Երկմտանքի մեջ էի, երբ ստացա Յան Վերներ-Մյուլլերի «Ի՞նչ է պոպուլիզմը» ուշագրավ գրքի հայերեն հիանալի թարգմանության համար կարճ նախաբան գրելու առաջարկը։ Իմ համեստ տատանումը մի քանի պատճառ ուներ։ Նախ՝ գրքի վերնագրում հարցական նշանը հռետորական իմաստ ունի, և հեղինակից լավ դա որևէ այլ փորձագետ չի հասկանա։ Ինչևէ, նա փորձել է այդ հարցին առավելագույն հստակությամբ պատասխանել գրքի վերջին գլխում՝ վարպետորեն համադրելով և երբեմն նաև հակադրելով պոպուլիզմն ու ժողովրդավարությունը։ Երկրորդ՝ իմաստավոր լինելու ու հաջողության հասնելու համար այսպիսի հիանալի աշխատանքի թարգմանությունը պետք է ոչ պակաս հրաշալի արված լիներ. այն պետք է ստիպեր մտածել ու լիներ օրիգինալին ներդաշնակ։ Ես եկա եզրակացության, որ սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ ներդաշնակությունը հաստատապես ապահովվել է։ Թարգմանիչը դարձել է հեղինակի հետ համաստեղծող՝ մնալով օրիգինալին հավատարիմ, բայց միշտ գիտակցելով հնարավոր իմաստների բազմազանությունը, ասես մշտապես զսպելով ակնհայտ ակնարկները նոր դարաշրջանում քիչ հայտնի պատմություններին ու փոքր պետություններում տեղի ունեցած քիչ հայտնի պոպուլիստական դրվագներին։ Փոխարենը, հրատարակության ժամանակն ու թարգմանության ստեղծագործ ճշտակատարումն ընթերցողին հրավիրում են Վերներ-Մյուլլերի գաղափարների հետ ճախրել գերտերությունների ու գլոբալ խաղացողների վրայով ու սավառնել դրանցից անդին։ Գրքում ներկայացված պոպուլիզմի սահմանումները կարող էին հեշտությամբ տարածվել նաև Խորհրդային գերտերության ու Վարշավյան պակտի այլ երկրների մասնատման, նաև երկբևեռ աշխարհակարգի փլուզմամբ դե ֆակտո ու դե յուրե առաջացած երկրների վրա։
Նորանկախ պետություններում, ներառյալ Ռուսաստանում, նկատվում էր ժողովրդավարական արժեքներին նախանձախնդիր հանձնառություն, որը, սակայն, այդպես էլ չփոխակերպվեց պատշաճ կենսապայմանների ու հասարակական արժեհամակարգի, այլ վերաճեց պարզ պոպուլիզմի։ Այս առումով մեկ այլ հիշարժան գիրք էլ է գալիս միտքս, որը գըրվել է վաղուց և աշխարհում բոլորովին այլ իրավիճակում. 19- րդ դարավերջի՝ ֆրանսիացի խորաթափանց մտածող Էմիլ Ֆագեի «Անձեռնահասության պաշտամունքը» (Emile Faguet, Cult of Incompetence, 1912): Մեր օրերում ու դարաշրջանում այս գիրքը կարդացվում է ոչ իբրև անցյալի անկարևոր վերհուշ։ Այն ասես տեսիլային նախաբան լինի Յան Վերներ-Մյուլլերի «Ի՞նչ է պոպուլիզմը» գրքի համար։
Վերներ-Մյուլլերն իր գիրքը եզրափակում է պոպուլիզմի մասին յոթ թեզով։ Եզրափակելով իմ մեկէջանոց նախաբանը՝ ես կարծում եմ, որ նրա սահմանումը բաց է թողնված ևս մեկ կանխադրույթ ավելացնելու համար։ Իր նպատակներին հասնելու համար պոպուլիզմը մշտապես կարիք ունի համապատասխան գործիքի, որը կարելի է լայն իմաստով բնութագրել որպես հասարակության ինտելեկտուալ հավատք։ Այն հաճախ է կիրառվում համազգային ձգտումները և ինտելեկտուալ համոզմունքների վրա հիմնված նպատակները (ներառյալ հասարակական, քաղաքական ու տնտեսական բարեփոխումները) վերասահմանելու համար՝ այդ նպատակները վերածելով բարձրահունչ, անթերի ու հաղթական ազգային առաքելության։
Ինտելեկտուալ հավատքը, իհարկե, օքսիմորոն է թվում, քանի որ հավատքը չի կարող ինտելեկտուալ լինել։ Հավատքը, լինելով պոպուլիզմի անփոփոխ ուղեկիցը, կարելի է բնորոշել իբրև օժանդակ զգացողություն, բայց ոչ երբեք օժանդակ մտածողություն։ Ինչևէ, ինտելեկտուալ հավատքի ուժեղ ներկայությունը պոպուլիզմի և ժողովրդավարության միակ կոնցեպտուալ տարբերությունն է։ Կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում ինտելեկտուալ հավատքի վրա հիմնված պոպուլիզմի կողմնակի ազդեցությունները երեք մասից են կազմված՝ էյֆորիա, անմեղության կանխավարկած և հիասթափություն կամ հուսախաբություն։ Երկարաժամկետ հետևանքները կարող են տանել դեպի անտարբերություն ու ապատիա։ Պոպուլիզմի ամբողջ ժամանակագրության ընդհանուր վիճակը կարելի է բնութագրել որպես անձեռնահասության պաշտամունք։
Պարադոքսն այն է, որ առանց պոպուլիզմի ու նույնիսկ անձեռնահասության որոշակի չափաբաժնի չեն կարող լինել որևէ իրական առաջընթաց, բարեփոխում կամ հաջողված պետական շինարարություն։ Ինչևէ, ճոճանակի օրենքը պետք է միշտ զգոն պահի արկածախնդրության ոգին՝ թույլ չտալով, որ պոպուլիզմը երբևէ առավելության հասնի մեր նկատմամբ։
Ռուբեն Շուգարյան
Քաղաքագիտության թեկնածու,
Ֆլետչերի իրավունքի ու դիվանագիտության դպրոցի
հրավիրված դասախոս,
Իտալիայում ՀՀ դեսպան, 2005-2008 թթ.,
ՀՀ արտգործնախարարի տեղակալ, 2001-2005 թթ.,
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, 1993-1999 թթ