Տիգրան Պասկևիչյան. «Սև-սպիտակ». hetq.am
Advertisement 1000 x 90

Տիգրան Պասկևիչյան. «Սև-սպիտակ». hetq.am

Առաջ ես սև էի: Չէ, հաստատ: Ոչ թե սևամորթ, այլ’ սև: Սև մազերով, սև մորուքով, սև աչք-ունքով: Սրան էլ գումարած’ տատս մեկ-մեկ անունս մոռանալով ու ջղայնացած, որ մոռացել է սեփական թոռան անունը, ինձ կոչում էր «սև շուն»: Այսինքն’ պատահում է, որ նկարը կորցնում ես ու հույսդ է, որ նեգատիվը մի տեղ կա, պահպանվում է, ոչ թե մարդ, այլ շուն, որովհետև շան անունը պարտադիր չէ’ կարող ես ասել «Շուն», վազելով մոտդ կգա, իսկ եթե սև է, կարող ես ասել «սև շուն» ու էլի վազելով մոտդ կգա:

Բայց երբ տատս մոռացումից բարկացած գոռում էր սև շուն, ես դեռ մորուք չունեի, և դա սովորաբար պատահում էր ամռանը, երբ գլուխս պարտադիր խուզված էր ու չգիտեմ ինչու’ կանաչամոխրագույն, դրան էլ գումարած ճերմակ մաշկս, որ նիկոտինից, սպիրտից, սուրճից, տարատեսակ սպիտակուցներից ու ածխաջրերից դեռ չէր հասցրել մամռակալել:

Ուրեմն տատս ենթագիտակցորեն այնկողմնատես էր ու գիտեր, որ սպիտակը սև է, բայց հաստատ չգիտեր սևը սպիտակ է, թե’ ոչ: Սա արդեն կամքի խնդիր էր: Ազատ կամք չուներ նա’ ընտանեկան հանգույցի ամրությունը նրա համար հավերժացած էր «Մածունը սե՞ւ է: Սե՛ւ է:» մի հարցական-մի շեշտ կաղապարով: և իմ անունը մոռանալու այդ պահը (կամ պահերը) նրա ազատ կամքի եզակի կամ հազվադեպ դրսևորումն էր (դրսևորումներն էին): Աստված ողորմի տատիս հոգին, իսկ մենք անցնենք առաջ, քանի որ դեռ ինքներս մեզ համար պիտի պարզենք, թե ինչ կաղապարներ կան’ խոչընդոտ:

Ուրեմն’ դիմակահանդեսի հրավերը մերժել, ինչ է թե փող չունես մի մազալու բան մոգոնելու, դեմ էր տրամաբանությանը: Դրա համար կար քրոջս թարթիչների տուշը (այն ժամանակվա համար բավական թանկ պարագա) և այդ տուշը կարող էր փոխել ծանոթ աղջկերքի ու տղերքի պատկերացումները’ հազիվ աղվամազոտ դեմքիս նկարելով լուրջ ու ծանրակշիռ մորուք, որպիսին ունենում էին այդ ժամանակը հանիրավի խորհրդանշող ոգու մշակները: Այդ լուսանկարին նայելիս միշտ և մինչև հիմա խնդալուց մեռնում եմ ու չեմ հասկանում, թե այդ ինչ դիմակահանդես էր, որ մարդ փոխարենը արջի (իմ դեպքում’ հատկապես արջի) կամ գայլի կերպարանք առնելու, ջանում է ժամանակից առաջ ընկնելով ձեռք բերել ի ‘ ր դեմքը: Մարգարեության ու շամանության արանքում մի բան կա, որը ես կոչում եմ բայղուշություն, այսինքն’ աղետը մոտ բերել, այսինքն սևը բերել, որ իբր հետո սպիտակի:

Չմոռանամ ասել, որ այդ օրերին ես հագնում էի կաշվե սև բաճկոն, որը եղբայրս գնելուց հետո էր պարզել, որ իր հագով չէ: Ու քանի որ իր հագով չէր, ուրեմն հաստատապես կարող էր ինձ վրա մի քիչ մեծ լինել: Այդ մի քիչ մեծությունն էլ ինձ մի քիչ մեծ էր ցույց տալիս, դրան էլ գումարած Էդգար Պոյի «Ագռավը» նոր կարդացած լինելս, Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի հանկարծահաս ու վաղաժամ մահը, այդ առիթով մեր հռհռալն’ իբրև դիսիդենտություն և ռեժիսոր դառնալու իմ անիրական հավակնությունը:

