Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը գիտահետազոտական բաժնի վարիչ Գոհար Ավագյանի հետ համատեղ 2014-ին Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ ստացավ՝ «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» (1916-1917թթ.) փաստաթղթերի եռահատոր հայերեն եւ նույնանուն անգլերեն հատընտիր ժողովածուների համար:
«Միշտ ինձ ասում էին` ներկայացրո՛ւ մրցանակ ստանալու համար… Անկեղծորեն ասեմ, ես ցանկանում էի, որովհետեւ Գոհար Ավագյանը հսկայական աշխատանք է կատարել, ուզում էի՝ ինքը արժանանար, վերջին հաշվով, մրցանակը նաեւ ֆինանսական միջոց էր, գտնում էի, որ արժանի է: Որոշեցինք ներկայացնել… 2014-ին, երբ ստացանք այդ մրցանակը, մեզ համար շատ հաճելի էր, հանձնաժողովը համարյա միաձայն էր կարծիք արտահայտել»,- պատմեց Ամատունի Վիրաբյանը:
Նա նաեւ ասաց, որ սարսափելի ապրումներ է ունեցել ցեղասպանված մարդկանց մասին վկայություններն ուսումնասիրելիս. «2002-ից մենք սկսեցինք մի աշխատանք փաստաթղթերի հետ, որոնք երկար տարիներ արխիվային շղարշով էին պատված, գաղտնի ռեժիմում էին: Դրանք մարդկանց վկայություններն էին, որոնք իրադարձությունից 1-2 տարի հետո էին գրի առնվել՝ հիմնականում ծրագիրն իրականացնողների կողմից, քանի որ մարդկանց մեծ մասն անգրագետ էր: Մենք պարզեցինք, որ ոչ բոլոր վկայություններն էին պահպանվել: Իսկ որոնք պահպանվել էին, դժվար աշխատանք էր կարդալը։
Հոգեպես էլ էր դժվար, որովհետեւ երբ ընթերցում էինք այդ ոճիրների մանրամասնությունները, հաճախ գիշերները չէինք քնում: Մարդիկ մանրամասն նկարագրել են, գրի առնողն էլ գրում է, որ հուզվում է եւ չի կարողանում շարունակել: Նկարագրում է, թե ինչպես է իր զավակներին կորցրել, ինչպես են ամուսնուն տարել, մորթոտել, մեզ համար էլ էր բարդ: Երբ ձեռագիր նյութերը հավաքագրում ենք, բառեր կան, որոնք անընթեռնելի են, մի բառ ես երկու օր չարչարվեցի, մինչեւ հասկացա՝ դաժանության մեծագույն արտահայտությունն էր, մարդու օրգանի անվանում էր, չէի կարողանում ընթերցել, նկարագրվում էր, թե մարդու որ օրգանից են սկսել տանջել:
Ես նաեւ ինձ համար պարզեցի, թե ինչպես է իրականացվել ցեղասպանությունը: Վերնախավը, ոստիկանությունը, զինվորականությունը անձնական մասնակցություն չեն ունեցել: Դա իրականացրել են խաժամուժի, չերքեզների միջոցով»:
Ամբողջությամբ՝ aravot.am