Իմ հաղթած պատմվածքը. «Արմատ». Նազիկ Հակոբյան
Advertisement 1000 x 90

Իմ հաղթած պատմվածքը. «Արմատ». Նազիկ Հակոբյան

Բլրակից իջնող պատանու ոտքերի տակից փոշու ամպ էր բարձրանում։ Զայրացած էի, հոգնած, սոված-ծարավ, ու նրա դարչնագույն ուսերի ճոճվող տեսքից զայրույթս ավելի էր մեծանում։ Ճեմելով էր գալիս։ Բերանի մեջ` լուցկու հատիկ, խուզած մազերով, երկար, սարսափելի նիհար մի պատանի: Մաշված, կանաչավուն ջինսն ու անթև շապիկը` կեղտի մեջ կորած, ոտքերին` ռետինե հողաթափեր։ Մոտեցավ իր բարձր տեղից, մի ցատկով բարձրացավ ճամփի մեջտեղում տնկված քարին։
-Բարև, Մոսո՞ն ես։
Տղան գլխով արեց։
-Սրա հետևից վազեցի, ուշացա։
Նա քթիս առաջ պարզեց մոխրագույն, հսկա մի ճագարի։ Ցնցվեցի անսպասելիությունից։ Տղան ծիծաղեց։
-Հա, մոռացել էի, քաղաքի գազանանոցում մենակ կատու եք տեսել։
Սրամիտն էր։ Բայց դնչին մի հատ կհասցնեի։ Քաղաքի տղան, նույնիսկ այսքան ջահել պատանին, նախ ձեռքով կբարևեր։
Տղան շրջվեց, ետ քայլեց եկած ճանապարհով։ Սպորտային պայուսակը հարմար ուղղեցի ուսիս։ Ճագարը ճոճվելով գալիս էր մեզ հետ։ Նրա խոշոր բիբերից մեկն ինձ էր նայում։ Մյուսը չէի տեսնում։ Ի՜նչ նման էր ինձ` շոգած, փոշոտ, չգիտեր` ուր են տանում իրեն։ Նոր նկատեցի ականջի տակից դեպի դունչը վազող արյան շիթը։ Ակամայից ձեռքս տարա գլխիս այդ մասն ու ափիս տակ չսափրված երեսս զգացի` ավելի քան չոր։ Չգիտեի` ծիծաղեի՞, թե՞ հայհոյեի այն պահը, երբ գլուխս մտավ այստեղ գալու գաղափարը։
-Ինձ ասել են, որ դու իմ հեռու բարեկամի տղեն ես։
-Ես Հակոբի տղա Կարոն եմ։
-Հա, հորդ հարգում էին մերոնք։
Հլը ու… համ էլ, ինչի՞ անցյալ ժամանակով։
-Դու շատախոս տղա ես երևում, Մոսո, բայց ապրես, որ հորս մասին հարգանքով խոսեցիր։
Տղան ուսի վրայով ետ նայեց։
-Ես էնքան եմ սեղանի տակ թաքնվել ու բիձեքի խոսակցություն լսել, Կարո։
-Պարզ է։
Մոսոն առաջ էր գնում, ես հետևում էի նրան ու երբեմն աչքս գցում ճագարի սառած բիբին։ Վերջույթներն արդեն չէր թափահարում, հոգնել էր խեղճը։
Կովի բառաչից ցնցվեցի, հետո հիշեցի տղայի հեգնոտ կատակը գազանանոցի մասին։ Հա էլի։
-Շատ կա՞ դեռ։
Կովը իմ ձախ կողմում էր` նախշուն, հսկա անասուն, վզին` բորբոսնած պարանի կտոր։
-Հասնում ենք։
Մի ջահել կին լվացք էր փռում տներից մեկի բակում։ Անմիջապես նկատեցի ուսին ճոճվող շքեղ հյուսքը, հետո գնահատեցի բարձր հասակն ու սիրուն ուսերը։ Չէ, մեջքը հաստ է։ Լավ կաթ ու մածունից է։ Ստամոքսս կծկվեց։ Հետո, առաջ քայլելով, հասկացա` հղի է։ Արդեն երեսն էլ երևաց։ Կլոր երեսի վրա` փոքր քիթ, մեծ բերան, կանաչ բիբեր։ Լավիկն էր։
Մոսոն բան ասաց, չլսեցի։ Ոչինչ, լավ։ Արդեն չէի դիմանում։ Մենք մի քսան մետր էլ քայլեցինք, հետո ճանապարհը վերջապես ուղղվեց։ Այնպիսի տպավորություն ունեի, թե բլրի գագաթին ենք։ Տներն իրար այնքան մոտ էին տնկված, այնքան անհարմար էր դրանց պատերի միջով հասնել Մոսոյի ետևից։ Վերջապես տղան կեղտոտ մատը ցցեց դեպի վերջին տունը։
