Հայաստանում ապրող 3500 խուլեր տարիներ շարունակ զրկված էին ժեստերի լեզվով հոգևոր տեսանյութերից: Բացը լրացնելու համար Արարատյան Հայրապետական թեմն ու Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը խուլերի համար ժեստերի լեզվով աստվածաշնչյան գրքերի տեսասկավառակ էին հրատարակել: Դրանց ստեղծման գործընթացը տևել է տարիներ: Այսօր արդեն տեսասկավառակները ոչ միայն ծառայում են խուլերին, այլև Միջազգային աստվածաշնչային ընկերությունը եվրոպական երկներում Աստվածաշնչի այս թարգմանությունը ներկայացնում է որպես լավագույն օրինակ և ուղեցույց՝ նման սկավառակներ պատրաստելու համար:
Տասնհինգ տարի առաջ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ և օրհնությամբ Տ. Եսայի քահանա Արթենյանը ստանձնեց խուլերի հետ աշխատելու պարտավորությունը: Սովորեց ժեստերի լեզուն, որպեսզի կարողանար առանց թարգմանչի շփվել նրանց հետ: «Կամք և կորով» հասարակական կազմակերպությունը դիմել էր Նավասարդ Սրբազանին, որպեսզի որևէ հոգևորական գնա և սովորի ժեստերի լեզուն և այդ լեզվով քարոզչություն անի: Երբ Սրբազանը քահանայաց ժողովին ներկայացրեց առաջարկությունը, ես պատրաստակամություն հայտնեցի գնալ և սովորել»,- պատմում է տեր Եսային:
Մինչ տեսասկավառակի ստեղծումը՝ հեղինակները ստիպված են եղել հաղթահարել մի շարք խնդիրներ. «Երբ սկսեցի ժեստերի լեզվով քարոզել, հասկացա որ հոգևոր տերմինների ժեստերը կամ չկան, կամ էլ գրեթե չեն կիրառվում: Օրինակ, ժեստերի լեզվում չէին տարանջատվում հոգևոր դասերը, և թե՛ եպիսկոպոսը, թե՛ վարդապետը, թե՛ քահանան և թե՛ սարկավագը ներկայացվում էին «կրոն» և «մարդ» ժեստերի միջոցով: Մենք ուսումնասիրեցինք ռուսական և եվրոպական փորձը, նրանց ժեստերի լեզվով հոգևոր տերմինները և խուլերի աշխատանքային խմբի հետ բավական երկար քննարկումներից հետո փորձեցինք դրանք կիրառելի դարձնել մեր համայնքի համար: Ուստի մեր առաջին քայլը եղավ «Հոգևոր ժեստերի բառարան»-ի տպագրությունը, որպեսզի աստվածաշնչյան քարոզները կարողանայինք լիարժեք հասցնել խուլերին: Դրան հաջորդեց Սուրբ Պատարագը ժեստերի լեզվով տեսասկավառակի թողարկումը, որը ոչ միայն Սուրբ Պատարագի պարզ թարգմանություն էր, այլև համակցված էր կարճ, մատչելի մեկնաբանություններով»,- նշում է տեր հայրը:
Ժեստերը՝ մայրենի լեզու
Խուլերի համայնքի ձևավորումից հետո հոգևոր առումով կարևոր էր այդ համայնքի կայացումը, Աստծո խոսքին և պատգամներին հաղորդակից դարձնելը: «Դարձի և հավատքի ճանապարհը բռնած յուրաքանչյուր մարդու համար շատ կարևոր է Աստվածաշնչի ընթերցանությունը: Ճիշտ է՝ խուլերը հայերեն կարդում էին՝ շատ հաճախ չհասկանլով բառերի իմաստը: Այս առումով տպագիր Աստվածաշունչը իրենց համար անհասկանալի էր, և բացատրությունների կարիք կար: Մենք գիտենք՝ Աստվածաշունչը թարգմանվում է տարբեր լեզուներով, և ժեստերի լեզուն ևս չի զիջում որևէ այլ լեզվի: Այն իրենց մայրենի լեզուն է, և յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր լեզվով կարդալու Սուրբ Գիրքը»,- ասում է տեր հայրը:
2017 թ. ստեղծվեց և թողարկվեց «Մանուկների աստվածաշունչ: 365 պատմություն» Սուրբ Գրքի՝ ժեստերի լեզվով թարգմանությամբ տեսասկավառակը: Այս պատմությունները պարզ էին և հասկանալի, ուստի որպես սկիզբ դրանք հրաշալիորեն կարող էին ընդհանուր պատկերացումներ տալ Աստծո խոսքի մասին: Ժեստերի լեզվով Աստվածաշնչի թարգմանությունը կիսաանիմացիոն տեսաշար է՝ ներկայացված ժեստի, տեքստի և պատկերի համադրությամբ: «Սա դարձավ բացառիկ օրինակ, քանի որ մենք փորձեցինք նպատակային լինել՝ օգտագործելով երկլեզու ուսուցման մոդելը: Այս մոդելի էությունն այն է, որ ժեստը և խոսքը համակցված են, ինչը նպաստում է տեղեկատվության լիարժեք յուրացմանը»,- նշում է տեր Եսային:
Հաջորդիվ սկսվեցին Ղուկասի Ավետարանը ժեստերի լեզվով տեսասկավառակի ստեղծման աշխատանքները. «Ընտրեցինք Ղուկասի Ավետարանը, քանի որ այստեղ շատ են առակները, պատմությունները: Խուլերին շատ են հետաքրքրում հատկապես աստվածաշնչյան պատմությունները և առակները, քանի որ նրանք հեշտությամբ են կարողանում միմյանց պատմել ու փոխանցել դրանք»:
Լռության ձայնը
Տեսասկավառակում աստվածաշնչյան պատմությունները ներկայացնում են խուլերը: «Մենք խմբագրել և համակարգել ենք աշխատանքները, սակայն հիմնական աշխատանքների մեծ մասը կատարել են խուլերը: Առաջին սկավառակի պատրաստման աշխատանքներին նրանք ներգրավված էին նույնիսկ տեխնիկական մասերում՝ նկարահանում, գրիմ, մոնտաժ»,- պատմում է տեր հայրը:
Տեսասկավառակի ստեղծման գործընթացին աջակցած Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանն էլ համոզմունք հայտնեց, որ լսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց Աստծո խոսքը հասցնելը դժվար չէ. «Այսքան տարի ես շփվել եմ մեր հասարակության տարբեր խավերի հետ և ամենագեղեցիկ ժպիտը տեսել եմ կույրերի աչքերում: Ամենագեղեցիկ բառը լսել եմ խուլ համայնքի ներկայացուցչի շուրթերից»:
Արարատյան Հայրապետական թեմի խուլերի համայնքի անդամ Գրետա Ավագյանը Աստվածաշնչի ժեստերի լեզվով թարգմանության հիմնական մասնակիցներից և թարգմանիչներից է. «Մեծ ջանք ու եռանդ էր պահանջվում այդ աշխատանքն իրականացնելու համար: Համայնքի համար շատ կարևոր է Աստվածաշնչի՝ ժեստերի լեզվով թարգմանված տեսասկավառակը, քանի որ նախկինում նման բան չունեինք: Սուրբ Գիրք կարդալը շատ խրթին էր և անհասկանալի: Ավելի հեշտ է կարդալ ժեստերով՝ մեր մայրենի լեզվով: Ինձ համար միանգամից շատ բացահայտումներ եղան. այն, ինչ պատմում էի, զգում էի մաշկիս վրա և իմ կյանքում»,- պատմում է Գրետան:
Թեմում խուլերի համայնքի հետ կապված բազմաթիվ ծրագրեր կան: Դրանցից մեկը մնջախաղի թատրոնն է: Թատրոնն արդեն ճանաչվել է, մասնակցել միջազգային փառատոնների: Այս տարի թատերախումբը վերակազմավորվել է, և արդեն թատրոն են հաճախում նաև ավելի փոքր տարիքի երեխաներ: Այստեղ բեմադրվում են աստվածաշնչյան պատմություններ և էտյուդներ:
Արարատյան Հայրապետական թեմի և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության համագործակցությունը շարունակական կլինի: Խուլերի համայնքը հնարավորություն կստանա ժեստերի լեզվով ծանոթանալ նաև Հին կտակարանի գրքերի հետ:
Պատրաստեց Լուսինե ՕՀԱՆՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