Պարզվում է՝ տնային տնտեսուհի լինելը վնասակար է ֆիզիկական եւ հոգեկան առողջության համար: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Demography ամսագրում:
Հետազոտության տվյալներով՝ կանայք, որոնք միջին տարիքում մշտապես զբաղված են եղել վարձատրվող աշխատանքով, տարեց շրջանում չաշխատած կանանց համեմատությամբ ունեցել են ֆիզիկական եւ հոգեկան առողջության զգալիորեն ավելի լավ վիճակ: Դրանից բացի, պարզվել է, որ աշխատող կանայք ավելի երկար են ապրում:
Մակս Պլանկի անվան ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի գիտնականներն այսպիսի եզրակացությունների են հանգել վերլուծելով ԱՄՆ-ում անցկացված խոշոր ազգային հետազոտության տվյալները: 30-ից մինչեւ 44 տարեկան 5083 կանանց հարցումը սկսվել է 1967 թվականին եւ անցկացվել է մինչեւ 2003 թվականը, երբ կանայք դարձել են 66-80 տարեկան:
Պարզվել է, որ կանայք, ովքեր հետազոտության առաջին 20 տարում ունեցել են կանոնավոր վարձատրվող աշխատանք, հաջորդ 16 տարիներին ավելի հազվադեպ են բախվել ֆիզիկական առողջության սահմանափակումների եւ դեպրեսիայի ախտանիշների, քան տնային տնտեսուհիները: Դրանից բացի, աշխատող կանանց շրջանում 2012 թվականին մահանալու հավանականությունը 25 տոկոսով ցածր է եղել:
Մյուս կողմից՝ գիտնականները նշել են, որ աշխատանքի մշտական բացասական փորձը կարող է բացասաբար ազդել կանանց առողջության վրա: Այսպես՝ խտրականությունը եւ աշխատանքի հանդեպ հետաքրքրության բացակայությունը կապված էին ծերանալուն զուգահեռ՝ ֆիզիկական եւ հոգեւոր առողջության վատթար վիճակի հետ: Սակայն անգամ այս կանայք տարեց ժամանակ ավելի առողջ էին, քան չաշխատած կանայք: