Երջանկության նախագիծ. Հովիկ Չարխչյան. armtimes.com
Advertisement 1000 x 90

Երջանկության նախագիծ. Հովիկ Չարխչյան. armtimes.com

Ականավոր հոգեբան, Նոբելյան դափնեկիր և վարքագծային տնտեսագիտության հիմնադիր Դանիել Կահնեմանն իր «Հիշողության փորձը» դասախոսության մեջ օրինակներ բերելով արձակուրդների թեմայից մինչև կոլոնսկոպիա, բացատրում է, թե ինչպես են մեր «ապրումի ենթակա եսը» և «հիշող եսը» տարբեր ձևերով ընկալում երջանկությունը: Կահնեմանը նկատում է, որ փողի պակասը որոշ շեմից ներքև խոչընդոտում է երջանկությանը, թեև այդ շեմից բարձրանալիս չի ավելացնում երջանկությունը:

Գրող Հովիկ Չարխչյան.

Կար մի շրջան, երբ ես համոզված էի, որ երջանկության համար բանաձև գոյություն չունի, որովհետև յուրաքանչյուր մարդ երջանկության իր պատկերացումն ունի: Բայց վերջին շրջանում սկսել եմ այլ կերպ մտածել. եթե նրանք, ում դու սիրում ես, երջանիկ են, ուրեմն դու կարող ես քեզ համարել ամենաերջանիկ մարդը:

Անձնական երջանկություն.

Հենց հիմա անձնական երջանկության աստեղային ժամս եմ ապրում ամեն աստծո օր, երբ դուռը բացում եմ և տեսնում թոռնիկիս: Ավելին երբեք չեմ պահանջի աստծուց, ավելին չեմ էլ երազի:

Մասնագիտական երջանկություն.

Մասնագիտական երջանկությունը բոլորովին կապված չէ մասնագիտական հաջողության հետ: Մասնագիտական երջանկության վերին նիշը ստեղծագործական պրոցեսն է, երբ քո մտքերը, քո հույզերը, քո ապրումները տող, պարբերություն, էջ են դառնում:

Հանրային երջանկություն.

Այսօրվա պես հիշում եմ` 1992-ի մայիսին փողոց դուրս եկա և ականջիս զրույց ընկավ, որ մերոնք մտել են Շուշի: Չեմ կարող պատմել, թե ինչ զգացի: Հետո մեր գյուղի կենտրոնում մեծ կաթսաներ էին դրել և մատաղ էին անում հաղթանակի առթիվ: Մսերը բաժանում էին անցորդներին, և մեզ թվում էր, որ մենք էլ բաժին ունենք այդ հաղթանակից: Մարդիկ նման դեպքերում տարբեր կոչեր են վանկարկում, ես չեմ կարողանում միանալ այդ վանկարկումներին, բայց ամբողջ մարմնով, ամեն բջիջով ցնծացել եմ այդ հաղթանակի համար: Մեզ կենսականորեն անհրաժեշտ էր այդ շոշափելի, առարկայական հաղթանակը, ուժի ցուցադրման հաղթությունը: Քարտեզի վրա գիծ էր քաշվել, որը քո’ գիծն է, դա քո’ տարածքն է: Սա խենթանալու երջանկություն էր:

Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.

Ես իմ երկիրն այնքան շատ եմ սիրում, որ նույնիսկ որևէ մակդիր չեմ ուզում դնել նրա կողքին. ուժեղ կլինի, թե թույլ` իմ սերը դրանից չի նվազելու: Բնական է, որ պիտի երազեմ երջանիկ մարդկանցով երջանիկ երկրի ուտոպիան տեսանելի լինի և արժանանամ նրան տեսնելու բախտին: 54 տարեկան եմ և հասցրել եմ շատ բաներ տեսնել` խորհրդային երկիր, այդ երկրի փլուզվելն եմ տեսել, նորանկախ երկրի կայացումն եմ տեսել, պատերազմ, երկրաշարժ, հազար տեսակի իշխանավորներ, պայքարի հազար ձևեր. հիմա ինձ խաբելը դժվար է, դրա համար էլ երկրի երջանկության հետ կապված երազանքներս փոքր են:

Մարինա Բաղդագյուլյան

Ամբողջությամբ՝ armtimes.com