-Հենա։
-Լավ։
Էլ չեմ հիշում` ոնց հաղթահարեցի վերջին րոպեն։ Դուռը ծխնիների վրա ճռռաց։
Կամ ներսում մարդ կար, կամ դուռը կողպեք չուներ։ Տղան ներս մտավ։ Էնքան լույս կար առաստաղի տակ` մեջը` լողացող ճանճեր ու փոշեհատիկներ։ Շուրջս նայեցի։ Տուն էր, ոչ մի բանով չէր տարբերվում գյուղերում իմ տեսած տներից։ Ինչի համար որ այս տունը ինձ պետք էր, լրիվ հարմար էր։ Մոսոն ոտքով դուռը փակեց, ճագարին բաց թողեց ձեռքից։ Կենդանին թմփաց հատակին։ Հին տախտակներից փոշի բարձրացավ։ Պատանին ձեռքի մատները չռեց օդում ու, աչքերը մի կետի պահած, ասաց.
-Ուրեմն տասնհինգ հազար ինձ ես տալիս, յոթ` Զարուկին։
-Ո՞ւմ։ Դա՞ ով է։ Ինչի՞ համար։
-Ինքը տունը պատրաստել է քո գալու համար։
Արդեն չէի դիմանում։
-Լսի՛, տղա՛, ես հեռախոսով պայմանավորվել եմ հորեղբորդ հետ. տասնհինգ հազար` հինգ օրվա համար։ Այսօր չորեքշաբթի է։ Կիրակի երեկոյան կգնամ։ Զարուկ, չգիտեմ ով, ինչ չեմ պայմանավորվել։ Տես, ճագարը նստել ու կպել է այս սոսնձվող փոշուն։ Քո Զարուկը տունը չի մաքրել, ինչի՞ համար վճարեմ։
Մոսոն նստեց, ոտքերը ցուցադրաբար բերեց-հասցրեց ճագարին։ Կենդանին դողացնում էր։ Աչքերը` շիլ, մի տեսակ սառած։ Արյան շիթը չորացել էր մորթու վրա։
-Կարո ջան, դու խնդրել ես, ես տունը պահել եմ։
-Պահե՞լ ես,- ծիծաղս զսպել չկարողացա,- կարելի է ենթադրել, թե սա լյուքս համար է։
Մոսոն ոտքով հրեց ճագարին։
-Հղի է։
-Ի՞նչ։
-Ասում եմ` ճագարը հղի է։
Քիչ էր մնում` մեզ բաժանող տարածությունը կտրեի անցնեի ու…
-Ուրեմն այսպես, ինձ կատարյալ մենակություն է հարկավոր, ես պիտի աշխատեմ։ Ոչ ոք չաղմկի, ներս չմտնի։ Ինձ սառնարան է հարկավոր, նորմալ աշխատող վարդակ, ու ես կտամ քո ասած գումարը։
-Լավ։
Մոսոն ոտքի ելավ, ճագարին տշեց պատի տակ։
-Զարուկը քեզ համար թարմ հաց կբերի, կաթ ու ճաշ։
-Հաց ու կաթ, ճաշ պետք չի։ Ես ոչ մեկի եփածը չեմ ուտում։
Երբ թղթադրամներն էի հաշվում, Մոսոն հողաթափի քթով հատակի փոշու վրա թվեր էր գրում։ Հարցական նայեցի տղայի երեսին։
-Իմ հեռախոսահամարն է, գնացի։
Նա ձեռքը տարավ դռան բռնակին, հետո ետ նայեց։
-Դու էն Կարոն չե՞ս, ում քսան տարի առաջ մեր մեծ տատը անոտ է թողել։
-Դա է՞լ ես սեղանի տակից լսել։
Տղան լուրջ-լուրջ գլխով արեց։
-Հա, հենց էդ Կարոն եմ։ Բայց ոչ թե անոտ, այլ անմատ։ Աջ ոտքիս բութ մատը չունեմ։
-Տա՞տն է կտրել։
-Հա։
-Մի քիչ կաղում ես։
-Ապրես, որ ասեցիր։
-Ուրեմն, դու կիրակի օրը չես գնա։
-Ինչի՞։
-Դե քեզ արդեն մի քիչ թաղել են էս հողում։
-Թաղե՞լ են։
Մոսոն երկար վիզը ծռեց պատուհանի կողմը։
-Այ էն ընկուզենու տակ։ Ծառը ծեր է, մեռնում է` քո գերեզմանի վրա կռացած։

