Աննա Գևորգյանի համոզմամբ` ընտանիքը շատ բարդ համակարգ է: Հայկական եթերի յուրահատուկ կերպարով ու ժպիտով հաղորդավարուհին ընտանեկան ու անձնական նուրբ հարցերի շուրջ անկեղծացել է BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում: Գեղեցիկ ընտանիքի հետ նաև աշնանային գունեղ ֆոտոշարք ենք իրականացրել:
«Ինձ երջանիկ չեմ զգում, եթե…»
Բոլորն այն կարծիքին են, թե Աննան թռի-վռի կյանք սիրող մարդ է, բայց իրականում իմ մեջ շատ փոքր տարիքից մայրական բնազդն ու ընտանիքի հանդեպ սերը եղել է ամենավառ արտահայտված գիծը: Ու ամեն ինչից առավել ինձ համար դա է եղել առաջնայինը, դրա համար էլ, կարելի է ասել, կարիերայում մեծ նվաճումներ չեմ ունեցել: Ես չեմ ձգտել դրան, կարիերիստ չեմ, սիրում եմ լինել անկախ ֆինանսապես, բայց չեմ սիրում ապրել միայն աշխատանքով: Եթե ես չունեմ տան ջերմություն, կողակից, ում համար իմ էներգիայի մեծ մասն եմ տալիս, իմ մտքերի մեծ մասը, ինձ երջանիկ չեմ զգում:
«Պիտի բամբակը ես լինեմ, բայց…»
Դժվար ամուսնացա, որովհետև բազմաթիվ մարդկանց շարքում չէի գտնում նրան, ում հետ ուզում էի ապրել: Վլադիմիրի դեպքում, երևի թե, հենց առաջին հանդիպումից շատ մեծ սիրահարվածություն եղավ: Նրա պես զուսպ, շքեղ, ուշադիր, հարգանքով, հոգատար մարդու չէի հանդիպել: Ինձ համար շատ անակնկալներ են արել, այնպիսի բաներ, որ կգրավեր շատ աղջիկների, բայց Վլադի մաքրությունն ու վերաբերմունքն առանձնահատուկ էին: Ինձ համար այս կյանքում ամենավախենալու բանը եղել է ստանդարտ, միանման, հասարակ լինելը ցանկացած հարցում: Եթե այնպես է, ինչպես բոլորի դեպքում, ինձ համար շատ վատ է. հարմարավետ չեմ զգում: Երկուսս էլ տեսակով ոչ ստանդարտ մարդիկ ենք, ինչը շատ ժամանակ խանգարում է մեզ, որովհետև երկուսս էլ շատ բարձր զրնգացող զանգակներ ենք: Պիտի բամբակը ես լինեմ, բայց՝ չեմ: Ինքս մեղմ, հոգատար մարդ եմ, բայց երբ հարցը հասնում է ենթարկվելուն, խափանում է տեղի ունենում:
«Ճիշտ ընտրություն ենք արել»
Ինձ հետ դժվար է միայն այն դեպքում, երբ անտեղի մեղադրում են: Գուցե իմ կարծիքն է, որ անտեղի է:): Որքան ինձ հետ է դժվար, այնքան էլ՝ Վլադի: Ճիշտ ընտրություն ենք արել, որովհետև եթե շատ ստանդարտ մտածելակերպով մարդիկ չեն ընդունում իրեն այդպիսին, ինձ՝ այսպիսին, մենք իրար ընդունում ենք: Երկուսս էլ ունենք բնավորության այնպիսի գծեր, որոնք հայ շատ աղջիկներ և տղաներ գուցե չընդունեին և հանդուրժեին: Մենք, ճիշտ է, հանդուրժում ենք, բայց ոչ՝ խաղաղ կերպով:): Մենք հիշաչար չենք. մի քանի րոպե հետո մոռանում ենք տարաձայնության մասին:
«Հնարավոր չէ նրանից նեղանալ»
