Քաղաքագետ Յան-Վերներ Մյուլլերի «Ի՞նչ է պոպուլիզմը» գրքի թարգմանիչը Հովհաննես Նիկողոսյանն է։ Սա հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնող աշխատանք էր թարգմանչի համար։ Քաղաքագիտական բեսթսելլերը օրինակների վրա բացատրում է պոպուլիզմի ազդեցությունը զարգացած երկրների քաղաքական համակարգերի ու հասարակությունների վրա։
«Այս գրքի թարգմանությանը որոշակի առումով վերաբերվել եմ որպես հանրային ծառայության, քանի որ հայ ընթերցողին են ներկայացվում վերջին մի քանի տարիներին զարգացած երկրներում պոպուլիստ առաջնորդների իշխանության արդյունքում առաջացած սոցիալական ու քաղաքական խնդիրները, որոնց մի մասը կարող է զուգահեռներ ունենալ հայկական իրականության հետ։ Այս հարցերի վերաբերյալ այլ երկրների օրինակների լույսի ներքո մտորելը, հուսով եմ, մեր հասարակությանը և քաղաքական դաշտի ներկայացուցիչներին կօգնի թարմացնել ու զարգացնել այս հարցերի շուրջ մեր հանրային դիսկուրսը», – ասում է Հովհաննես Նիկողոսյանը։
Newmag-ի հրատարակչական թիմը փորձել է խիստ գիտական ոճի շարադրանքը մոտեցնել պոպուլիզմի պահանջմունքներին․ հասկանալի և ավելի հետաքրքիր դարձնել՝ չփոխելով հեղինակի միտքը և նրա շարադրանքի տրամաբանությունը։ Գրքի հայերեն հրատարակության խմբագիրը Գնել Նալբանդյանն է։ Տեքստերը կառուցված են այնպես, որ դրանք հեշտ լինեն ընկալելը, մտապահելը և վերարտադրելը։
«Գիտական բնույթի տեքստերը ունեն մեծ ընդհանրական թերություն․ դրանք ավելի շատ հակված են սխոլաստիկ կառույցների, դրանց հասցեատերը գիտական նեղ միջավայրն է: Բայց կարծում ենք, որ այս աշխատությունը հետաքրքիր և կարևոր կլինի ոչ միայն սոցիոլոգիայի, փիլիսոփայության, պատմագիտության կամ քաղաքագիտության ամբիոնների դասախոսների և ուսանողների համար, կուսակցականների և քաղաքական գործիչների համար, այլև բազմաթիվ մարդկանց, որոնք, չլինելով ոլորտային մասնագետներ, ուզում են հասկանալ քաղաքական զարգացումները, որոնցով հենց հիմա իրենք շրջապատված են, որոնցով տառապում է նրանց միտքը և ծանրաբեռնված է նրանց ուղեղը» , – ասում է Գնել Նալբանդյանը։
Ամբողջը՝ newmag.am