Մանկական հիշողություններիս մեջ տպավորվել է մի ծաղիկ, որն առաջին հայացքից շատ նման էր հնգագագաթ մուգ կարմիր սուտակի գույն ունեցող աստղի։ Դա Ստեփանավանից Կալինինո (Տաշիր) տանող ճանապարհին մոտ լճերի ափին էր։ Այն աճում էր եղեգնի մացառուտներից մի փոքր հեռավորության վրա։ Ոչ մեծ` 20-100 սմ բարձրության բույսերի փոքր խումբ, որոնց ճյուղերի գագաթներին տեղակայված էին ոչ մեծ թվով միայնակ աճող ծաղիկներ։ Ես կտրեցի դրանցից մեկը եռաբաժան բարդատերևիկների հետ միասին և երկար տարիներ պահում էի իմ չորացրած բույսերի հավաքածուում։
Նույնիսկ տեղաբնակները դժվարացան ինչ-որ տեղեկություններ պատմել բույսի մասին։ Տարիներ անց Աշոտ Երկաթի բերդից ոչ հեռու գտնվող Ագարակ գյուղի բնակիչ մի տարեց հովիվ պատմում էր հայրիկիս, թե ինչպես է կարողանում պահպանել շարժունակությունը։ Մեծ էր զարմանքս, երբ հովիվը սկսեց պատմել յայլաների մոտակայքում հանդիպող բույսերի և հատկապես թրախոտի (նաև` լուծախոտ) կամ, ինչպես ինքն էր անվանում, կոճղաբույսի մասին։ Նա պատմում էր, որ բույսի թուրմով բուժում են ձիերին ինչ-որ հիվանդությունից, և որ այն շատ հազվադեպ է հանդիպում։ Պատմեց նաև, որ նույնիսկ փորձել է մշակել թրախոտը, բայց ցանկալի արդյունքի չի հասել։ Հովիվի թոռնուհու հավաքածուում ես տեսա նաև իմ ծաղիկի կրկնօրինակը, ծերունին պատմում էր հենց դրա մասին։
Թրախոտ ճահճայինը – Comarum palustre վարդազգիների ընտանիքին պատկանող բույս է։ Կարճ մազիկներով պատված ձմեռող կոճղարմատի հանգույցներից ուղղաձիգ վեր են բարձրանում ցողունները։ Ցողունի ցածր մասում գտնվող տերևները բաղկացած են 7 կամ 5 տերևիկներից։ Տերևիկները վերևից կանաչ են, հակառակ երեսը` արծաթավուն և խավապատ։ Ծաղիկներն ունեն վարդազգիներին բնորոշ կանոնավոր կառուցվածք, սակավաթիվ են, երկսեռ։ Ծաղկաբաժակը կազմված է երկու շերտից` հինգ մանր ենթատերևիկ և հինգ ձվաձև մուգ կարմիր բաժակատերևներ։ Թվով հինգ ծաղկաթերթերը սուր նշտարաձև են և մի քանի անգամ կարճ բաժակատերևներից։ Ունի բազմաթիվ առէջքներ և վարսանդներ։ Բազմաթիվ մանր հարթ սերմնապտուղները պատում են ծաղկակալը։ Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին։ Մեղրատու բույս է, ծաղկափոշու և հյութի մատակարար` 1 հա մացառուտների մեղվատվությունը 200 կգ է։
Տարածված է Եվրասիայի բարեխառն գոտիներում, Արկտիկական շրջաններում տունդրայում կանգնած ջրերի, լճերի ափամերձ տարածքներում, ճահիճներում։ Կոճղարմատը երբեմն գտնվում է ջրի մեջ, երբեմն պառկած է հողի վրա, ցողունը հանգույցից արմատակալում է։ Ինչպես և խնկեղեգը, թրախոտը տարածել են քոչվոր ցեղերը։ Հավանաբար թրախոտը պետք էր նրանց ձիերին բուժելու համար։
Հնագույն ժամանակներից հյուսիսային ժողովուրդները, բուժարար-շամանները օգտագործել են թրախոտը բազմաթիվ հիվանդությունների բուժման համար։
Կան պատմական տվյալներ այն մասին, որ Ռուսաստանում 19-րդ դարի կեսերին թրախոտն օգտագործել են խոլերայի, տիֆի, ժանտախտի համաճարակների դեմ պայքարելու համար։ Տիբեթյան բժշկության մասին գրականությունում հաճախ է հիշատակվում Ցուլտիմ Բադմաևի անունը։ Նա 1853թ. կարողացել է նվազեցնել տիֆի տարածումը Չիտայի մարզում, իսկ 1857թ. հրավիրվել է մայրաքաղաք` որպես տիբեթյան բժշկության գիտակ։ Հայրենիքին մատուցած մեծագույն արժանիքները բարձր են գնահատվել կայսր Ալեքսանդր Բ-ի կողմից: Ցուլտիմը ընդունել է քրիստոնեական Ալեքսանդր Ալեքսանդրովիչ անունը և դարձել կայսեր խաչորդին։ Բադմաևի և նրա եղբոր` Պետրոսի աշխատություններում հաճախ է հիշատակվում թրախոտը։
Հետաքրքիր է, որ ստամոքսի կրծքագեղձերի, տղամարդկանց և կանանց սեռական օրգանների քաղցկեղի բուժման համար պատրաստվող դեղաբուսային տարբեր փնջերում տիբեթյան բուժարարները բոլորից հաճախ ընդգրկել են թրախոտը։ Բուժիչ նպատակներով օգտագործվում են բույսի բոլոր մասերը։ Պատրաստուկներն ունեն ջերմիջեցնող, քրտնամուղ, արյունահոսությունը կանխող, ցավազրկող, հակաբորբոքային, ճնշումն իջեցնող հատկություն։ Վերացնում է վնասակար բակտերիաները։ Կիրառում են դիզենտերիայի, փորացավի, նյութափոխանակության խանգարման, արգանդային արյունահոսության, լուծի, վեներական հիվանդությունների, նորագոյացությունների, թոքախտի, հոդատապի դեպքում։
Խոտի եփուկով մաքրում են վերքերը, կանխում քորը, կանխարգելում արյունահոսությունը։ Միայն տերևներից պատրաստված թուրմը խորհուրդ է տրվում չարորակ ուռուցքների առաջացման և աճի կանխարգելման համար և որպես օժանդակ միջոց բուժման ընթացքում։ Տրորած կամ աղացած թարմ տերևները դնում են թրոմբոֆլեբիտով, նևրալգիկ ցավերով, գոտևորքինով, չիբանով, «խոցված» մարմնի հատվածներին։
Արմատի եփուկը հնուց կիրառել են ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների հետևանքով առաջացող հաճախ կրկնվող լուծի բուժման համար։ Բույսի բոլոր մասերի համատեղ խառնուրդի եփուկը օգնում է խուսափել ներքին արյունահոսություններից և հեմատոմաների առաջացումից, ինչը շատ կարևոր է հեմոֆիլիայի սրացման շրջանում։
Թրախոտի բուժիչ հատկությունների ուսումնասիրություններ են կատարել մոնղոլ, չինացի, կորեացի, ճապոնացի բժիշկները։ Բույսն ընդգրկվել է այդ երկրների դեղաբանական ձեռնարկների մեջ։ Նրանք հանգել են հետևության, թե բույսն ունի հզոր հակաուռուցքային հատկություն։ Ոչ պակաս արժեքավոր է հակագիստամինային հատկությունը, ինչի շնորհիվ թրախոտը կիրառվում է բրոնխների ասթմայի և օրգանիզմի սինթետիկ դեղերով գերհագեցման հետևանքով առաջացած ալերգիայի բուժման համար։
Առանձնապես կարևոր և տարածված է բույսի ոգեթուրմի, թարմ աղացած տերևներով վիրակապի, քսուքի կիրառումը հոդերի բորբոքման դեպքում։ Հոդերի բորբոքման, տարբեր բնույթի ռևմատիզմի, ինֆեկցիոն ռևմատոիդ պոլիարտրիտի, և այլն, բուժումը ենթադրում է բոլոր նշված պատրաստուկների համատեղ կիրառումը։ Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ այսօր ՀՀ դեղատներում վաճառվում են թրախոտի հիմքի վրա պատրաստված քսուքներ։ «Էվալար» ֆիրմայի «Սաբելնիկ» միջոցը նպաստել է նոր առաջացած գիգրոմայի վերացմանը, շարժունակության վերականգնմանը կամ հոդացավերի նվազմանը։ Քսուքն ունի պետական գրանցում։
Թրախոտը պարունակում է օրգանական թթուններ, դաբաղանյութ, կատեխին, կվերցետին և կեմպֆերոլ ֆլավոնոիդներ, ֆենոլակարբոնային թթուներ և դրանց ածանցյալները, բարդ բաղադրություն ունեցող եթերային յուղ (պինեն, տերպենիոլ, մեթիլգեպտենոն), կարոտին, ասկորբինաթթու։
Ոգեթուրմ. Մանրացրեք, խառնեք թրախոտի կոճղարմատը, ցողունը, 100 գ հումքին ավելացրեք 1 լ օղի, կիպ փակեք տարան և վեց շաբաթ թրմեք մութ տեղում։ Քամեք, հումքը մզեք։ Ոգեթուրմը կարելի է պատրաստել նաև բույսի տերևից կամ ծաղիկից։ Խմեք 1 ճ/գ, օրը 3-5 անգամ` սնվելուց մեկ ժամ առաջ։
Ստամոքսի քաղցկեղ. Ոգեթուրմն ընդունելուց առաջ խմեք 1 թ/գ տաք հալեցրած կարագ։
Թուրմ. 1 ճ/գ կոճղարմատը 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա 200 մլ տաք ջրում, թրմեք մինչև հովանալը։ Քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-5 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Քսուք. Մանրացրեք թրախոտի կոճղարմատը, լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք ձիթապտղի յուղ այնքան, որ ծածկի հումքը (մոտ 1 սմ բարձր), 21 օր թրմեք տաք տեղում (կարելի է արևի տակ)։ Քամեք։
Հալեցրեք բնական մեղրամոմը և խառնեք տաքացրած յուղամզվածքի հետ` 1։3 հարաբերությամբ։
Օստեոխոնդրոզի, ռևմատիզմի, արթրիտի, հոդատապի դեպքում. Օրը 2 անգամ շփեք ցավոտ մասին` մինչև ներծծվի, անհրաժեշտության դեպքում վիրակապեք թանզիֆով։ Տաք պահեք։
Կարելի է օգտագործել թրջոցների համար նախատեսված հատուկ թուղթ։ Քսուքով կարելի է մշակել բորբոքված երակները` թութքի, տրոֆիկ խոցի դեպքում։
Հոդացավեր. Փոշիացրեք և խառնեք թրախոտի, կղմուխի, մատնունի ուղիղի (Potentilla erecta) կոճղարմատները (4։1։1)։ Ջրային բաղնիքի վրա հալեցրեք 1 կգ կարագ, երբ գոլանա` հետզհետե ավելացրեք և լավ խառնեք 300 գ բույսերի արմատների (կոճղարմատների) փոշին։ Խառնեք միայն մեկ ուղղությամբ։ Այլ կերպ քսուքը կշերտավորվի։
Օգտագործման ձևը. Թրախոտի ոգեթուրմը լուծեք գոլ ջրի մեջ (1։5-1։10) և դրեք թրջոց հիվանդ մասին, վրայից ծածկեք համապատասխան` թրջոցների համար նախատեսված թղթով։ Պահեք 2-3 ժամ։ Մշակեք ցավոտ հոդը քսուքով` մինչև ներծծվի, փաթաթեք տաք շալով։ Միաժամանակ խմեք ոգեթուրմը վերոգրյալ չափաբաժիններով։
Հայտնի բժիշկ Ա.Վ. Կորեպանովը բերում է օրինակ, երբ յոթանասուն տարեկան` լեյկոզ (արյան քաղցկեղ) ախտորոշմամբ հիվանդը բուժվել է թրախոտի ոգեթուրմով։ Հիվանդի կինը պատրաստել է ոգեթուրմը հետևյալ չափաբաժնով.