Վեճերից հետո առաջին քայլը Վլադն է անում: Մեր վեճերը տևում են մի քանի րոպե. 3 րոպե բուռն վիճում ենք, մոտ հինգ րոպե անց կարող ենք գրկախառնվել, հաճոյախոսություններ անել, ֆիլմ դիտել, երեխաների հետ գնալ զբոսնելու և ապրել մեր երջանիկ առօրյայով: Չեմ էլ կարող նեղացած մնալ, քանի որ Վլադն այնքան հումորով է, համառ, որ հնարավոր չէ նրանից նեղանալ:
«Մենք շարունակում էինք մնալ ընտանիք՝ չլինելով ընտանիք»
Մեր վեճերն ամեն օր էլ այնքան լուրջ են լինում, որ հենց այդ վայրկյանին որոշում ենք առանձնանալ, բայց մի քանի րոպե հետո մոռանում ենք: Մեկ անգամ եղել է ավելի լուրջ վիճակ. երկրորդ երեխայից հետո` սպառված հետծննդաբերական ապրումներից, շատ կտրուկ մոտեցում ցույց տվեցի նրա սխալ քայլին և որոշ ժամանակով խզեցի մեր հարաբերությունները: Շփում կար, այն ընկերական էր: Մենք շարունակում էինք մնալ ընտանիք՝ միաժամանակ չլինելով ընտանիք: Մի քանի ամիս տևեց, բայց այդ ընթացքում մենք շունչ քաշեցինք, «ռեստարտ» եղանք: Դրանից հետո մեր վերաբերմունքը միմյանց հանդեպ շատ փոխվեց: Բաժանումը շատ ավելի ամրացրեց մեզ: Վլադն ավելի հասունացավ, սկսեց գնահատել մեզ, որովհետև տղամարդու համար դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ բացի իրենից, պետք է տեր կանգնի նաև ևս մի քանի հոգու: Միանգամից երկու երեխա, կին ունենալը մեծ սթրես է տղամարդու համար, և դադարից հետո նա կարողացավ ավելի արժանապատվորեն հոգ տանել իր ընտանիքի մասին:
«Ստել եմ եկեղեցում:)»
Ես գիտակցում եմ, որ ընտանեկան շատ խնդիրներ, որոնք ունենում ենք, իմ պատճառով են, որովհետև շատ ինքնուրույն մարդ եմ, սիրում եմ որոշումներս միայնակ կայացնել: Գիտեմ, որ կինը պետք է ցանկացած դեպքում, եթե նույնիսկ համաձայն չէ, հնազանդ լինի: Բայց ես, փաստորեն, ստել եմ եկեղեցում:): Այժմ փորձում եմ ինձ վրա աշխատել, լինել ավելի ենթարկվող: Գիտեմ և ընդունում եմ իմ այդ վատ հատկանիշը, որը ցանկացած մարդու հետ էլ կխանգարեր ինձ:
Թանկ գնահատելով ընտանիքը
Ընտանիքը շատ բարդ համակարգ է, որը կառուցվում է ամենօրյա մեծ ուժի և ջանքերի շնորհիվ: Չկա ընտանիք, որը երջանիկ է և ամուր հենց այնպես: Դրա հիմքում երկկողմանի զիջումներ, համբերություն, ուժ ու ջանք է դրված, որ ամեն բան հարթ լինի: Ասածս կհասկանան բոլոր նրանք, ովքեր ունեն ընտանիք և թանկ են գնահատում այն: Բազմաթիվ մոտ ու հեռու մարդկանց երջանիկ և դժբախտ ընտանիքների պատկերն ուսումնասիրելով՝ հասկացել եմ՝ ընտանեկան երջանկությունը ճախրող մարդկանց թևերը կոտրում է՝ հանուն տան երջանկության, առանց որի ոչ մի թռիչք էլ երջանկություն չի պարգևեի: Բոլորն էլ յուրովի դժբախտ են, բայց, անկասկած, երջանիկ, որովհետև կյանքում շատ բաներ կարելի է մեկը մյուսով փոխարինել, այլ տարբերակներ գտնել, իսկ ընտանիքի բացակայությունը ոչնչով չես լրացնի: