Ճամփորդ Գոռի խենթ նախաձեռնությունը. ինչպես 62 օրում 16 երկիր տեսնել ու շատ գումար չծախսել. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ճամփորդ Գոռի խենթ նախաձեռնությունը. ինչպես 62 օրում 16 երկիր տեսնել ու շատ գումար չծախսել. armeniasputnik.am

Արկածային ուղևորություն փորձառու ճամփորդ Գոռի հետ` իսկական խիզախների համար… Ուղևորությունն ընդգրկելու է ամբողջ Եվրոպան, արկածախնդիրները շոգենավով անցնելու են Ջիբրալթարն ու հասնելու են Աֆրիկա։ Բոլոր տեղերում պատմելու են Հայաստանի մասին ու հրավիրելու են մեր երկիր։

62 օրում 16 երկրի ավելի քանի 100 քաղաքներում ու զբոսաշրջային հայտնի վայրերում կպատմեն Հայաստանի ու Արցախի մասին. լեռնային ուղեկցորդ, դահուկային ինստրուկտոր, Դիլիջանի միջազգային դպրոցի երիտասարդ դասախոս Գոռ Հովհաննիսյանի խենթ ու խելահեղ գաղափարն է։ Մոտո–ճամփորդությունների սիրահար Գոռն ամեն տարի կազմում է հետաքրքիր, անսովոր երթուղի, վերցնում մոտոցիկլետը, զինվում առաջին անհրաժեշտության պարագաներով ու առանց միլիոններ գրպանում դնելու` դուրս գալիս շաբաթներ տևող ճամփորդության։

«Այս անգամ մտածեցի, որ ճամփորդությունը զուտ հանգիստ ու հաճելի ժամանց չլինի, այլ ավելին դառնա, օրինակ՝ օտար երկրներում տեղացիներին ու այնտեղ եկած զբոսաշրջիկներին պատմի Հայաստանի մասին, նրանց ուշադրությունը գրավի, հետաքրքրի մեր երկրով»,- ասում է Գոռը։Նա վստահ է` զբոսաշրջային expo-ցուցահանդեսների ժամանակն անցել է։ Հիմա զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու համար պետք է օգտագործել համացանցի հնարավորություններն ու անձնական կապերը։ Այդպես իր ուղևորությունների ընթացքում նա բազմաթիվ մարդկանց հետ է կապեր հաստատել` նրանց պատմելով Հայաստանի զբոսաշրջային գրավչության ու հմայքի մասին։

Գոռ Այզակ` Գոռ Հովհաննիսյան, լեռնային ուղեկցորդ, դահուկային ինստրուկտոր

Գոռը հրավիրում է ցանկացողներին միանալու այս «աշխարհի շուրջը 62 օրում» արկածային ճամփորդությանը։ Ինքը ճանապարհն անցնելու է մոտոցիկլետով, լինելու է նաև ուղեկցող մեքենա, որում կարող են տեղավորվել մինչև երեք անձ։ Երբ արկածախնդիրների խումբը կազմվի, Գոռը դիմելու է նաև զբոսաշրջային գործակալություններին, նրանցից մեր երկիրը գովազդող նյութեր է վերցնելու ու այդպես զինված ճանապարհ են ընկնելու։

«Տանելու ենք Հայաստանի և Արցախի մասին պատմող բուկլետներ, բաժանելու ենք` ում հանդիպենք ու պատմելու ենք մեր հրաշք երկրի մասին։ Պիտի տարածենք ամենահայտնի տուրիստական վայրերում, բաժանենք ոչ միայն տեղացիներին, այլև այդտեղ եկած զբոսաշրջիկներին, թույլատրելի տեղերում փակցնելու ենք Հայաստանի գովազդը»,– ասում է Գոռը։

Ընդհանուր երթուղին կազմելու է 20․000 կմ։ Ճամփորդությունը սկսվելու է Դիլիջանից, ավարտվելու է Երևանում։ Բուդապեշտ, Վարշավա, Բեռլին, Ցյուրիխ, Վիեննա, Լիխտեյնշտեյն, Լիոն, Բարսելոնա, Վալենսիա, Մադրիդ, Լիսաբոն և շատ ուրիշ քաղաքներ… Ուղևորությունն ընդգրկելու է ամբողջ Եվրոպան, արկածախնդիրները շոգենավով անցնելու են Ջիբրալթարն ու հասնելու են Աֆրիկա։

«Ոտքներս դնելու ենք Սահարա անապատի ավազների մեջ»,- խոստանում է Գոռը։

Ուղևորության մասնակիցները մնալու են ինչպես վրաններում, այնպես էլ հոսթելներում, հյուրանոցներում։ Երբ թիմը ձևավորված լինի, Գոռը նպատակ ունի կապ հաստատել նաև սփյուռքահայ համայնքների հետ` տեղում նրանց աջակցությունն էլ ստանալու համար։ Նրա հաշվարկներով` 1 անձի առավելագույն ծախսն այս ճամփորդության ընթացքում չի գերազանցի 4000 ԱՄՆ դոլարը, ներառյալ տրանսպորտային ծախսերը, սնունդը, գիշերակացը։ Եթե սփյուռքահայ համայնքներն էլ աջակցեն, օրինակ` հյուրընկալեն մասնակիցներին մեկ օրով, ապա արժեքն ավելի ցածր կլինի։ Արկածային ճամփորդությունների սիրահար Գոռը բյուջետային երկար ճամփորդությունների լավ փորձ ունի։ Նախորդ տարի նրա ուղևորությունն ընդգրկել է 15.000 կմ, գիտի` որտեղ մնա, ինչպես սնվի, այնպես որ վստահ է` այս գումարն առավելագույնն է, որ ծախսելու կարիք կլինի։

«Եթե հաշվի առնենք, որ 4000 ԱՄՆ դոլարով լինելու են ամբողջ Եվրոպայում, տեսնելու են ամենազբոսաշրջային վայրերն ու հուշարձանները, ապա սա շատ փոքր գումար է։ Ի դեպ, այդ գումարը մեզ չեն տալու, դա իրենց գումարն է, պահելու են իրենց մոտ, ծախսելու են` ինչպես կամենան»,- նշում է նա։

Բացի Հայաստանն ու Արցախը գովազդելու կարևոր առաքելությունից նաև հրաշալի, տարբերվող հանգիստ են անցկացնելու. խոստանում է Գոռն ու հավելում, որ ինքն առաջին օգնության լիցենզավորված մասնագետ է, այնպես որ չնախատեսված տհաճ իրավիճակներ էլ չեն լինի։

Այս պահին ուղևորության մեկնարկի հստակ ժամանակահատվածը նշել դժվարանում է։ Ասում է` երբ թիմը կազմված լինի, կընտրեն այնպիսի ժամանակ, որ բոլորին հարմար լինի, բայց այնպես, որ մինչև սեպտեմբերի 1-ն ավարտված լինի։

Գոռի խենթ ու խելառ նախաձեռնությամբ շատերն են հետաքրքրվել, առայժմ միանալու ցանկություն լրջորեն միայն մեկն է հայտնել։ Գոռը նշում է` եթե մենակ էլ մնա, գնալու է, միայն ափսոսում է, որ այդ դեպքում միայնակ շատ գործ չի կարողանա անել։

armeniasputnik.am