանկարիչներին, քարագործ վարպետներին: Նա նաև ակտիվորեն մասնակցում էր պոլսահայերի հասարակական կյանքին: Մասնակցել է 1863 թվականին սուլթանի կողմից հաստատված Ազգային սահմանադրության մշակմանն ու քննարկմանը: Այս ճարտարապետը մահացավ երիտասարդ հասակում, բայց հասցրեց կառուցել նաև Դոլմաբախչեի ժամի աշտարակը, թագադրության սրահը, պալատական թատրոնը, Սկյուտարի Գոշուելուի Աթիլե սուլթանի պալատը, Դոլմաբախչեի և Օրթաքյո մզկիթները: Նա նաև Չըրաղանի հին պալատի գրադարանի կառուցողն է և նոր պալատի նախագծողը:
Պալյանների գերդաստանի ամենահռչակավոր ու ամենաանվանի ներկայացուցիչը Սարգիս Կարապետի Պալյանն է: Նա 19-րդ դարի Օսմանյան կայսրության ամենահանճարեղ ու ամենահեղինակավոր ճարտարապետն էր, Օսմանյան կայսրության վերջին գլխավոր ճարտարապետը: Ծնվել է 1835 թվականին, Կոստանդնուպոլսում, սովորել է Փարիզի Սեն Բարբ բարձրագույն դպրոցի ճարտարապետության բաժնում, ապա՝ Էկոլ Սանտրալի արվեստի բաժնում, Փարիզի գեղարվեստի դպրոցում: Սարգիս Պալյանը նաև մեծ գյուտարար էր: Նա երկու մեքենաների գյուտի հեղինակ է, որոնք Լոնդոնի միջազգային ցուցահանդեսում մրցանակի են արժանացել, ինպես նաև, դրանց համար բրիտանական կառավարության կողմից Սարգիս Պալյանն ստացել է մենաշնորհ: Մահացել դարավերջին՝ 1899 թվականին:
Սարգիս Պալյանի ձեռնարկներից ավելի, քան հիսունն այսօր էլ կանգուն են և զարդարում են Ստամբուլը՝ վեհություն ու նրբաճաշակ շունչ հաղորդելով քաղաքին: Իսկ Սարգիս Պալյանի ամենահրաշագեղ կառույցը Չըրղան պալատն է:
Սարգիս Պալյանի ձեռագործն է նաև հայտնի Ելդըզի պալատը, Բեյլերբեյի պալատը, Չըրաղանի նոր պալատը, Գանտիլլի Աթիլե սուլթանի, Բալթալիմանի ծովափնյա, 12 կայսերական ու մեծահարուստների ապարանքները, 4 մզկիթ, Բեշիկթաշի Մաքրուհյան վարժարանը, Համիդիեի ժամացույցի աշտարակը և այլն:
1873 թվականին հիմնել է շինարարական մեծ ընկերություն, որն զբաղվում էր կամուրջների ու երկաթուղիների կառուցման աշխատանքներով:
Սարգիս Պալյանին օսմանյան սուլթանները առատ պարգևատրեցին իր ծառայությունների համար: Պետք է նշել սակայն, որ հայկական միջավայրում անվանի ճարտարապետը հալածանքների ու բանադրանքների էր ենթարկվում՝ իր զբաղեցրած բարձր դիրքի պատճառով: Չնայած դրան՝ նա սիրահոժար աջակցում էր հայ համայնքին դրամական միջոցներով: Մասնավորապես, իր միջոցներով կառուցել է Տոլաբդերեի Արշակունյաց և Վանի նահանգի Մերամեթ գյուղի վարժարանները: Նա իր պալատում է հյուրընկալել անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն, որի աշխատանքներով ոգեշնչված՝ ինքն էլ նկարում էր, նաև՝ հրաշալի դաշնակահար էր: Սարգիս Պալյանն է Այվազովսկուն ներկայացրել սուլթան Աբդուլ Ազիզին, և վերջինս մեծ պատվերներով ապահովել է ծովանկարչին:
Սարգիս Պալյանն ապրում էր Պոլսի մոտ գտնվող Գուրուչեշմեի իր կղզյակում, որտեղ էլ մահացավ:
Նրա եղբայրը՝ Հակոբ Պալյանը, (1838-1875) սուլթան Աբդուլ Ազիզի պատվերով կառուցեց Բեյլեբեյի հսկա պալատը: Պալատի կառուցմանը միաժամանակ 5000 բանվորներ էին մասնակցում: Կառուցել է նաև Բեյքոզի, Սկյուտարի Գոշուելուի Մայր թագուհու և 2 փաշաների ապարանքները, Աքսարայի Բերթևնիյալ Մայր թագուհու մզկիթը, այլ կառույցներ: Նա ևս հովանավորում էր Ստամբուլի հայ գործիչներին, իր հարկի տակ հավաքում նրանց: Իր միջոցներով կառուցել է Արևելյան թատրոնի և վերակառուցվել Օրթագյուղի Բարեսիրաց թատրոնի շենքերը:
Հայտնի է, որ Տիգրան Չուխաջյանն իր «Արշակ Բ» օպերան ձոնել է վաղամեռիկ Հակոբ Պալյանին, ով մեծահարգ մեկենաս էր և հաճախ էր իր տանը կազմակերպում պոլսահայ մտավորականների, արվեստագետների հավաքներ, ճաշկերույթներ: «Արշակ Բ» օպերայի նախերգանքը կատարվել է Հակոբ Պալյանի ապարանքում՝ 1868 թվականին: