Մայիսյան հաղթանակը Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր»-ում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մայիսյան հաղթանակը Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր»-ում

Ներկայացնում ենք հատված Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» էսսեյից, ստեղծագործություն-մտորում հնի և նորի, անցյալի ծանր հետքի, ապրելու ցանկության մասին:

«…Սարդարապատի ժամանակ մեր հրետանին այստեղ էր կանգնել…

Հրամանատարը կանգնած էր այստեղ, իմ կանգնած տեղը: Ինքս հրետանավոր էի, բայց ինձ լավ չեմ հիշում:

Հրամանատարը կանգնած էր այստեղ, իմ կանգնած տեղը:

Ջարդ տվեցինք, էնպես լավ ջարդեցինք, որ թուրքի փաշան մեզ գովել էր: Մեր հրետանին կանգնել էր այս Մեծամոր բլրի տակ, նրան չէին օգնում ոչ հին մագաղաթները, ոչ հիքսոսները, ոչ էլ Երկիրը գնդած գիտնականները…

Ամբողջ օրը մեր հրետանին քանդուքարափ էր անում մեր Սարդարապատը, ապա տղերքը լծվեցին և, եզան պես առանց ձայնի արտասվելով թնդանոթները թիզ առ թիզ քաշեցին Արագածն ի վեր Ապարան, որովհետև թշնամին ազնիվ ճակատամարտ, ազնիվ հաղթանակ կամ պարտություն չէր ուզում, քանի որ թշնամի չէր, այլ բորենի, և բորենին մեր ողկույզը չէր ուզում, այլ մեր լեշը:

Հետո թշնամին գովել էր թե այդ հայերը, ոչինչ, կարծես թե տղամարդ են, կռվում են…

 

…Լուսաստղ մոլորակը, Քաջարանի մոլիբդենը աստղագնաց հրթիռի զրահի մեջ: Ռոսլինի ոսկին, Մարտիրոս Սարյանը: Սարյանի ծաղիկները, թոնդրակյան համաշխարհային շարժումը… Այնտեղ՝ ճորտական Գեղարդը, այնտեղ՝ ոսկի խաչքարերը: Չարենցը, երկաթագրերի դժվար կորերը, մատյանները, երգերը, ուրիշների պալատներում հաջողությունը, մեր Կոմիտասը, մեր Շեքսպիրը – հե՜րն անիծած, հիսուն տարվա մեռել Թալեաթն ով է, որ այնտեղից այստեղ թունավորի իմ կենաց բաժակը: Հերն անիծած, ունես կանգնելու տեղ, այս հազարամյա կավոտ այգիներից պոկիր մի ողկույզ շեկ խաղող, մատներիդ մեջ պահիր մի բաժակ կոնյակ արևի դեմ, կանգնիր լավաշհաց փռած հովտում Նոյի լեռան կողքին և ասա. ես ե՛ս եմ»:

Նշենք նաև, որ էսսեն բեմականացվել է հեռուստաթատրոնում, 1981 թ.: