Տնտեսությունն աճում է, գյուղատնտեսությունը` անկում ապրում, խոպան գնացողները պակասել են. ԿԲ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Տնտեսությունն աճում է, գյուղատնտեսությունը` անկում ապրում, խոպան գնացողները պակասել են. ԿԲ. armeniasputnik.am

2019թ.-ի 10 ամիսների համար Կենտրոնական բանկը մինչև 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը:

«Նայելով հոկտեմբերի նոր հրապարակված թվերին մենք 6.9–ից մի փոքր ավելի աճ ենք կանխատեսում։ Նույնիսկ հնարավոր է հասնի 7 կամ 7.1 տոկոսի»,- ասաց նա։

Հայաստանյան տնտեսության հիմնական շարժիչ ուժերը հոկտեմբերին ևս եղել են արդյունաբերությունն ու ծառայությունները, որոնց աճը կազմել է 9 տոկոս։ Շատ դանդաղ տեմպերով աճել է նաև շինարարությունը։ Իսկ գյուղատնտեսությունը հոկտեմբերին ևս շարունակել է անկում ապրել։

«Գյուղատնտեսության ու շինարարության զարգացումներն անգամ մի փոքր ավելին են, քան մենք սպասում էինք»,- ասաց Գրիգորյանը։

Տնտեսական աճին, ԿԲ տվյալներով, հիմնականում նպաստում է մասնավոր սպառումը, որի աճը եռամսյակի ընթացքում 11-14 տոկոս է կազմել։

Հոկտեմբերին Հայաստանից արտահանումների ծավալը ևս աճել է։ Ընդ որում, աճի տեմպը գերազանցել է ներմուծման աճի տեմպը։

Կենտրոնական բանկը վերագնահատել է նաև երկարաժամկետ տնտեսական աճի ցուցանիշները։ Եթե նախկինում 4.5 տոկոս աճ էր կանխատեսվում, այժմ կանխատեսումը բարձրացվել է 5 տոկոսի։

«Դա հիմնականում կապված է վերջին շրջանում աշխատուժի շուկայում գրանցված զարգացումների հետ։ Երևում է, որ սահմանահատումների սալդոն մեզ մոտ, որ նախորդ տարիներին բացասական էր, 2018թ.-ից չեզոք է կամ 0-ին մոտ։ Նույնիսկ 2018թ.-ին որոշակի դրական է եղել»,- ասաց Գրիգորյանը։

ԿԲ-ն կանխատեսում է, որ աշխատուժի տեղաշարժի դրական միտումները կպահպանվեն նաև առաջիկայում։ ԿԲ–ի մասնագետները հույս ունեն, որ ապագայում ևս Հայաստանում այս ցուցանիշն այլևս բացասական չի լինի։

armeniasputnik.am