Ժամանակակից շատ մարդիկ իրենց կյանքը չեն պատկերացնում առանց քաղցրավենիքների. տորթերը, վաֆլիները, թխվածքաբլիթներն ու կոնֆետները վաղուց դարձել են նրանց ամենօրյա սննդաբաժնի մի մասը։ Այս բոլոր մթերքները վնասակար են թե՛ առողջությանը, թե՛ կազմվածքին, և շատերը հիանալի հասկանում են, բայց չեն պատկերացնում, թե ինչպես պետք է պայքարել քաղցր ուտելու ցանկության դեմ։
Սննդաբան Գայանե Շահխաթունին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում մի քանի խորհուրդներ տվեց, որոնք կարող են օգնել նրանց, ովքեր ցանկանում են հետ վարժվել քաղցր ուտելուց։
Եթե սովոր եք առավոտյան մեկ բաժակ թեյի կամ սուրճի հետ մի կտոր տորթ, կոնֆետ կամ ցանկացած այլ քաղցրեղեն ուտել, անհրաժեշտ է առաջին հերթին կիսով չափ կրճատել սովորական չափաբաժինը. փորձեք բավարարվել տորթի, թխվածքաբլիթի կես կտորով։ Անգամ կոնֆետը կարելի է կիսել, մյուս կեսն էլ հետո ուտել։
Հաջորդ քայլով անհրաժեշտ է սկսել վերահսկել քաղցրի քանակությունն օրվա ընթացքում։ Սկզբում փորձեք ուտել օրական 3 կոնֆետից ոչ ավելի։ Եթե քաղցր շատ եք ուզում, կերեք կոնֆետի կեսը, իսկ երկրորդ կեսը կարող եք ուտել ավելի ուշ, եթե նորից քաղցր ուզեք։ Երբ սովորեք բավարարվել քաղցրի կրճատված քանակությամբ, նորից կրկնակի կրճատեք այդ քանակությունը։
Ժամանակի ընթացքում, էլ ավելի կրճատելով քաղցրի քանակությունը սննդաբաժնում, դուք կարող եք սովորել քաղցր ուտել միայն առիթից առիթ։
Եվս մեկ կարևոր խորհուրդ. քաղցրեղենը պետք է ուտել շատ դանդաղ։ Ինչպես նշեց մասնագետը, մեր ուղեղին ժամանակ է պետք, որպեսզի հասկանա, որ հագեցել է։ Եվ երբ մենք դանդաղ ենք ուտում, այդ նույն ժամանակում մենք հասցնում ենք շատ ավելի քիչ ուտել։
«Եթե եկել եք միջոցառման և պատրաստվում եք այնտեղ տորթ ուտել, միայն կես կտոր վերցրեք և սկսեք շատ դանդաղ ուտել այն։ Ձեր ուղեղը որոշ ժամանակ անց «կկշտանա», և չեք էլ ցանկանա ուտել մնացած կտորը»,- ասաց սննդաբանը։
Մասնագետը նաև ընդգծել է, որ ոչ մի ահավոր բան չի պատահի, եթե օրվա ընթացքում ուտեք 1-2 կտոր դառը շոկոլադ առանց հավելումների։ Բայց շոկոլադ գնելիս անպայման կարդացեք դրա բաղադրությունը. որքան քիչ են դրանում շաքարը և այլ հավելումները, և որքան շատ է կակաոն, այնքան ավելի լավ։
Հիշեցնենք, որ շաքար պարունակող մթերքները, հակառակ տարածված կարծիքի, ուղեղի համար ոչ միայն օգտակար չեն, այլև վնասակար են։ Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ շաքարը բացասաբար է ազդում երեխաների վարքի վրա և, իհարկե, լուրջ վնաս է հասցնում նրանց ատամներին։