Օշինդրը` բժշկության մեջ
Advertisement 1000 x 90

Օշինդրը` բժշկության մեջ

Օշինդրը աստղածաղկազգիների (վարդածաղկավորներ) ընտանիքին պատկանող 30- 150սմ բարձրությամբ՝ ուղիղ, կողավոր, կարմրավուն, մազոտ ցողուններով բազմամյա խոտաբույս է: Ունի փետրաձև, նշտարաձև, գծանշտարաձև, ամբողջաեզր կամ կտրտված, վերից՝ լերկ, մուգ կանաչ գույնի, վարից՝ թաղիքավոր, մոխրագույն կամ սպիտակ տերևներ: Զամբյուղները կազմում են ոչ լայն հուրան կամ ողկուզանման ծաղկաբույլ՝ կարմիր խողովակավոր ծաղիկներով պատված: Ունի գլանաձև, մի փոքր կորնթարդ սերմիկներ: Կոճղարմատը, որը պատված է գորշ, փնջաձև արմատներով, բազմագլխանի է: Ծաղկում է հուլիս-օգոստոսին, պտղակալում՝ սեպտեմբերին՝ բուսուտների ձևով:

Հայաստանի պայմաններում որպես մոլախոտ՝ բուսուտների ձևով, հանդիպում է գրեթե բոլոր գոտիներում, մեծ մասամբ՝ բանջարանոցներում, ցանքատարածություններում, աղբուտներում և այլուր:

Բույսի մեջ կան սեսկվիտերպենային լակտոն, վուլգարին, ցինեոլ, տույոն, բորնեոլ պարունակող եթերայուղ և դաբաղանյութեր, տերևներում՝ կարոտին, ասկորբինաթթու, պրոտեին, լորձ, խեժային  և դառնահամ նյութեր:

Բուժման նպատակով օգտագործվում են բույսի ցողունների ծաղկավոր գլխամասերը, ստորադիր տերևները և կոճղարմատը: Հումքը հիմնականում մթերվում է հուլիս-օգոստոս ամիսներին, չորացվում է քամահարվող, ստվերոտ տեղում: Չոր հումքը պիտանի է մոտ երկու տարի: Չինական բժշկության մեջ այն ունի օգտագործման հին պատմություն: Օժտված է արյունը դադարեցնող, ջերմիջեցնող հատկությամբ, համարվում է ընդհանուր կազդուրիչ միջոց:

Ըստ Ավիցենայի՝ դեղաբույսն օգտակար է գլխացավերի, հարբուխի, միզաքարային հիվանդության ժամանակ: Այն ունի դաշտանը խթանող, ինչպես նաև՝ վիժեցնող հատկություն:

Մխիթար Հերացին դեղաբույսն օգտագործել է բորբոքային ուռուցքների, տենդի դեպքում՝ թրջոցների ձևով, նաև՝ որպես միզամուղ միջոց, իսկ Առնոլդ Վիլլանեցին (14րդ դար)՝ հազի, գոտկատեղի ցավերի և հոդաբորբերի, միջատների և սողունների խայթելու ժամանակ: Ամիրդովլաթը դրանով բուժել է մազաթափությունն ու ձկնամաշկությունը (իխթիոզ):

Բուլղարական  ժողովրդական բժշկության մեջ օշինդրն այժմ էլ օգտագործվում է՝ որպես հանգստացնող և ախորժաբեր միջոց և գինեկոլոգիական որոշ հիվանդությունների բուժման նպատակով:

Ռուսական բժշկության մեջ բույսի արմատն ու վերգետնյա մասն օգտագործվել են  ոգեթուրմի ձևով, նշանակվում է ստամոքսի, ուղիղ աղիի և արգանդի ուռուցքների դեպքում:

Հայկական ժողովրդական բժշկությունն այն օգտագործում է ռևմատիզմը, գոտկանյարդաբորբը, երիկամաքարային հիվանդությունը բուժելու, քոսը, մաշկի քորը վերացնելու նպատակով:

Դեղաբույսը տրվում է ընկնավորության,  նևրասթենիայի և նյարդային այլ հիվանդությունների ու մենինգիտի ժամանակ: Ունի ճիճվամուղ, ցավազերծող, ծննդաբերական ակտն արագացնող, քրտնամուղ հատկություններ:

Օշինդրն օգտագործվում է փոշու, ջրաթուրմի եփուկի և ոգեթուրմի ձևով:

Խորհուրդ է տրվում դեղաբույսն օգտագործելուց առաջ նախապես խորհրդակցել բուսաբույժի հետ, քանի որ կարող է առաջանալ թունավորում, որն արտահայտվում է սուր գաստրիտի և օրգանիզմի ինտոքսիկացիայի երևույթներով:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

168.am