Դուք որոշե՞լ եք իրականացնել ձեզ համար շատ կարևոր երազանք ու բարձրանալ Արարատ: Շատ ողջունելի որոշում է: Արարատը յուրօրինակ լեռ է: Արարատի վերելքը ձեզ տալիս է միանգամից մի քանի անմոռանալի զգացողություն: Արարատը 5000 մետրանոց լեռ է, ինչն արդեն ալպինիստական լուրջ բարձրություն է: Բայց նաև միաժամանակ ամենահեշտ ու ապահով 5000-անոց լեռներից է աշխարհում ըստ իր աշխարհագրական դիրքի, կլիմայի և երթուղու վրա մշակված ենթակառուցվածքների շնորհիվ: Բացի դրանից, Արարատը շատ կարևոր խորհրդանշական արժեք է պարունակում իր մեջ հայերի համար: Բայց լավ, եկեք հարցի հուզական մասը թողնենք վերելքից հետո ընկերների հետ կիսվելու համար ու խոսենք գործի տեխնիկական մասից: Ինչպե՞ս պատրաստվել Արարատի վերելքին:
Ինչպես արդեն նշեցինք Արարատն իր բարդությամբ այնպիսին է, որ ցանկացած առողջ մարդ կարող է բարձրանալ: Սակայն դրա համար պետք է կամքի ուժ և մի փոքր տեխնիկական բաղկացուցիչ մաս: Եկեք չմոռանանք, որ գնում ենք վայրի բնություն, այն էլ՝ բարձրլեռնային գոտի: Այստեղ կյանքը այլ կերպ է հոսում, օրգանիզմն այլ կերպ է աշխատում: Գագաթի մթնոլորտային ճնշումը ստորոտի համեմատ ցածր է, օդը՝ սառը և չոր, օրգանիզմին պետք է պատրաստել այդ պայմաններին: Դա շատ բարդ գործ չէ, և տվյալ հոդվածում մենք կբացատրենք, թե ինչպե՞ս պատրաստվել Արարատի վերելքին.
Կարգավորե՛ք ձեր կենսակերպը
Վերելքից առնվազն մեկ ամիս առաջ սկսե՛ք առավել կայուն և առողջ ապրելակերպ վարել: Կարգավորե՛ք ձեր քնի ռեժիմը, սննդակարգը, հնարավորինս փորձեք զերծ մնալ ալկոհոլից, ծխախոտից: Ուրբաթ երեկոն փաբում անցկացնելու հաջորդ առավոտը հնարավոր է դուք ձեզ արդեն սթափ զգաք և, անգամ, մեքենա վարել կարողանաք, սակայն սպիրտը դեռ երկար ժամանակ մնալու է օրգանիզմում և տեսականորեն կարող է ազդեցություն թողնել դրա վրա: Դա ամենևին չի նշանակում, որ վերելքի ժամանակ դուք դեռ գինովցած եք լինելու, բայց օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունն ու տոնուսը բարձրացնելու համար արժի զերծ մնալ ալկոհոլից:
Մարզվե՛ք
Իդեալական է, իհարկե, եթե ինտենսիվ մարզումների պլան կազմեք՝ համապատասխան դիետայով և քնի ռեժիմով, և ամեն օր հետևեք դրան: Բայց դե գիտենք, որ չեք անելու: Բոլորս էլ ունենք առօրյա հոգսեր, և չենք կարողանում ժամանակ տրամադրել նաև մարզումներին:
Բայց շաբաթական երեք անգամ մոտ 5 կիլոմետր թեթև վազքը, կամ երեկոյան կամ առավոտյան զբոսանքը կարծում եմ մեծ դժվարություն չէ և միանշանակ դրական ազդեցություն կունենա ձեր կենսակերպի վրա:
Գնացե՛ք արշավներ
Շատ արշավներ, Հայաստանում: “Armenian Geographic” — ը ամեն շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է քայլարշավներ, լեռնային վերելքներ: Մեր հետ արշավների մասնակցելով դուք կմարզվեք գալիք վերելքի համար, կգտնեք գաղափարակից ընկերներ, ում հետ շփվելով ձեռք կբերեք քայլարշավների և լեռնագնացության մասին տարրական գիտելիքներ:
Անցե՛ք բժշկական զննում
Ստուգեք թոքերի և սրտի աշխատանքը: Եթե ունեք որևէ առողջական խնդիր՝ փչացած ատամ, մրսածություն, խրոնիկ հիվանդություններ, ապա անպայման լուծեք այդ խնդիրները: Հիշե՛ք, լեռներում մարդու օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է: Անգամ ամենաաննշան բանը կարող է բացասական անդրադառնալ ձեր առողջության վրա և լուրջ խնդրի պատճառ դառնալ: Անկեղծ և օբյեկտիվ մոտեցեք հարցին: Խորհրդակցեք բժիշկների հետ, և եթե ունեք հակացուցումներ, անպայման մեզ տեղյակ պահեք: Իմացեք, որ այս հարցում ողջ պատասխանատվությունը ձեր վրա է:
Արարատի վերելքի համար անհրաժեշտ գույք և հանդերձանք
«Ինչպե՞ս ընտրել ճիշտ հանդերձանք», «իսկ ի՞նչ ջերմաստիճան է լինում գիշերը», «շա՞տ ցուրտ է գագաթին»: Այս հարցերն Արարատի վերելքին պատրաստվողների կողմից ամենահաճախ տրվողն են։ Իհարկե, լավագույն փորձը կարող եք ձեռք բերել միայն ու միայն նախապես արշավների մասնակցելով, և սեփական փորձով հասկանալ, թե որ ոտնամանով քայլելն է ավելի հարմար և որ եղանակին ինչ հանդերձանք օգտագործել։
ատկապես ձմեռային արշավները ամենալավ փորձն են։ Քանի որ ձմռանը Հայաստանի լեռներում կլիման մոտավորապես նույնն է, ինչ ամռանն Արարատի գագաթին։
Վերելքի համար անհրաժեշտ պարագաների ցանկը
Արարատի վերելքը սկսվում է 2200 մետր բարձրությունից։ Եվ, քանի որ ամռանն այս բարձրության վրա բավականին շոգ է պետք է պաշտպանվել արևահարվելուց։ Առաջին հերթին պետք է փակել մարմնի բոլոր մասերը։ Գիտենք, որ ասելու եք շոգ է և կարճաթև շապիկով ու կարճ տաբատով ավելի հարմար կլինի սկսել առաջին օրը: Բայց հիշեք, որ Արարատի վերելքը ձեր երազանքն է: Եւ դուք իրավունք չունեք այն վտանգի տակ դնել ու չլսել փորձառու մարդկանց խորհուրդը։ Բարձրլեռնային գոտում արևային ռադիացիան ավելի ինտենսիվ է։ Հետևաբար արևից վառվելու և օրգանիզմը թուլացնելու հավանականությունն ավելի մեծ է։ Այնպես որ ընդամենը պետք է փակեք մարմնի բոլոր հատվածները։ Գլուխն ու վիզը փակում են հատուկ արշավային գլխարկով, իսկ եթե ձեր գլխարկը չի ծածկում վիզը կարող եք ուղղակի այն ծածկել բաֆով։
Վերելքի սկզբում ձեզ պետք չեն պրոֆեսիոնալ բարձրալեռնային կոշիկներ։ Մինչև երկրորդ ճամբար կարող եք բարձրանալ արշավային ոտնամաններով։ Կարևոր է, որ դրանք լինեն հաստ տակացուով և կոճից բարձր, որպեսզի ֆիքսեն կոճն ու սրունքը։ Քանի որ Արարատը բավականին քարքարոտ լեռ է կա ոտքը ոլորելու վտանգ։
Առաջին օրը բարձրանում ենք հարաբերական 1000 մետր։ Վերելքը տևում է մոտ 4 ժամ։ Բարձրանում ենք թեթև հանդերձանքով։ Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով, իսկ ձեզ հետ վերցնելու եք փոքր ուսապարկ։ Ուսապարկի մեջ լինելու են միայն այդ մի քանի ժամվա համար անհրաժեշտ պարագաներ՝ դեղատուփ, թեթև բաճկոն, գլխարկ, սնունդ՝ կանգառների ընթացքում թեթև սնվելու համար, և ջուր։ Հիշեք որ մարմինը ջրազրկվելու հատկություն ունի: Անկախ նրանից՝ դուք ջուր սիրում եք, թե ոչ, այն օգտագործելը վերելքի ընթացքում պարտադիր է։ Աշխատեք ճամբարից ճամբար բարձրանալիս խմել առնվազն 1-1,5 լիտր ջուր։
Երկրորդ օրվա առավոտյան կլիմայական պայմանները գրեթե նույնն են։ Սակայն որքան բարձրանանք վերև, այդքան զգալու ենք ջերմաստիճանի փոփոխությունը։ Երկրորդ օրվա հանդերձանքը նույնն է, ինչ նախորդ օրվանը, միայն պետք է վերցնել ավելի տաք բաճկոն, տաք ձեռնոց ու գլխարկ։
Եվ այսպես, մոտեցանք ամենակարևոր օրվան։ Երկրորդ ճամբարը գտնվում է 4200 մետր բարձրության վրա։ Հենց այստեղից է սկսվում երազանքի վերելքը, և հենց այս օրվա համար ենք այդքան երկար պատրաստվում։
Վերելքը սկսվում է գիշերը ժամը մեկին։ Ջերմաստիճանը 0-ից ցածր է լինում, և որքան բարձրանում ենք, այդքան նվազում է։ Պետք է ճիշտ ընտրել այս օրվա հանդերձանքը։
Ի՞նչ հագնել
Լեռներում հագնվելիս գոյություն ունի շերտայնության հասկացություն։ Դա նշանակում է, որ հագնում եք ոչ թե մեկ շատ հաստ բաճկոն, այլ մի քանի շերտ հագուստ, որոնցից ամեն մեկն ունի իր դերը: Սովորաբար բաղկացած է լինում երեք շերտից, շատ ցուրտ պայմաններում՝ չորս կամ հինգ: Առաջին շերտը դա թերմո ներքնազգեստն է, որը մարմինը պահում է չոր: Երկրորդը՝ ֆլիսե բաճկոնը, այս շերտը հիմնական տաքությունն ապահովողն է: Երրորդը՝ քամուց և ջրից պաշտպանող բաճկոնը, որը նույնպես կարող է տաքացնող բաղկացուցիչ ունենալ:
Առավել մանրամասն անհրաժեշտ պարագաների ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ: