Սեքսուալ սննդակարգ
Advertisement 1000 x 90

Սեքսուալ սննդակարգ

Վաղուց հայտնի է, որ սննդամթերքի տեսակից կախված է սեռական կյանքի որակը: Սեքսուալ հաղթանակներ նվաճելու նպատակով հավանաբար շատերը փորձած կլինեն ավանդական բոլոր հայտնի հնարքները: Այս հարցում մեծ դեր ունեցավ հատկապես Ինն ու կես շաբաթ» էրոտիկ ֆիլմը, որը դիտելուց հետո լայն տարածում գտավ սիրեցյալի մարմնին բալի մուրաբա քսելու տարբերակը:

Սեքսուալ խոհանոցում մեծ ուշադրության են արժանի ֆոսֆորով հարուստ մթերքները: Դեռ հին հռոմեացիներն ասում էին, որ ձուկը սնում է ցանկասիրությունը: Այդ ձկներից են` կատվաձուկը, կաղամարը, ոստրեն, ինչպես նաև մեր հանրահայտ իշխանը:

Ուժեղ խթանիչ ներգործություն ունեն նաև մրգերը: Արևելքում ցայսօր նռան հատիկները խորհուրդ են տրվում զուգընկերոջը` սիրո գիշերից առաջ: Այս կարգի «օգնական» է համարվում նաև անանասը:

Բանջարեղենից առանձնացնում են ծաղկակաղամբը և գազարը: Ընկույզը (հատկապես` սովորական, նուշը և պիստակը) պարունակում է վիտամինների և միկրոէլեմենտների բացառիկ հավաքածու. դրանք անփոխարինելի են հոգնածության և սթրեսների ժամանակ:

Շատերը, հատկապես երիտասարդները այն թյուր կարծիքի են, թե ալկոհոլը, իբր, խթանում է սեռական ցանկությունը և ուժեղացնում պոտենցիան: Սեքսոլոգները այս տեսակետի հետ կտրականապես համաձայն չեն:

Հարբեցողությունը «ստիպում» է մեր լյարդին արտադրել հսկայական քանակությամբ ֆերմենտներ, որոնք քայքայում են տեստոստերոնը` տղամարդու լիբիդոյի (սեռական ցանկության) հորմոնը: Ժամանակակից հետազոտությունները պարզել են, որ միջին տարիքի տղամարդկանց զգալի մասը չի կարողանում էրեկցիայի հասնել անգամ երեք կում լիկյորից հետո (հարյուր գրամից քիչ պակաս): Իսկ երկարատև հարբեցողությունը կարող է հանգեցնել սեռական անկարողության և անպտղության:

Թունդ ըմպելիքներ օգտագործելը, ինչպես նաև մեծ քանակությամբ գարեջուր կամ գինի խմելը սպառում է ֆոլաթթվի պաշարները: Օրգանիզմում նրա պակասի ախտանշաններն են` դյուրագրգիռություն, մոռացկոտություն, թուլություն, հոգնածություն, հաճախակի լուծ, գլխացավ և սեքսուալ ակտիվության նվազում: Այնպես որ, ինքներդ որոշեք` խմել, թե ոչ:

Սեքսուալ ակտիվությունը խթանող միջոցները կոչվում են աֆրոդիզիակներ` ի պատիվ հին հունական սիրո աստվածուհու` Աֆրոդիտեի:

Նեխուր

Աֆրոդիզիակների շարքում այս բույսը առաջատարներից է: Պատահական չէ, որ Լյուդովիկոս 15-րդի սիրուհի մարկիզա դե Պոմպադուրը, ով «անկողնային վագրուհի» էր, միշտ նեխուրով տաք շոկոլադ էր ըմպում:

Ընկույզ

Հնդկացիները, արաբներն ու չինացիները սեռական կարողությունը պահպանելու համար հնուց ի վեր նուշ են օգտագործում: Իսկ պնդուկը համարում են «կրքի կորիզ»` իր գրգռիչ ազդեցության պատճառով: Հնդկաստանում սիրային լավագույն ուտելիքներից է նաև մեղրով պիստակը:

Ռեհան

Այս հոտավետ բույսը ցայտուն կերպով ուժեղացնում է սեռական ցանկությունը` լիբիդոն: Այդ տեսակետից այն խորհուրդ է տրվում պարտադիր և հաճախակի օգտագործել 50-ն անց մարդկանց:

Սոխն ու սխտորը բոլոր ժամանակներում էլ հայտնի են եղել իբրև սեռական ցանկության խթանիչներ: Այդ պատճառով իրենց հայրենիքում` Եգիպտոսում, սոխն ու սխտորը սուրբ բույսեր են համարվում:

Մեղր

Ինչո՞ւ է ամուսնական առաջին ամիսն կոչվում «մեղրամիս»: Որովհետև մեղրը նույնպես հրաշալի աֆրոդիզիակներից է: Հին Պարսկաստանում հարսանիքից հետո նորապսակները մի ամիս շարունակ մեղրաջուր էին խմում` իրենց ապագա երեխային շուտ բեղմնավորելու նպատակով:

Ծովամթերք

Ծովախեցգետինը, խեցգետինը և ծովի պարգևած այլ բարիքները վաղուց փորձված աֆրոդիզիակներից են: Բայց «ամենացնցողը», թերևս, ոստրեն է, քանի որ այն ոչ միայն օգտակար է, այլև շատ ռոմանտիկ տեսք ունի:

Սմբուկը, ինչպես նաև լոբին, սունկը, ծաղկակաղամբը, դեղձը, բանանը, խնձորը, խաղողն ու շոկոլադը սեքսուալ կյանքը կարող են դարձնել ավելի հետաքրքիր և հագեցած: Կարևորը` ամեն ինչը չափի մեջ: Միևնույն մթերքը քիչ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է ակտիվացնել սեռական ցանկությունը, իսկ չարաշահելու դեպքում, ընդհակառակը, կարող է ընկճել:

Հեղինակ` բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

doctors.am