Երկար ժամանակ էր` նստել էի աթոռին ու հայացքս չէի կտրում հեռվում ծռմռվող ընկուզենուց։ Այս պահին էլ դեռ հիշում եմ տատի ձեռքի կացինը։ Արյունը կաթում էր վրայից, ինքը միայն գոռում էր. «Քոռացա, քոռացա, ուզում էի էրեխի առողջանալու առթիվ աքլորին մատաղ անեմ, ոտը կտրեցի»։
Վախն ու զզվանքը խառնվել էին գլխումս։ Մինչև էսօր չեմ հարմարվում ոտքիս տեսքին։ Բայց հիմա ծիծաղելի է։ Նստել ու, աչքս չկտրելով Մոսոյի ասած գերեզմանից, վերհիշում, վերապրում եմ ամեն բան` քամին, ոտքիս դժոխային ցավը, ահաբեկված հարազատներիս։ Մայրս կացինն առել, վազում էր բակից փախչող հավ ու աքլորի հետևից։ Հայրս աջ ու ձախ հայհոյում էր ու, ինձ գրկից բաց չթողնելով, գոռում. «Քաղաք, շուտ քաղաք տանենք»։ Լավ պատմություն կգրվեր այդ ամենի մասին։ Բայց ներսումս կուտակված ուրիշ բան կար պատմելու։ Հինգ օր կաշխատեի ու արդյունքը կունենայի։ Բայց էդ լակոտի խոսքերը ցնցել էին ինձ։ Նոր հասկացա, թե որքան խելացի է ու դաժան` մոլագարի հատկանիշներով։ Երբ դուռը թակեցին, վեր թռա:
-Բաց է։
Ներս մտավ այն ջահել կինը, ում տեսել էի այստեղ գալիս։ Փորը` տանձի նման, երեսը` շիկնած, սիրուն։
-Բարև, Կարո։
-Բարև։
-Ես Զարուհին եմ։ Բան պետք լինի, կասես։ Իմ տան պատուհանը քո երեսին է նայում։ Մի հատ նայես էդ կողմ, ստեղ եմ։
Ակամա նայեցի պատուհանին։ Նորից ընկուզենին տեսա։ Զարուհին փորին հենած սկուտեղը դրեց սեղանին։
-Ճաշ չես ուզել։
-Չեմ ուզել։
-Իզուր։ Ես լավ ճաշ եմ եփել։
-Չէ, հարկավոր չի։
Զարուհին ոտքերի վրա ետ ու առաջ ճոճվեց։
-Ռուսի նման ես։
-Ի՞նչ։
-Ասում եմ` շեկ ես, ռուսի նման լավ սպիտակ։
-Այդպես է ստացվել։
Կինը ծիծաղեց։ Կուրծքն ու փորը վերուվար եղան։ Ժպտացի համակրանքով։ Լավիկն էր։ Շա՛տ։
-Մածուն եմ բերել, լավաշ, պանիր, լոլիկ ու կանաչի։
-Շնորհակալություն, պետք չէր նեղվել իմ պատճառով։
-Լավ է։ Գնամ։
Քիչ մնաց` ետ կանչեի։ Էս փոշոտ հատակին դու էլ քո հեռախոսահամարը խզբզի, տեսնենք` ինչ կլինի վերջում։ Ճեփ-ճերմակ սրբիչի ծայրը բարձրացրի։ Գունեղ, հրաշալի բուրող մթերքներ։

Կարոտը խեղդում էր։ Գիշերներ են եղել` նստել եմ անկողնու մեջ ու երեխայի նման արտասվել։ Առանց սիրո բութ ցավը հոշոտում է մարմինս։ Եթե դու մի քանի անգամ էլ երազում գաս, հալվես ինձ, երեսս սեղմես շուրթերիդ ու շունչս շնչիդ ասես նույնը, ասես, որ քո սերն եմ, միակը, կյանքիդ արևն ու կանաչը, բառերդ քո բերանից տաք լցվեն կոկորդս ու հասնեն հոգուս, կխելագարվեմ։ Ձեռքերս ավելի շատ են սկսել ցավել։ Քեզ գրկել եմ ուզում, սեղմեմ ինձ, ու մազերդ փրփուր-փրփուր հալվեն երեսիս։ Քեզ եմ ուզում։

Մտածեցի` սենյակում առնետներ կան։ Հետո խավարի մեջ տարբերեցի ճագարի ծանր քարշ եկող մարմինը։ Խղճում էի։ Ինչի՞ չտարավ, բերեց ինձ հետ շպրտեց այս պատերի ներսը։ Հատո՞ւկ արեց, ինչ է։ Դռան ետևից մեկի շշուկը հասավ ականջիս` «քնած կլինի»։
Ուզում էի տեղիցս ելնել, չկարողացա։ Հաստատ ուշ գիշեր էր` սատանի մութ։ Բջջային հեռախոսս բարձիս տակ կապտեց-հանգեց չարագուշակ դռռոցով` ցնցելով գիշերվա լռությունը։ Հանեցի, բացեցի։ Երկու բառանոց հաղորդագրություն` «Կարոտում եմ»։
Քթիս տակ ժպտացի։ Ես էլ։

Հինգշաբթի երեկո է։ Նստած գրում եմ, ջնջում։ Համակարգչիս էկրանին տառերը շարվում, անհետանում են։ Թվո՞ւմ էր, թե՞ համոզված էի` այստեղ կկարողանամ աշխատել։ Մենակ կմնամ, լուռ, քեզ հետ։
Բոլոր նորմալ մարդիկ լուսանկար են պահում, սիրելիի դիմագծերով հիանում, աչքերը համբուրում: Ես քո գրած տողերն եմ պահել` ամենաբզկտված թղթի կտորի վրա գրված։ Աղոթքի նման մոտ ես, իմը։ Արդեն մթնում է, ստվերները խտանում են տան փոշոտ պատերին։

Երևի քնել էի։ Դռան թակոցից ցնցվեցի ու նստեցի անկողնում։ Դուռը ճռռալով բացվեց։ Անմիջապես ճանաչեցի Զարուհու կազմվածքը։
-Կարո։
-Ասա։
-Հիվա՞նդ ես, Կարո ջան։
-Չէ, քնած եմ։
-Էէէ։
Կինը վստահ քայլերով մոտեցավ, խոնարհվեց։
-Ի՞նչ ես անում։
-Տեսնեմ` տաք չե՞ս։
Թույլ տվեցի` ձեռքը դնի ճակատիս։ Ափը սառն էր, չոր։ Մինչև սիրտս հովացրեց։
Աչքերիս առաջ ցցված փորն էր։
-Ուրիշ երեխաներ ունե՞ս։
-Տղա ունեի, մահացավ երկու տարի առաջ։
-Ինչի՞ց։
-Մեղուները հարձակվել էին վրան։
Ցնցվեցի, սարսռացի։
-Քանի՞ տարեկան էր։
-Չորս։
Զարուհու ափը վզիս վրայով սահեց, մտավ շապիկիս տակ։
-Հիվանդ ես։
-Իսկ դու հոգեկան հիվանդ ես։ Ո՞նց ես կարողանում փոքրիկիդ մահվան մասին պատմել ու ինձ այսպես…
-Ո՞նց։
Զարուհին գրկել էր պարանոցս։ Կուրծքը բաց էր`այրող տաք։ Ձեռքով ետ պահեցի։
-Ես հղիների հետ չեմ պառկում։
-Չի խանգարի։ Զգույշ կլինեմ։
-Արդեն խանգարում է։ Դո՛ւրս գնա։
-Լավ։
Զարուհին մի քայլ ետ գնաց։
-Ամուսնացած չես, չէ՞։
-Չէ։
Նա անսպասելի ճարպիկ շարժումով գլխի վրայով քաշեց-հանեց գիշերանոցը։
-Վախենալու բան չկա, նայի, տես։
Քիչ մնաց անսպասելիությունից ճչայի։ Ծալապակա՞ս է, ինչ է։ Բայց ինչ սիրուն, շողացող ու տաք մարմին էր։ Ֆոսֆորի նման լույս էր արձակում։ Քիչ մնաց` խեղդվեի։
-Պիտի խմած լինեմ։
-Լավ։
Զարուկը գոհ ժպտաց։ Ինձ թվաց` դուրս է վազելու այսպես մերկ, բայց գնաց խոհանոց։ Ճագարը վազեց պատի տակով, մնաց մութ անկյունում։ Զարուկը եկավ` շիշը դրած փարթամ, շքեղ կրծքերի արանքում։
-Ծիրանի օղի է։
Աչքերը շողում էին` անմեղ-անմեղ։