Սա էլ այն լուսանկարներից է, որին նայելիս խնդալուց մեռնում եմ, որովհետև նախ’ Էդգար Պոյի իմ կարդացած թարգմանությունը ախմախ բան էր ու կապ չուներ այն «Ագռավի» հետ, որ հետո կարդացի Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ, երկրորդ’ Բրեժնևի մահվան վրա հռհռալ պետք չէր, քանզի շուն-գել մարդ էր ու մարդու մահը վարքի ստույգ կանոններ է պահանջում և երրորդ’ ես տեսել էի Ֆրեդերիկո Ֆելինիի «Նվագախմբի փորձն» ու եղել Արա Վահունու, հիմա չեմ հիշում որ ֆիլմի, նկարահանման հրապարակում ու ինձ թվում էր, թե երկուսից էլ լավ կնկարեմ:

Սրան էլ գումարած, որ այդ օրերին սցենար էի գրում մի անտառի ու մի անտառապահի մասին, որն ըստ իս լուրջ բան էր, բայց թատերագետ ընկերս ասում էր’ թարգի’ պատճառաբանելով, թե մի հատ տուֆտա բիձով, իրա կնկանով, էրեխեքով-բանով կինո չի ըլնում, որ առանց բոզերի առհասարակ կինո չի ըլնում, որ կինոն, ինքն էր ասում, նայելուց հետո, հազար ներողություն իր ասածի համար, մի տեղդ պտի թրջվի: և իմ ընդդիմությանը, թե Ֆելինիի «Նվագախմբի փորձում» ոչ բոզեր կան, ոչ էլ քո ասածն է լինում, նա սառնասրտորեն հակադրում էր իմ տաղանդի սահմանափակությունն ու մենք գնում էինք նարդի խաղալու իր հիմա արդեն հանգուցյալ տատի տանը:

և մուրազս, այսպես ասած, փորումս ես ընդունվեցի բանասիրական ֆակուլտետ, ինչի առիթով ինձ շնորհավորելիս թատերագետ ընկերս ասաց’ այ սա կինո է, ինսուն աղջիկ, տասը տղա, կեսն էլ’ բռակ: Հետո միևնույն մուրազս միևնույն փորումս բանակ գնալիս ես մտածում էի, որ կինո այնուամենայնիվ կնկարեմ, բայց նկատի ունենալով թատերագետ ընկերոջս խորհուրդներն, արդեն փորձում էի ինչ-որ էպիզոդներում խցկել էդ բոզերին, բայց այնպես, որ չտուժեր ֆիլմիս մարդկային ասելիքը:

Թվում է, ահագին հեռացա բուն նյութից, բայց ասեմ, որ կինո նկարելու ցանկության բոլոր պահերին, չգիտեմ ինչու, ինձ թվացել է, թե պատկերը սև-սպիտակ է լինելու, և դրա համար էի գուցե նյարդայնանում թատերագետ ընկերոջս միջամտությունից, որովհետև իր ասած էդ բոզերը ոչ մի կերպ չէին տեղավորվում սև-սպիտակի մեջ: Նրանք պետք է հաստ-կարմիր շրթներկ քսած լինեին, պետք է անճաշակ-վառվռուն շորեր ունենային, ինչ-որ վարդ պիտի լիներ կրծքերի մերձակայքում, եթե ոչ միջակայքում: Թհյո~ւ, կարգին հեքիաթ էր, ապուշը ոնց փչացրեց:

Բայց ասեմ, որ հեքիաթն էլ ինձ համար սև-սպիտակ է: Այսինքն’ ամեն բան, որ պատմվում է, սև-սպիտակ է, նույնիսկ հեքիաթի գայլը, որն ակնհայտորեն մոխրագույն է կամ հեքիաթի արջը, որն հաստատապես գորշ է, սև ու սպիտակ են: Որովհետև ձայնը գունային երանգ չունի, ձայնը ձայնային երանգ ունի, որն էլ կարելի է ասել’ տաք է կամ սառը, բայց ինչ գույնի է, դժվար է կռահել:

