Այս տարվանից սկսած առաջին անգամ ապրիլի 16-ը նշվում է որպես հայ կինոյի օր։ Մեր կինոն, հատկապես առաջին տասնամյակների ֆիլմերը, մասնավորապես, համր կինոժապավենները Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի խոսքով՝ մեծ արժեք ունեն։
«Կինոն առհասարակ հարուստ երկրների արտադրություն է։ Շատ կարեւոր է օրենք ընդունելն ու համատեղ արտադրություն սկսելը։ Ամերիկյան եւ եվրոպական ֆիլմերին չի զիջում հայկական համր կինոն։ Մենք պետք է ունենայինք այս օրը, որպեսզի ցույց տայինք, թե որտեղից ուր ենք հասել։ Հայկական կինոժառանգությունը դժբախտաբար երկար ժամանակ բարձիթողի վիճակում է եղել եւ պահպանման խնդիր ունի։ Համր կինոժապավենները թվայնացման կարիք ունեն։ Այդ ֆիլմերը աշխարհի բոլոր փառատոները մեծ ուրախությամբ կցուցադրեն»,- «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց Հ. Խաչատրյանը։
Կինոյի մասին օրենքին կինեմատոգրաֆիստների միության նախագահը շատ մեծ կարեւորություն է տալիս։
Վերամշակված օրենքի նախագիծը, որի վրա աշխատել են ոլորտում աչքի ընկնող փորձագետներ, միջազգային մասնագետներ՝ մի քանի ամիս առաջ է Ազգային ժողով ներկայացվել. «Կինոյի օրենքը, որ տասնյակ տարիներ չէր գործում, աշխատեց։ Համաշխարհային կինոարտադրողների հետ մեր հարաբերությունները հարթ չէին ընթանում, որովհետեւ առանց օրենքների հնարավոր չէր համատեղ կինոարտադրություն ստեղծել։ Կինո ստեղծելը ֆինանսական լուրջ հարաբերություններ է ենթադրում, օրենքներ են պետք։ Ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում նույնպես կինոն լուրջ քաղաքական գործիք է, զենք, որը պետք է անպայման գործի դնել։ Երիտասարդներին առաջ տանել, միջազգային համատեղ արտադրություններ ստեղծել։ Եթե օրենք ունենանք, շատ հեշտությամբ կկարողանանք այս ամենն իրագործել»։
Հարություն Խաչատրյանը նկատում է՝ ամբողջ աշխարհում է հիմա կինոյի, մասնավորապես, փառատոնային ֆիլմերի ճգնաժամ։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հետաձգվեցին բոլոր փառատոները, որոշներն էլ անցել են օնլայն գործելաոճի։ Գուցե հետաձգվի նաեւ «Ոսկե ծիրանը»։ Կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ ստեղծվել են մասնագիտական գիլդիաներ, որոնք օրենքի հաստատումից հետո, վերջապես, կսկսեն զբաղվել իրենց մասնագիտական իրավունքների պաշտպանությամբ։ Գիլդիաներն ամեն տարի ապրիլի 16-ին հանձնելու էին մրցանակներ. «Մրցանակներն արդեն պատրաստ էին։ Այսօր պետք է տեղի ունենար մրցանակաբաշխությունը, սակայն վիրուսի համավարակի պատճառով հետաձգեցինք։ Կորոնավիրուսը կինոյի եւ կինոփառատոնի առումով էլ դժվարություններ ստեղծեց։ Երիտասարդները պատրաստվում էին մասնակցել կինոփառատոների։ Հույս ունենանք, որ այս ամենի ավարտից հետո կկարողանանք վերադառնալ բնականոն աշխատանքի եւ կխոսենք լուրջ համագործակցությունների մասին»։
Խոսելով հայկական խորհրդային կինոյի հաջողությունների մասին՝ Խաչատրյանը նշեց, որ ԽՍՀՄ տարիներին աշխատելու մեկ ձեւ կար։ Աշխատում էին կոնկրետ պլանային ծրագրով։ Հայկական կինոստուդիային տրվում էր տարեկան 5-7 ֆիլմի արտադրության պատվեր։ Լուծվում էր արտադրության հարցը, սցենարների վրա տարվում էր շատ լուրջ աշխատանք։
Կինոարտադրողներն այն ժամանակվա համար ստանում էին բավականին մեծ գումարներ։ Հայ կինեմատոգրաֆիստները, Խաչատրյանի խոսքով, գրաքննությանն էլ էին սովորել, շրջանցելու ճանապարհը դարձել էր կինոլեզվի մի նոր տեսակ։ «Մեր կինոյի ձեւը շատ լավն է՝ պոետիկ է, սակայն արտադրությունն է քիչ։ Լուրջ ֆինանսական ներդրումներ են անհրաժեշտ։ Առհասարակ համաշխարհային կինոյի ձեւն է փոխվել։ Պետք է նաեւ մտածենք մասնագետներին արտասահման կրթության եւ վերապատրաստման ուղարկելու մասին։ Հայկական կինոդպրոցները շատ հնացած են»,–նկատում է կինոգործիչների միության նախագահը։
Հ. Խաչատրյանն անդրադարձավ նաեւ թատրոնի եւ կինոյի դերասանի տարբերությանն ու առանձնահատկությանը. «Դերասաններն առաջին հերթին կայանում են թատրոնում, կինոյում, լավ դերասանը կախված է ռեժիսորից։ Թե ինչպես կխաղա դերասանը՝ ռեժիսորի գործն է։ Անհայտ թատրոնի մի դերասան՝ խաղալով կինոյում մեծ դեր, ամբողջ աշխարհին կարող է հայտնի դառնալ իր հետաքրքիր կերպարով, միգուցե այդպես թատրոնում չխաղա։ Կինոյի դերասանի ճանապարհն այլ է։ Փոխվեցին ժամանակները, կինոյի ձեւն էլ փոխվեց։ Աշխարհում այսօր դիտարժան են դարձել արկածային, ֆանտաստիկ, համակարգչային, գրաֆիկ ֆիլմերը։ Անցան այն ժամանակները, երբ ընդունելի էր թատերական կինոն։ Փոխվել է ամեն ինչ, մեծ գումարներ եւ տեխնիկական զարգացվածություն է պահանջվում»։
Միշտ մրցակցային, լավ վիճակում է եղել հայկական վավերագրական կինոն։ Հայ վավերագրողները, Հ. Խաչատրյանի ձեւակերպմամբ, շատ լավ «աչք» են ունեցել։
Լիանա Սարգսյան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