Մի բան էր շարժվում արմունկիցս վերև։ Քնատ գիտակցությանս հասավ տաք, փափուկ, բայց ամուր մարմին։ Աչքերս բացեցի։ Զարուկի երեսը, բարձին սեղմված, խռռացնում էր` փորը թևիս հենված։ Ո՞նց էր պառկել տնաշենը։ Քիչ մնաց` ետ քաշվեի, վախեցա արթնացնել։ Աչքերս չորս արած` նայում էի շարժվող փորին։ Թևս քաշեցի։ Լուսինն ընկավ ներս։ Փալասի տակ վազող մկան նման` մարդուկը շարժվում էր մաշկի տակ։ Սիրտս կոկորդիս մեջ քարացել էր։ Գլո՞ւխն էր, վերջույթներից մե՞կը, մարմնի մի ուրիշ մա՞ս։ Տեր աստված, ցնդելու բան էր։ Չդիմացա, արթնացրի, ցնցելով արթնացրի կնոջը։
-Տուն գնա՛։

-Բժիշկ կանչե՞մ։
Տեսա Մոսոյի տափակ մեջքը։ Ոտքով հրում էր պատի տակ կծկված ճագարին։
-Դեռ չի սատկո՞ւմ։
Նայել չկարողացա։
-Մոսո՛։
-Հա,-տղան կտրուկ շրջվեց։
-Դո՛ւրս կորի։
-Ի։
-Գնա՛, դո՛ւրս կորի։ Էլ չտեսնեմ քեզ էստեղ։
-Հիվանդ ես, հաց չես ուտում։ Զարուկն ասեց` տաք ես։ Մտածեցի` բժիշկ բերեմ։
-Ինձ պետք չի, գնա՛, էլ չգաս։

Դողացնում էի։ Ուրբաթ գիշեր էր գալիս, ծանր մոտենում։ Մարմինս ջերմության մեջ դաղվում էր։ Տատս, կացինն առած, հատում էր մարմնիս մյուս մասերը, ոսկորներս` հատ-հատ։ «Քոռացա, քոռացա»։ Ես ձեռքս թափահարում էի օդում։ Օտար շնչով, շատ ցանկալի Զարուկը հենվում էր ուսիս։ «Կարո ջան, ձեռք տուր, մի վախեցի»։
Մոսոն, բահն առած, ծառի տակ փորում էր, որ իմ մարմինը գտնի։ Քամին նույնն էր` մանկությանս խորը ծալքից բշտիկի պես դուրս թռած հիշողության նման, այն օրվա քամին։
Հետո մթնեց, մարդ չկար։ Դու եկար, տեսիլքի նման հալվեցիր կողքիս, ոտնաթաթով շոյեցիր իմ ոտնաթաթը, սովորություն էր։ Ես, նեղված ու ամաչելով, առաջին օրվա նման ասացի. «Չնայես ոտքիս, նայելու բան չի, սիրուն չի, կզզվես»։
Դու ծիծաղող աչքեր ունես` գիշերվանից էլ մութ, բայց բարի։