Երբ տասներկու թե տասներեք տարեկանում ես նվեր ստացա «Սմենա» լուսանկարչական խցիկ և լուսանկարներ տպագրելու համար անհրաժեշտ լաբորատոր սարքեր, դեռ չէի մտածել, որ պատմությունը գունավոր չի լինում, և չէի մտածել, որ մի քիչ պակաս սևը մոխրագույն չէ, այլ սևի մեր ընկալման թերությունը և չէի մտածել, որ սպիտակն ինֆորմացիայի բացակայությունն է, իսկ սևն ինֆորմացիայի կորստյան աստիճան խտացումը: և, իհարկե, չէի մտածել, որ բացակա-ներկա-բացակա հարահոսից են դուրս գալիս բոլոր պատմությունները, որոնցում ծառի կանաչ լինելը, խնձորի կարմիր լինելը, երկնքի կապույտ լինելը աննշան փաստեր են’ թատերագետ ընկերոջս ասած բոզերի պես’ լրացում, որոնք պետք են զգայարանները գրգռելու համար: Բայց մենք պատմությունը հո չե՞նք պատմում, զգայարաններ գրգռելու համար, հո չե՞նք ասում «Կարմիր գլխարկ», որ էրոտիկ դող անցնի ջաններովս: Հակառակը’ պատմում ենք, որ եղածը հանգի, որ եղածը դադարի գործել: Ամեն անգամ էդ նույն Կարմիր գլխարկին գելի բերան ենք ղրկում, որ համոզվենք որսորդների գոյության մեջ, և այդ դեպքում ի՞նչ նշանակություն ունի այդ աղջնակի գլխարկի գույնը:

Ամեն անգամ, երբ աչքերս փակում եմ ու փորձում հիշել լուսահոգի մորս, ոչ մի գույն չեմ մտաբերում: Այդ նույն «Սմենա» խցիկով, չեմ հիշում որ թվին, ես նկարել եմ նրան մեր տան պատի մոտ, նստարանին նստած: Այդ օրը ես մորս մասին պատմություն եմ պատմել, և այդ սև-սպիտակ պատմությունն է արձանագրված: Ես ջանում եմ հիշել մի դրվագ, որտեղ գույնն այնքան տպավորիչ լինի, որ փոխի պատմությունը կամ հիշողությունը, բայց չի ստացվում: Մայրս … մայիսի վերջն է թե հունիսի սկիզբը … գոգնոցի մեջ չայի վարդեր լցրած … Տեր Աստված, վարդերի հոտն եմ զգում … բայց պատկերը միևնույնն է’ սև-սպիտակ:

Երբ դեռ մեր կենցաղում չկար գունավոր լուսանկարչությունը, մենք նկարում ու նկարվում էինք սև-սպիտակ: Երբ այդ գունավորը հայտնվեց, զարմացանք: Թվում է, հակառակը պիտի լիներ: «Սմենա» խցիկով նկարում ես գույնզգույն պարտեզ, դուրս է գալիս սև-սպիտակ ու դա բնական է: Իսկ գունավոր նկարը զարմանալի է: Խի՞: Որովհետև դրախտը դժոխքից գույնով չի տարբերվում, այլ’ էականորեն: Որովհետև չարը բարուց գույնով չի տարբերվում, այլ’ սկզբունքորեն: Որովհետև երկինքը երկինք է ոչ այն պատճառով, որ կապույտ է ու երկիրն էլ գետին է ոչ գորշ կամ կանաչ կամ դեղին լինելու համար, այլ որովհետև կինոյի բոզի նման հաստ ու կարմիր շրթներկով, անճաշակ-վառվռուն շորերով, վարդը կրծքիդ մերձակայքում կամ կրծքերիդ միջակայքում պիտի մեջ չընկնես ու պիտի չփչացնես տեսարանը, որ ձգվում է ինֆորմացիայի բացակայությունից մինչև ինֆորմացիայի կորուստ ու նաև պիտի չփչացնես հեքիաթը, որը դեռ շատ երեխաներ պիտի լսեն կամ կարդան’ մեկ է:

hetq.am