– 1ճ/գ մանրացրած կոճղարմատը 2 շաբաթ թրմել 500 մլ օղու մեջ։ Ընդունման չափաբաժինը նույնը` 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց կես ժամ առաջ։ Պահանջվել է 3 լ ոգեթուրմ։
Վեց տարի անց ստացել է տեղեկություն, որ հիվանդը ողջ է։ Նրանք հետագայում մեծացրել են չափաբաժինը։
– Մեկ լիտրանոց ապակե տարան կիսով չափ լցրել են մանրացրած կոճղարմատով, մնացածը` օղիով, թրմել են 3 շաբաթ (մնացածը` վերոգրյալ չափաբաժնով)։
Կան բազմաթիվ հաղորդագրություններ, որ թրախոտի յուղամզվածքը և ոգեթուրմը օգտակար են մաստոպատիայի բուժման ընթացքում` նպաստում են ուռուցքների ներծծմանը, նաև միոմայի դեպքում։
Ժամանակակից բժիշկները հաճախ են կիրառում թրախոտը հակաքաղցկեղային դեղաբուսային փնջերում։
Թրախոտը պարունակում է սալիցիլաթթու` ընդգրկվում է թրոմբոֆլեբիտի և վարիկոզի բուժման համար նախատեսված փնջերում` որպես մկանների և հոդերի ցավերը մեղմացնող և ավիշի հյուսվածքը վերականգնող բաղադրիչ։
Ոգեթուրմի օգտագործման ընթացքում չի կարելի ուտել միս և մսային արգանակ, աղի, կծու, թթու, կաթնամթերքներ, չի կարելի օգտագործել այլ դեղորայք և ոգելից խմիչք։ Նախնական շրջանում` առաջին 10-15 օրը, կարող է նկատվել ճնշման բարձրացում և հիվանդության սրացում հատկապես երիկամների և լյարդի աշխատանքի անբավարարության դեպքում։ Պետք է ժամանակավորապես նվազեցնեք չափաքանակները։ Բուժումը երկարատև է և առողջության բարելավումը չի կարող հիմք ծառայել բուժման ընդհատման համար։
Ծանր հիվանդությունների դեպքում հարկ է լինում օգտագործել 5 լ ոգեթուրմ, այսինքն` բուժման տևողությունը մոտ մեկ տարի է։ (Ա.Պ. Ակսենով, «21-րդ դարի հեքիմի գիրք»)։
Այնուամենայնիվ, ինչո՞ւմն է թրախոտի կամ, ինչպես մասնագետներն են անվանում, «դեկոպի» առավելությունը բազմաթիվ այլ, հոդային հիվանդությունների բուժման համար նախատեսված միջոցների համեմատությամբ։
Դեկոպը հարմար է հիվանդների լայն շրջանակի համար, չէ՞ որ այն, ինչ հարմար է մեկ օրգանիզմին, հաճախ չի օգնում մեկ ուրիշին։ Երկրորդ առավելությունն այն է, որ նախնական փուլերում դեկոպը օգնում է բավականին արագ, և երկար է պահպանվում ազդեցությունը։ Օրինակ` ձեռքի կոտրվածքից հետո իմ ծանոթներից մեկը թրախոտի դեղատնային քսուքը օգտագործելուց հետո լիովին «ազատվեց» ցավերից։
Մենք նշեցինք, որ դեկոպն ընդգրկվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղաբուսային փնջերի մեջ։ Սակայն բացառիկ է դրանով, որ ինքնուրույն կարող է բուժել հոդային հիվանդությունները։ Այնուամենայնիվ, կան միջոցներ, որոնք կարող են ուժեղացնել դեկոպի բուժիչ ազդեցությունը և ամրապնդել բուժման արդյունքները։
Եվս մեկ անգամ հիշենք մեղվադիերից ոգեթուրմի պատրաստման ձևը.
– Խառնեք չոր հումքը և օղին` 1։2 ծավալային հարաբերությամբ, երկու շաբաթ թրմեք մութ տեղում, քամեք։ Քսեք հիվանդ հոդերին քնելուց առաջ։
Հայտնի է, որ մեղվի մարմնում պարունակվում է գեպարին, որը կանխարգելում է աթերոսկլերոզի և վարիկոզի զարգացումը։ Հոդացավերի դեպքում օգտակար է մեղվի խիտինային շերտում գտնվող «Խոնդրոիտին սուլֆատ» նյութը, այն նպաստում է կռճիկի շերտի վերականգնմանը և կանխարգելում հետագա քայքայումը։
Կարևոր դեր կարող է ունենալ մեղվի թույնով բուժումը, ինչը կարող է կատարել փորձառու մեղվապահը կամ ապիաթերապևտը։
Խոշոր եղջերավորների մարմնում պարունակվող «ալլոնտոին» նյութը նպաստում է բջիջների բաժանմանը։ Այդ նյութը կա նաև քարխոտ կոշտի մեջ (Symphytum asperum), որը տարածված է մեր երկրում։
Պատրաստեք 10 տոկոսանոց քարխոտի չոր մանրացրած արմատների ոգեթուրմ (թրմեք 21 օր, քամեք)։ Քսեք օրը 1-2 անգամ, շարունակեք 2-3 ամիս։
Ջուլիետա Սահակյան
Հուլիս 19, 2012
168.am