Նստել եմ անկողնու մեջ, աչքերս տրորում ու չեմ հասկանում տեսածս։ Հատակի վրա ինչ-որ միջատանման արարածներ են խլվլում, կռիվ տալու, փրկվելու ճիգով սողում են։ Բաց վարդագույն են`գլուխներին` փոքրիկ կոտոշներ։ Շատ են։ Մի քանիսը առատ լույսի տակ անշարժացան, մնացածները դեռ թպրտում են։ Ի՞նչ են, չեմ հասկանում։ Ճագա՜րը։ Հայացքով փնտրեցի, գտա։ Քիչ հեռվում պառկել ու շիլ աչքով ինձ է նայում, մոխրագույն, կեղտոտ մորթը բարձրանում-իջնում է: Հանգիստ է։
Դուռը բացվեց։ Զարուհին, սկուտեղը ձեռքին, ներս մտավ։ Անմիջապես նկատեց կենդանիներին։
-Վայ, էս ո՞նց։ Ծնել է, խե՜ղճ, խեղճե՜ր… Մութ տեղ էր պետք։
Ճչալով հասավ սեղանին, ցած դրեց սկուտեղը։
-Հեսա մի բան կանեմ, հեսա՛։
Ես հույսով նայեցի նրա ետևից։ Քիչ հետո ներս եկավ` մի մեծ գամփռ հետը բերելով`պարանը վզից գցած։ Անսպասելիությունից կպա պատին։ Մինչ շունը գռմռալով հոշոտում, լափում էր ճագարներին, ես սառած հայացքով նայում էի Զարուկի կլոր, սիրուն երեսին։ Հետո սրտխառնոցից փղձկացի` ափս բերանիս տանելով։

Շաբաթ օրը վերջացավ։ Հիմա մի քանի բառով կգրեմ-կավարտեմ այստեղ ապրած չորս օրերի մասին։ Հազվադեպ էի ծխում, հիմա ուզում եմ։ Զարուհուն տասը հազար դրամ կտամ, թող ուրախանա։
Տնամերձը կուզեի տեսնել։ Վեր կացա թախտից, քայլեցի դեպի դուռը։ Դուրս եկա բակ ու հասկացա` այստեղ ամեն բան հեքիաթային սիրուն է։ Ծառից կախված կիսախակ դեղձերը ճոճվում էին ու խփվում իրար։ Այ թե համեղ կլինեն, երբ հասնեն։
Զարուհին պարանին լվացք էր մոռացել։ Հանկարծ մտածեցի`ո՞ւմ շորերն է այդքան լվանում։ Կանացի բլուզներ էին, մեծ չափսերի վարտիքներ։ Մոտեցա տանը, ներս նայեցի։ Մի պառավ էր պառկած թախտին ու տնքում, անիծում էր աշխարհը։ Զարուկը, պատի տակ կանգնած, խոժոռվել էր ու դրանից տգեղացել։ Հանկարծ նկատեց ինձ, աչքերը փայլեցին։ Արագ բակ դուրս եկավ։
-Արդեն լավ ես, չէ՞։
-Շա՛տ։
-Մի ատի մեզ, Կարո։ Արի բան ցույց տամ։
Քայլեցի նրա ճոճվող մարմնի ետևից։ Մտանք ցախատուն։ Մեծ տակառի բերանը բացեց։
-Քեզ համար թթու եմ դրել, անմահական թթու։ Հինգ օրից համով ուտելու կլինի։
-Ես առավոտյան գնում եմ։
Զարուհին սառած աչքերով նայեց երեսիս։
-Սիրած կի՞ն ունես քաղաքում։
-Չէ, ծնողներ։
-Մի՛ գնա։
-Երկուշաբթի առավոտյան պիտի աշխատավայրում լինեմ։
-Ի՞նչ ես աշխատում։
-Խմբագրությունում լրագրող եմ։
-Հա։ Եթե ես քաղաքում ապրեի, երգչուհի կդառնայի։
-Լա՞վ ես երգում։
Զարուհին մատների հանգիստ, շքեղորեն համաչափ շարժումներով սկսեց քանդել կրծքին իջած հյուսքը։ Քաղաքի կանայք ամբողջ օրը համացանցում փնտրում, սովորում են տղամարդկանց գայթակղելու ձևերը ու ձևից բացի բան չեն սովորում։ Սա կանգնել է լուսնի տակ ու դպրոցականի նման քանդում է հյուսքը`աչքերի խորքում` պայթող բողբոջներ, ու ես դեռահասի նման ուզում եմ նրան։
-Կերգե՞ս ինձ համար։

