Մենք բոլորս էլ, այսպես թե այնպես, ստիպված ենք լինում վիճել, խոսում ենք լուրջ կամ անլուրջ, ուրախ կամ տխուր թեմաներով և այլն։
Այստեղ վիթխարի դեր են խաղում միմիկան և ժեստը։ Եվ դրանցից կախված մեզ ընդունում են տարբեր կերպ։ Խոսել տխուր թեմայից, և միևնույն ժամանակ ակտիվ ժեստեր անել ու ժպտալ՝ անլուրջ, մակերեսային ու թեթևամիտ մարդու տպավորություն է թողնում։ Հումորին արձագանքել դեմքի մռայլ արտահայտությամբ՝ նշանակում է հումորի զգացում չունեք։
Իհարկե, մարդը միշտ պետք է հետևի ինքն իրեն՝ զգալ իրավիճակը և համապատասխան ձևով պահել։
Ահա մի քանի ժեստ ու միմիկա, որոնք համարյա միշտ նույն տիպի ազդեցություն են թողնում մարդկանց վրա։
- Մի ունքը փոքր-ինչ վեր բարձրացրած՝ նշանակում է մեծամտություն և ինքնահավանություն, ինչպես նաև կարող է ընդունվել որպես բարկություն։
- Երկու ունքը վեր բարձրացրած՝ զարմանք, տարակուսանք։
- Ունքերը կիտել՝ նշանակում է կամ դժգոհություն, կամ չափազանց լուրջ վերաբերմունք առաջադրված խնդրին։
- Շուրթերը կրծել՝ նշանակում է, որ մտածում եք։ Կամ ձեր մտքերը զբաղված են մանր պրոբլեմներով։
- «Միակողմանի» ժպիտ (շուրթերը բարձրացված են մի կողմի վրա, կամ աջ, կամ ձախ)՝ նշանակում է, որ ձեզ հետ զրուցող մարդը բացարձակ անհեթեթություն է ասում, և դուք չափազանց հպարտ եք, որ նրան նկատողություն անեք։ «Միակողմանի» ժպիտը նշանակում է բարյացակամ վերաբերմունք։
- Պարբերաբար մի ձեռքով խփում եք սեղանին (տկտկացնում եք)՝ նշանակում է, որ չափազանց լուրջ եք վերաբերվում գործին, նույնիսկ մի քիչ ջղային և կտրուկ եք։
- Ձեռքերը կրծքին խաչել՝ խոսում է զգուշավորության, երբեմն էլ՝ անտարբերության մասին։
- Գլուխը քորել՝ նշանակում է, որ այնքան շատ ունեք մանր, չլուծված խնդիրներ, որ չեք կարող կենտրոնանալ զրույցի ժամանակ, բայց այս ժեստով դուք խնդրում եք զրուցակցից ձեզ մի քանի վայրկյան ժամանակ տալ կենտրոնանալու համար։
Եվ այլն։
Հարգելի ընթերցող, դուրս է գալիս, որ որոշակի ժեստերն ու միմիկան ազդում են մեր մասին մարդկանց կարծիքի վրա՞։ Ո՞ր ժեստերի և միմիկայի միջոցով կարելի է ներկայացնել ինքդ քեզ։ Այո։ Եվ մենք ասացինք, որ դրանք պետք է համապատասխանեն տվյալ իրավիճակին։
Բայց մենք բաց ենք թողել շատ կարևոր մի հանգամանք։ Մենք մոռացել ենք մեզ։ Նախ և առաջ միմիկան և ժեստը պետք է համապատասխանեն մեր ներաշխարհին, մեր հոգեվիճակին։ Որոշիր՝ ինչպիսին ես ուզում լինել, ինչ ես ուզում, որ շրջապատը քո մասին մտածի և մշակիր քո ներաշխարհին համապատասխան ժեստեր և դեմքի արտահայտություն։ Բայց ինչ էլ որոշես, ցանկացած դեպքում մի մոռացիր գոնե երբեմն ժպտալ։
Համապատասխանիր քեզ: