Մարտի երկրորդ շաբաթից սկսած, հաշված օրերի ընթացքում փակվեց այն ամենը, ինչ անվանում էինք իրական կյանքի բաղկացուցիչներ: Ստիպված եղանք առանձնանալ ոչ միայն մեր առօրյայից, աշխատանքային հաճելի ու տհաճ իրարանցումից, այլև միմյանցից, նույնիսկ հարազատներից: Մասշտաբները անսպասելի էին: Օրերի ընթացքում մատնվեցինք անգործության, որին, մեծ հաշվով, պատրաստ չէինք: Բայց մարդ արարածը հայտնի է իր հարմարվելու մեխանիզմներով, որոնք արագ օգնեցին մեզ փնտրել նոր ելքեր: Միակ մխիթարանքն ու ելքը վիրտուալ դաշտն էր:
Հիմա արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ իմ բոլոր մասնագիտական ու անձնական կապերը դարձել են վիրտուալ: Որևէ բան պլանավորելու հնարավորությունները սահմանափակվում են առցանց հանդիպումներով, առաջիկա նախաձեռնություններս նույնպես այդ ձևաչափի մեջ են: Բայց ես յուրահատուկ չեմ: Մենք շատ ենք: Մենք գրեթե բոլորն ենք, որ հայտնվել ենք զուգահեռ իրականության մեջ: Այն հոսուն է, անկայուն, սրընթաց: Նախորդ՝ կենդանի իրականությունը փլուզվել է: Մենք առցանցի բուռն ընթացքի մեջ ենք՝ դառնալով թվանշային իրականության տեսանելի մասնիկ, բայց մեր արժանապատվությունը, թույլ չի տալիս խոստովանել, որ սարսափելի շփոթված ենք:
Ինչ-որ սյուռեալ բան կա այս ամենի մեջ: Փոքր տարբերությամբ, բոլորս նստած, աշխարհին նայում ենք նույն պատուհանի՝ համակարգչի մոնիտորի միջով: Նայում ենք, ու ճգնում վերջապես բան հասկանալ: Մեր էլեկտրոնային փոստն ու սոցիալական ցանցերը անընդմեջ լցվում են առցանց տեղի ունեցող իրադարձությունների հայտագրերով: Տրամաբանական է թվում նաև այն, որ երաժշտական, թատերական ու տեսողական արվեստի կենտրոնները/կոլեկտիվները/անհատները ի ցույց են դրել (այն էլ, մեծ մասամբ անվճար) տարիներով պահած, փայփայած աշխատանքները, կամ էլ տեղում արագ մի բան հորինում են: Այնպիսի զգացողություն է, որ COVID19-ի թեթև ձեռքով արվեստն ու մշակույթը երկաթյա մի վանդակ են ընկել, ու հարգալից ժպիտը դեմքներին պատից պատ են խփում իրենց, ու համբերատար ելքեր փնտրում:
Օբյեկտիվ պատճառներով հետզհետե մշուշի մեջ է մնում արվեստի վերլուծական, կոնցեպտուալ, ժամանակի խնդրահարույց հարցեր առաջ բերող, փնտրող, փորձարկումներ անող կողմը: Հիմա մենք մեկ խնդիր ունենք՝ հաղթել վարակին, և առանձնապես սիրտ չունենք վերադառնալ այն արվեստին, որը սոցիալական է, քաղաքական ու հասարակական: Աչքներիս առաջ արվեստը վեր է ածվում բացառապես զվարճանքի մեքենայի, մի տեսակ Արվեստի Նեթֆլիքսի:
Եվ մինչ մեր թվանշային պատուհանը հրամցնում է տարատեսակ որակյալ ու անորակ իրողություններ, մենք՝ մշակույթի ասպարեզի մարդիկ, բաժանվել ենք երկու մասի՝ նրանց, ովքեր համարում են, որ համաճարակով հրահրված արտակարգ մոտեցումները ժամանակավոր բնույթ ունեն, և վաղ թե ուշ (պատվաստանյութի ներդրմամբ, նախրային իմունիտետի ձեռքբերմամբ…) ամեն ինչ կվերադառնա նախկին հունին ու մենք կկարողանանք իրականացնել մեր հետաձգված նախագծերը, և նրանց, ովքեր քիչ հավանական են համարում, որ մոտակա տարիներին մենք կվերադառնանք կյանքի նախկին ձևաչափին: Այդ խումբը կարծում է, որ հընթացս տեղի է ունենում մշակութային արտադրության հիմքերի արմատական մուտացիա, և անհնար է ասել, թե ժամանակի ընթացքում ինչ փոխակերպումների կհանգեցնի այն: Այդ հանկարծաշրջումը սկսվել է վիրուսով, բայց ավելի ևս խորանալու է դրան հաջորդող տնտեսական ճգնաժամով:
Ես ինձ, թերևս, այս խմբին եմ դասում:
Վտանգավորն այն է, որ առցանց այս վակխանալիան նպաստում է մեր աչքի ու մտքի բթացմանը, ապագայի տեսանելիության վատթարացմանը: Ավելի ու ավելի դժվար է դառնում արձանագրել, որ այս «տանը մնա, առցանց ծրագիր արա, ձեռքերդ լվա»-ի կամ «անվերջ կրթվի, կինո, թատրոն նայիր, զվարճացի»-ին զուգահեռ եկել ու հետզհետե ավելի խորանալու է տնտեսական ճգնաժամը, որը համընդանուր իներցիոն թոհուբոհի մեջ արդեն իսկ ցույց է տալիս իր անխնա ճիրանները:
Ինչպե՞ս է ապրում մշակույթի պետական սեկտորը
Կարճ դադարից հետո նախարարությունը սկսեց ակտիվանալ: Ակնհայտ էր, որ արվեստն ու մշակույթը պետք էր ինչ-որ ձևերով ներկա պահել՝ հասանելի ձևերի մեջ: Փորձեր արվեցին վերանայել ու ցուցադրել պաշարած նախկին բովանդակություններ՝ անցյալի համերգներ, ներկայացումներ, (ինչը ոչ միշտ է հնարավոր՝ դրանց անորակ տեխնիկական լուծումների պատճառով): Հետո գործի անցան պետական կառույցների ղեկավարներն ու սկսվեցին տարատեսակ կրթա-լուսավորչական ծրագրերը: Այս ամենը այս մեծ կոլեկտիվների աշխատանքի մի փոքր մասն է միայն, և ակնհայտ է, որ չի կարող փոխարինել նրանց հիմնական առաքելությանը: Սա հարկադրական վայրէջք է:
Ֆինանսական իրադրությունը – Ուրախությամբ պիտի նշենք, որ, չնայած դե ֆակտո անգործությանը, պետությունը պահպանել է այս կոլեկտիվների աշխատավարձերը: Սա ոչ միայն մարդասիրական, այլև պրոֆեսիոնալ մոտեցում է, քանի որ անգործ մնալու դեպքում մարդիկ կսկսեն ապրուստի այլ միջոցներ փնտրել, իսկ լուրջ անձնակազմ (staff) հավաքելը ժամանակատար, լուրջ ու պատասխանատու խնդիր է: Քանդելը հեշտ է, հավաքելը՝ ոչ:
Ամբողջությամբ՝ hetq.am