Զարուհին երեսը թեքեց դեպի ընկուզենին։
«Ամպեց կորավ լուսընկան,
Արտեր, մտեք քուն… »

-Ես մետալիկա լսող տղա եմ, Զարուկ, բայց երգդ հոգիս քանդեց։
Նստել էի կոճղին ու աչքս չէի կտրում ծեր ընկուզենուց։ Զարուհին վաղուց լռել էր, ու երևի նրա ներսում էլ երգը հուշեր էր քանդել։
-Ծեր կինն ո՞վ է։
-Սկեսուրս, մեռնում է շատ դանդաղ։
-Բա ամուսի՞նդ։
-Խոպանում։
-Բա սա՞ ինչ է,- ցույց տվեցի նրա ցցված փորը։
-Նոր տարուն խոպանչի տղամարդիկ տուն են գալիս, Կարո, ախր հեչ բան չգիտես ամուսնական կյանքի մասին։
-Պետքս չի, եթե դա է ամուսնական կյանքը։
Ոտքի ելա, քայլեցի դեպի տուն։
-Գա՞մ։
-Չէ։
-Կարո…
-Ասեցի` չէ։
Երկրորդ չէ-ն դժվարությամբ ասեցի։

Ճանճերը վխտում էին սատկած ճագարի վրա, մեկ-մեկ թռչում-նստում սեղանին թողած ուտելիքին։ Սրտխառնոցս անտանելի էր։ Իրերս հավաքեցի պայուսակի մեջ։ Զգում էի` մարմինս այրվում է։
Զարուհին դռնից ներս նայեց։
-Հաց կուտե՞ս, Կարո։
-Չէ, Մոսոյին տեսա՞ր։
-Սար է գնացել։ Մեքենան իրիկունը կլինի։
-Չեմ հասկանում` ի՞նչ դժվար բան է մեքենա կանչելը։ Հեռախոսի համար ասա, զանգեմ։
-Քաղաքի համարներով զանգի, թող գան, քեզ տանեն։
Շշմած նայեցի նեղված Զարուհու կողմը։ Սիրտը կպե՞լ է ինձ, ինչ է։ Ինչի՞ է նեղանում։
-Լավ, մի բան կանեմ։
Պայուսակը գցեցի ուսիս, մոտեցա։
-Դու շատ ապրես, շնորհակալ եմ, լավ մնա։
Կանաչ աչքերի մեջ զայրույթ կար։
-Գնացի։
-Գնա։
Հանեցի թղթադրամներս, երկու տասհազարանոց առանձնացրի։
-Սա պահի։
Զարուհին վերցրեց փողը, խցկեց ծոցը։ Հատուկ արեց, որ ես լույսի տակ տեսնեմ շքեղ կուրծքը` պեպենների հրավառությունից ավելի հմայիչ։ Աչքերը խորամանկ, հրավիրող ժպտում էին։

Մի վայրկյան ավել չէի մնա այդ գժանոցում։ Քայլերս տարան դեպի այն բլրակը, ուր ընկուզենին մեռնում էր` իմ ճամփին նայելով։ Ինչքան մոտենում էի, ավելի լավ էի հիշում` ինչ եղավ այն օրը։ Այսպես այրվում էի տենդից։ Ոտնամատիս արմատը դժոխային ցավում էր։ Լացս չէի զսպում։ Մի հեռու հորեղբայր եմ հիշում։ Նստել էր` ոտքերն ամբողջ երկարությամբ առաջ մեկնած, հարբում էր ու ինձ վրա զայրանում. «Ահագին տղա ես, տղամարդ ես, ի՞նչ ես լացում։ Իմ տղեն առանց ոտքերի է եկել Ղարաբաղի կռվից, բա նա՞ ինչ ասի»։
Որպես պատանք` հին թաշկինակի մեջ փաթաթեցին մատս, ու հենց այդ հորեղբայրը բերեց, թաղեց այստեղ։ Հիշողությանս մեջ, բլրի գագաթին, ծառի տակ բահով փորող մարդը շարժվում էր ներքև-վերև ու այնքան նման էր Մոսոյին։
Մոտեցա։ Ծառը գլխավերևումս խշշաց։ Ես այնպես էի քայլում, կարծես իսկապես գերեզման էի տրորում։ Այլանդակ լակոտի բառերը սրտիս կպել էին։ Նստեցի դեղնող խոտին։ Ոտքս այրվում էր։ Թաց աչքերով ծիծաղեցի. արմատին է ձգտում։ Քնել էի ուզում։
Արի ինձ մոտ, երեկվանից չես եկել։ Նեղացե՞լ ես, գանձս։ Զարուկը փափուկ, ճերմակ, ցանկալի կին է` միլիոնավոր ուրիշ կանանց նման, ովքեր ինձ համար պարզապես լավիկն են։ Դու իմ կյանքն ես, արի՛։

Վարորդին ձեռքով բարևեցի, ծանոթացանք, պայմանավորվեցինք։ Նստեցի մեքենայի ետնամասում։ Հասկանում էի` հիվանդ եմ, դրա համար էլ այստեղ եղածից բացի բան չգրեցի։ Ամեն բան այսքան սուր ընդունելու պատճառն էլ տենդն էր։ Հասել էինք մեծ ճանապարհին։ Մեքենան սլանում էր։ Նայեցի ետ։ Բլրի գագաթին ծուռտիկ հսկայից դեռ մի կտոր երևում էր։ Մթնում էր, աշնան բույր կար օդի մեջ։
Ճոճվել էի ուզում։ Անդունդի վրա կախված, գահավիժող ճոճանակ լիներ, կատաղի ճոճվեի, թող սիրտս ճաքեր վախից։ Տակից հսկա գամփռները կացնից էլ սուր ժանիքներով ամեն ճոճքից հետո հատեին մյուս ոտնամատներս։

Մեքենան կտրուկ արգելակեց։
-Աղվես էր կամ շուն։
-Ի՞նչ։
-Անիվների տակ մնաց։ Գնամ նայեմ, լավ նշան չի։
Մարդը դուրս եկավ մեքենայից, ետ գնաց անցած ճանապարհով։ Ես էլ նստածս տեղից ձգվեցի-նայեցի։ Ջղաձգվող, ուռչող-իջնող մարմին էր։ Վարորդը կռացավ կույտի վրա։ Մեքենայի ապակին ոնց որ եղունգով թակեին։ Կտրուկ նայեցի, միայն գորշ կապտաերանգով մթնող գիշեր էր։ Հետո ավելի ուշադիր նայեցի ու տեսա. ճանապարհի երկու կողմերից ամբոխների նման գալիս-իջնում էին ստվերներ`տարբեր սեռի, տարիքի ու ձևի տեսիլքներ` մոխրագույն երանգի շորերով։ Մոսոյի քայլվածքի նման ինքնավստահ, արհամարհական ու դաժան սպառնալիքով իջնում էին դեպի մայրուղի։ Ուզում էի ետ նայել ընկուզենուն:
Ցավից ճչացի։ Ձեռքերս արագ հանեցին, մի կողմ շպրտեցին կոշիկս։ Մատներս սեղմել էի ոտնաթաթիս ու վախից քարացել։

Մութ է։ Մենակ եմ։ Դու այս անգամ ինձ մենակ թողեցիր։ Եթե ընդամենը երեք րոպե ունենայի, քեզ մի քանի բառ կգրեի, որ դեռ չեմ ասել երեսիդ։ Երբեք այսպես չեմ սիրելու։

Մոսոն կեղտոտ եղունգով թակեց ապակին։
-Ի՞նչ։
-Ասում եմ` մարդը երկու գերեզման չի ունենա: Քեզնից մի կտոր ստեղ թաղել ենք արդեն։ Մնացածը հո չե՞ս տանի քաղաքի գերեզմանատուն։